«Համաշխարհային բանկը 1,2 մլրդ դոլար է հատկացնում պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ 200 միլիոն դոլար՝ որպես դրամաշնորհներ ամենաաղքատ երկրներին»,- ասված է ՀԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, ըստ հաղորդագրության` Համաշխարհային բանկը 2009թ. աշխարհի գյուղատնտեսությանը ցուցաբերվող աջակցությունը 4 միլիարդից կավելացնի մինչեւ 6 մլրդ դոլար: Նաեւ բերքերի ապահովագրման մեխանիզմներ կգործարկվեն ամենաաղքատ երկրներին ու մանր մասնավոր արտադրողներին պաշտպանելու համար: ՀԲ-ի ղեկավար Ռոբերտ Զելիկի հավաստմամբ` այդ նախաձեռնությունները թույլ կտան օգնել 2 միլիարդ մարդու, որոնց սով է սպառնում: 1,2 միլիարդ դոլարի չափով միջոցները կուղղորդվեն «անհետաձգելի կարիքներին», ինչպիսին է, օրինակ, դպրոցական ճաշերի ծրագիրը: Բացի այդ, միջոցները կօգտագործվեն սննդամթերքի արտադրությանն աջակցելու համար. ֆերմերներին կտրամադրվեն սերմեր, պարարտանյութեր, նրանց կօգնեն բարելավելու ոռոգման համակարգերը: