Տոնավաճառ-համերգ՝ ի նպաստ երեխաների

01/06/2008

«Հայ օգնության ֆոնդն» ունի Երեխաների աջակցության կենտրոն (գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում), որը հունիսի 1-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպելու է «Լավագույնը երեխաներին» միջոցառումը։

Այդ միջոցառումը անվանվել է «աննախադեպ» եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ համընկնելով, ըստ կազմակերպիչների՝ պետք է օգնի կարիքավոր երեխաներին ու նպաստի մեր հանրապետությունում բարեգործության մշակույթ ձեւավորելու գործին։ Կենտրոնը «Մայր Հայաստան» արձանի մոտ ժամը 17:00-20:00-ն տոնավաճառ է անցկացնելու, որին որպես տարաբնույթ ապրանքների (հիմնականում՝ պաղպաղակ, հյութեր ու քաղցրավենիք) վաճառողներ՝ հանդես կգան շոու-բիզնեսի եւ արվեստի ոլորտի անձինք։ Եվ բոլորը հատուկ գոգնոցներով ու համազգեստով կլինեն։ Վաճառվելիք ապրանքները տրամադրել են հայ խոշոր գործարարներն ու հովանավորները։ Կկազմակերպվի նաեւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Իսկ ավելի ուշ տեղի կունենա շոու-բիզնեսի ներկայացուցիչների համերգը։

Սփյուռքի բարերարների շնորհիվ, 2000 թվականից սկսած, Հայաստանում գործում է Երեխաների ընդունման ու կողմնորոշման կենտրոնը, որը հետագայում վերանվանվել է՝ Երեխաների աջակցության կենտրոն, ու հիմնադրամի կարգավիճակ է ստացել, անցյալ տարի ստեղծել է նաեւ «Բարեկամների խորհուրդը»։ Այդ կենտրոնն աջակցում է անօթեւան, ծնողազուրկ, մուրացկանություն անող կամ ընտանիքում բռնությունների ենթարկված երեխաներին։ Լքված երեխաների քանակը, ըստ կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանի՝ բավականին մեծ է։ «Եվ եթե մենք չենք տեսնում անխնամ ու թափառաշրջիկ երեխաներին մեր փողոցներում, դա դեռ չի նշանակում, որ նրանք չկան»,- ասաց նա։

Կենտրոնի տնօրենը կոչ արեց բոլոր երեխաներին՝ զանգահարել իրենց «Թեժ գծի» շուրջօրյա հեռախոսահամարով՝ 24-15-80, ու խոստացավ, որ իրենք անպայման վտանգի մեջ գտնվող երեխաներին օգնության կհասնեն, եթե նույնիսկ այդ ահազանգերը ստացվել են Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր՝ «նույնիսկ սահմանամերձ» շրջաններից։

Ընտանիք-հասարակություն-աջակցություն շղթայում երեխան ամենախոցելի օղակն է, որի համար ամենակարեւոր պաշտպանն ընտանիքն է։ «Օգնել, բայց չվնասել» սկզբունքը կենտրոնը տարբեր կերպ է փորձում կյանքի կոչել։ «Մենք փորձում ենք երեխայի համար գտնել ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց Մ. Անտոնյանը։ Իրենց գործը շարունակելու համար կենտրոնը որոշել է հովանավորներ գտնել ու համալրել ֆինանսական հոսքերը։ «Մենք օգնության խողովակ ենք լքված ու բռնությունների ենթարկված երեխաների համար։ Մենք պետք է փորձենք ավելին անել ու կանխել բռնությունները»,- ասաց կենտրոնի տնօրենը։ Կենտրոնը ուշադրություն է դարձնում նաեւ կրթությունից դուրս մնացած ու ստիպված աշխատելու մղված երեխաներին։ «Այն երեխային, որն աշխատում է, մենք չենք կարող արգելել աշխատել, քանի որ հաճախ նրա աշխատանքից է կախված ընտանիքի եկամուտը։ Մենք փորձում ենք ալտերնատիվ աշխատանք առաջարկել այդ ընտանիքին»,- ասաց տնօրենը։

Նշելով հունիսի 2-ի անցկացվելիք միջոցառման թափն ու ուղերձը, կենտրոնը ցանկանում է «համախոհներ գտնել՝ իրագործելու համար իր հայրենանվեր ծավալուն ծրագրերը»։ Իսկ ասուլիսին ներկա հայկական շոու-բիզնեսի «աստղիկ» Հրաչուհի Ութմազյանը, ով այդ միջոցառման վարողներից մեկն է լինելու, ցանկացավ անպայման ավելացնել, որ ինքը ցավով է տեսնում, երբ իր տարիքի կամ էլ ավելի փոքր տարիքի աղջիկներն ու տղաներն անօթեւան են մնում ու ստիպված մուրացկաններ են դառնում։ «Թող բոլորը մեզանից օրինակ վերցնեն»,- սա էլ այս միջոցառմանը սատարող շոու-բիզնեսի ներկայացուցիչների ուղերձն է։

«Հաղթանակ» զբոսայգին, որն ընդհանրապես ամառային օրերին միշտ լեցուն է երեխաներով ու նրանց ծնողներով, այդ օրը հաստատ այցելուների ռեկորդ կսահմանի։ Շոու-վաճառքը միշտ օգնում է այցելուների ուշադրությունը գրավել։