Ինչպես բեռնաթափել բակերը

01/06/2008

Արձագանքելով Երեւանի տարբեր համայնքների համատիրությունների կողմից հնչած առաջարկներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի համատիրությունների ներկայացուցիչների հետ: «Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի կառավարության, քաղաքապետարանի մակարդակով կայացված որոշումներն իրականացվեն, ընդունված օրենքները կատարվեն»,- նշել է Ս. Սարգսյանը` կարեւորելով բնակիչների ինքնակազմակերպման, համերաշխ ապրելու, ընդհանուր նպատակ ունենալու խնդիրը` շենքի, փողոցի, համայնքի մակարդակում: Երկրորդ խնդիրը, ըստ Ս. Սարգսյանի` անխնա վերաբերմունքն է բնակարանային ֆոնդի նկատմամբ: Նա մտավախություն է հայտնել, որ եթե բազմաբնակարան շենքերի բնակարանատերերը չհասկանան, որ իրենք միասին հանդիսանում են այդ շենքի սեփականատերը, լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ս. Սարգսյանն այս հիմնահարցերի շուրջ անկեղծ խոսակցության կոչ է արել` նկատելով, որ սա ոչ միայն փողոցի կամ բակի, այլ քաղաքի, Երեւանի խնդիրն է: «Առանց համատիրությունների, առանց դրանց կարեւորության գիտակցման, մենք չենք կարող Երեւանը դարձնել ավելի հարմար, ավելի գրավիչ ուրիշների համար»,- ասել է նա: Նշելով, որ որոշակի առաջարկություններ կան, թե ինչպես կարելի է բակերը բեռնաթափել, ավտոտնակները, եղած կառույցները քչացնել, Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ սրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է բոլորիս ցանկությունն ու պատրաստակամությունը: «Մենք պետք է խրախուսենք, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան ինքնակազմակերպվել եւ սոցիալական վիճակի բարելավմանը զուգընթաց՝ լուծել նաեւ այլ խնդիրներ»,- ընդգծել է Ս. Սարգսյանը: