Վերջին տարիներին մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. հետխորհրդային երկրներում գործող իշխանությունների դեմ ընդդիմության նախաձեռնած կազմակերպված եւ հետեւողական բնույթ կրող ցանկացած գործընթաց դիտարկվում եւ ներկայացվում է կա՛մ «գունավոր հեղափոխության», կա՛մ «պետական հեղաշրջման» փորձի պրիզմայով:
Սովորաբար «գունավոր» սցենարների մասին իշխանությունները սկսում են խոսել նախընտրական գործընթացների այն փուլից սկսած, երբ հանկարծ պարզվում է, որ սպասվածին հակառակ՝ ընտրությունների վերջնական արդյունքներն ամենեւին էլ կանխորոշված չեն: Անգամ բնակչության մոտ վստահության պատկառելի պաշար ունեցող Ռուսաստանի եւ Բելառուսի իշխանությունները ժամանակ առ ժամանակ իրենց ընտրազանգվածի զգոնությունը «թարմացնում են» «գունավոր հեղափոխական» վտանգի մռայլ հեռանկարներով: Միեւնույն ժամանակ, գործող իշխանությունների համար «կայուն եւ անընդհատ բարգավաճող» ներկայացվող սեփական երկրներում «դրսից կազմակերպված» «գունավոր հեղափոխության» գործոնը հարմար պատճառաբանություն է, որպեսզի քիչ թե շատ տրամաբանական բացատրություն տան մինչեւ անգամ զինված բախումների հասնող գործընթացներին։ Այս առումով, «գունավոր հեղափոխությունները» նույնիսկ սկսում են աստիճանաբար ստվերում թողնել բոլոր գործընթացների վրա «հրեամասոնական» խարդավանքների ազդեցության մասին «հավերժական» տեսությունը: Թեպետ, պետք է նկատենք, որ Հայաստանում այս օրերին այդ երկու ուղղությունները փորձում են համադրել եւ ներկայացնել որպես մեկը մյուսից ուղղակիորեն բխող երեւույթ: Ինչեւէ, հետընտրական Հայաստանում, ինչպես դժվար չէր կանխատեսել` նույնպես բանավիճում են, այսպես կոչված, «չստացված» հայկական «գունավոր» հեղափոխության շուրջ: Ինչպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների դաշտում գտնվող այլ երկրներում, Հայաստանում նույնպես ապրիորի ենթադրվեց, որ «երգ ու պարի» հեղափոխության պատվիրատուները եւ սցենարիստներն արեւմտյան ինչ-ինչ շրջանակներ են, այն իրականացնողները` բնականաբար, արմատական ընդդիմությունը։ Հեղափոխության անմիջական «թիրախը» Հայաստանի Հանրապետությունն է, իսկ լայն իմաստով` նախեւառաջ Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ռազմավարական շահերը: Հայաստանյան գործընթացներին ներգրավված վերոնշյալ ակտիվ մասնակիցների եւ «թիրախների» պարագայում դժվար չէ ենթադրել, որ հայկական «գունավոր» հեղափոխության նպատակը ՀՀ իշխանական վերնախավի կողմից առնվազն վերջին 10 տարվա ընթացքում որդեգրված աշխարհաքաղաքական «վեկտորի» ուղղությունը փոխելն է: Այն ներառում է եւ՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումների շուրջ հայաստանյան դիրքորոշումների որոշակի փոփոխումն ու ռազմաքաղաքական նախապատվությունների վերանայումը, եւ՛ ՀՀ տնտեսաքաղաքական ոլորտում արեւմտյան ազդեցության մակարդակի կտրուկ ավելացումը, եւ՛ շատ այլ կարեւորագույն հարցեր:
Ինքնին հասկանալի է, որ «ներքեւից» «գունավոր հեղափոխություն» իրականացնելու անհրաժեշտություն առաջանում է միայն այն դեպքում, երբ գործող իշխանությունները հրաժարվում են կամ ի վիճակի չեն բոլոր առումներով արմատական փոփոխություններ կատարել «վերեւից»: Այդպես է եղել վերջին տարիներին հեղափոխական բովով անցած թերեւս բոլոր երկրներում։ Հայաստանյան նման զարգացումներում, սակայն, բավականին հետաքրքիր առանձնահատկություն է սկսում նկատվել: Բանն այն է, որ ընդդիմության հեղափոխական շարժումը կասեցնելուց հետո հայաստանյան նոր վարչախումբը զարմանալի հետեւողականությամբ սկսեց իրականացնել հենց այն, ինչը, ըստ իշխանական քարոզչամեքենայի, նպատակադրվել էր կատարել «դրսից ուղղորդվող» արմատական ընդդիմությունն իշխանության գալուն պես: Ըստ էության, ՀՀ նորացվող վարչակազմն իր մոտ մեկուկես ամսվա գործունեության ընթացքում կայացրած մի քանի որոշումներով եւ գործնական քայլերով «գունավոր» սցենարների հեղինակներին հասկացնել է տալիս, որ նոր վարչախումբը պատրաստ է որոշակի եւ անգամ արմատական շտկումներ մտցնել վարվող քաղաքականության մեջ` ընդհուպ մինչեւ աշխարհաքաղաքական նախապատվությունների որոշակի վերանայումը: Այս առումով «դեպի դուրս» ուղղված առաջին եւ բավականին առարկայական հաղորդագրությունը նոր ձեւավորված կառավարության կազմում միջազգային ֆինանսաքաղաքական կազմակերպությունների (առաջին հերթին՝ ավանդաբար անգլո-ամերիկյան ֆինանսաքաղաքական ազդեցիկ շրջանակների վերահսկողության տակ գտնվող Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) եւ Համաշխարհային բանկի) հովանավորյալների կամ առնվազն նրանց կողմից ընկալելի գործիչների ընդգրկումն էր: Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է նոր վարչապետին եւ ՀՀ տնտեսական քաղաքականությունը մշակող գերատեսչությունների ղեկավարներին` էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարներին: Ի լրումն սրա՝ նախագահական նստավայրում հայտնվեց «բրիտանական պրոյեկտ» համարվող, հիմնականում «հարվարդյան» եւ «լոնդոնյան» «տղաներից ու աղջիկներից» ձեւավորված ՄԻԱԿ կուսակցության կադրային «դեսանտը»` ի դեմս ՀՀ նախագահի օգնականի եւ մամլո քարտուղարի: Այս հանգամանքը որոշակիորեն ցույց է տալիս, որ հետընտրական այս ժամանակահատվածում հստակ աշխարհաքաղաքական նախասիրություններ ունեցող նման կադրերի հայտնվելը ՀՀ պետական ամենաբարձր եւ ազդեցիկ պաշտոններում լավ հաշվարկված ու թերեւս նաեւ համակարգային բնույթ է կրում: Պետք է նկատել, որ «դրսի» գործընկերները կարծես ուղարկված «մեսիջներին» ըմբռնումով են մոտենում ու նույնիսկ հասցրել են պատասխան «ռեւերանսներ» անել: Բառացիորեն օրերս ՄԱՀ-ի կողմից որոշում ընդունվեց ՀՀ-ին տրամադրել «Աղքատության կրճատմանը եւ տնտեսական աճին սատարող» վարկային ծրագրի 5,4 միլիոն ԱՄՆ դոլար կազմող վերջին մասնաբաժինը: «Հազարամյակի մարտահրավերների» եւ այլ արեւմտյան ծրագրերի դադարեցման կամ կրճատման սպառնալիքների ֆոնին նման «անսպասելի» առատաձեռնությունն, իրոք, շատ խոսուն փաստ է: Ավելին, ՄԱՀ-ի գործադիր տնօրենների ներկայացուցիչ Մուրիլո Պորտուգալի հայտարարությունից նույնիսկ պարզվեց, որ «Հայաստանում աղքատությունը կրճատվում է բարձր տեմպերով սղաճի ցածր ցուցանիշի պայմաններում»: Բացի այդ, նա հատուկ նշեց, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են ՄԱՀ-ի հետ նաեւ հետագայում սերտորեն համագործակցելու հարցում: Հատկանշական է, որ օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չ. Լոնսդեյլը նույնպես հայտարարեց, որ «Մեծ Բրիտանիան մտադիր չէ կրճատել իր ծրագրերը Հայաստանում», բայց եւ չմոռացավ շեշտել, որ, այնուհանդերձ, ամեն ինչ «կախված է լինելու հայաստանյան ներքաղաքական զարգացումներից եւ տնտեսական հաջողություններից»: Այնուամենայնիվ, գրեթե որոշված է, որ անգլիացիներն աջակցելու են Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագրերին եւ գուցե նաեւ կառավարության կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմանը: Յուրահատուկ «գունավոր հեղափոխություն» է սկսվել նաեւ ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում: Օրերս Հայաստանի Ազգային ժողովի հաստատմանն էր ներկայացվել նախագիծ, որով նախատեսվում է ի լրումն Կոսովոյում 34 հայ զինծառայողների, այնտեղ գործուղել նաեւ ՀՀ զինված ուժերի լրացուցիչ հրաձգային վաշտ: Ըստ այդմ, Կոսովոյում հայ զինծառայողների թվաքանակն ավելացվեց մինչեւ 70 զինվորականի, ինչը, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, պայմանավորված է ռազմաքաղաքական եւ ռազմական գործոններով: Ինչպես իր ելույթում նշեց պաշտպանության նախարարը, մինչեւ 2015 թվականը Հայաստանն ունենալու է ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան խաղաղապահ բրիգադ, իսկ այդ ճանապարհին Կոսովոյում հայկական խաղաղապահների թվաքանակի մեծացումն առաջին քայլն է: Նրա խոսքով, ներկայումս Կոսովոյում խաղաղապահ մանդատը ՄԱԿ-ի ենթակայությունից անցել է ՆԱՏՕ-ին, ինչի հետեւանքով որոշ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ են կանչել իրենց խաղաղապահներին: Հայաստանը, սակայն, պարզվեց՝ չի պատրաստվում գնալ նման քայլի: Ավելին, պարզվեց, որ Իրաքում հայ զինվորականների թվի շուրջ նույնպես քննարկումներ են եղել, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Բայց դատելով ներկայումս որդեգրած ՆԱՏՕ-ացման քաղաքական կուրսից՝ այս հարցի դրական լուծումն էլ սարերի հետեւում չէ: Ի դեպ, առանձնակի ուշադրության է արժանի նաեւ այսօրվա իշխանությունների առավել քան «նուրբ» վերաբերմունքը ժամանակին պաշտոնապես հենց իր ՆԱՏՕ-ամետ եւ արեւմտամետ հայացքների համար իշխանությունից վտարված Արթուր Բաղդասարյանի ու նրա կուսակցության նկատմամբ: Բանը հասավ նրան, որ անգլիացի դիվանագետների հետ «մտերմիկ զրույցներ» վարելու սիրահար Ա. Բաղդասարյանը ոչ միայն այսօր արդեն իսկ առնչվում է ՀՀ պետական գաղտնիքներին, այլեւ կարողացավ իր կուսակցության համար ԱԺ-ում լրացուցիչ երեք նոր հանձնաժողով «բացել տալ»:
Գուցե ոմանց թվա՝ ներկայացվածն իրար հետ որեւէ կապ չունի։ Եվ ժամանակավրեպ է հեռուն գնացող որեւէ եզրակացություն անել, առավել եւս՝ պնդել «գունավոր հեղափոխության» նպատակները «վերեւից» աստիճանաբար իրականացնելու մասին: Բայց մի բան հաստատ, թերեւս, կարելի է պնդել. նման «դրվագներն» արդեն աննկատ չեն մնում նաեւ մեր «ռազմավարական դաշնակցի» համար: Եվ դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ Ռուսաստանի իշխանական վերնախավին մոտ կանգնած որոշ ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակումներին, ինչպես նաեւ՝ այդ նույն շրջանակների հետ իրենց ամեն գործողությունը սովորաբար համաձայնեցնող մոսկովյան հայ համայնքի որոշ ղեկավարների հայտարարություններին: