Պատասխան-արձագանք

01/06/2008

Երեկ Նոր Նորք համայնքի Սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետ Ալինա Ռաֆայելյանը` արձագանքելով մեր թերթի թիվ 52 համարում հրապարակված` «Մամաս մենակ ա, բան չի հասցնում» հոդվածին, մեզ է տրամադրել տեղեկանք, ըստ որի` Նոր Նորքի ուս.ավանի հանրակացարանի սենյակներից մեկում հանգրվանած Ալինա Ավդալյանը 2008թ. մարտ ամսից ստանում է նպաստ, իսկ ինչ վերաբերում է սննդային օգնությանը, ապա` Ա. Ավդալյանը չէր կարող մարտ ամսին այն ստանալ, քանի որ «օգնությունը տրվել է 2008թ. հունվար ամսվա տեղեկատվական բազայի հիման վրա»: «Հայտնում ենք Ձեզ, որ Ալինա Ավդալյանը դիմել է հաշվառվելու Նոր Նորքի Սոցիալական ծառայություններ տրամադրող բաժին 27.02.2008թ.։ 2007թ. մարտ ամսին նրա ընտանիքը Եղեգնաձորից տեղափոխվել է Նոր Նորքի 2 զանգվածի ուսանողական ավանի 2 մ/շ 811 սենյակ։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար նա խնդիրներ է ունեցել հանրակացարանի պարետի հետ, բնակավայրից տեղեկանք վերցնելու համար, քանի որ Ա. Ավդալյանը մշտապես չի բնակվել այդ սենյակում, որի սեփականատերը ինքը չէ։ Մեր ծառայության անմիջական միջամտությամբ 2008թ. փետրվար ամսին Ա. Ավդալյանը վերցրել է բնակության վայրից տեղեկանքը եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացրել Նոր Նորքի Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին։ Փաստագրման արդյունքում ընտանիքների անապահովության աստիճանը գնահատող միավորը կազմում է 44.39, որի արդյունքում քաղաքացի Ա. Ավդալյանի ընտանիքը 2008թ. մարտ ամսից ստանում է ընտանեկան նպաստ` 19.000 դրամ գումարի չափով։ Մարտ ամսին հատկացված սննդի ցուցակներում նրա ընտանիքը չէր կարող ընդգրկվել, քանի որ օգնությունը տրվել է 2008թ. հունվար ամսվա տեղեկատվական բազայի հիման վրա»,- ասված է Նոր Նորք համայնքի ՍԾՏԲ-ի պետի տրամադրած տեղեկանքում: