Հայրեր եւ որդիներ

01/06/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Պապը, թոռն ու քեռին

Ոչ մի ծնող զավակի մահը չի ցանկանա, ինչ է թե՝ կարող է ժառանգել նրա գույքի մի մասը: Բայց մահը մարդկանց սպասումներով ու ցանկություններով չի առաջնորդվում: Ու ստացվում է այնպես, որ երբեմն ծնողն է դառնում զավակի ժառանգը: Նման հանգամանքներում է, որ որոշ թոռներ հակադրվում են իրենց տատուպապերին: Մահացած զավակի ու ծնողի հիշատակը, սերը՝ նրա նկատմամբ, այլեւս ոչ թե միացնում, այլ տարանջատում են արյունակիցներին: Եվ ուժի մեջ մտած դատական ակտերն անգամ նրանց չեն հաշտեցնում, ուշքի չեն բերում, այլ ավելի են խորացնում առաջացած վիհը, ավելի են ընդգծում անհամաձայնությունը միմյանց նկատմամբ:

Երբ Քնարիկ Ա.-ն մահացավ, նրա հայրը, մշտապես հաշվառված, բնակվում էր դստերը պատկանող երկու բնակարաններից մեկում: Քնարիկի որդին, անտեսելով պապի իրավունքները, ըստ օրենքի` ժառանգության իրավունքի վկայական ստացավ սկզբում՝ մի, ապա՝ երկրորդ բնակարանի նկատմամբ:

Եթե ներընտանեկան մթնոլորտը խաղաղ լիներ ու պապիկի իրավունքներն անտեսված չլինեին, դժվար թե պապիկը հայցով դիմեր դատարան՝ թոռանը տրված ժառանգական իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու եւ իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Այնուամենայնիվ, բարոյական առումով չհարմարվելով թոռան հետ դատական վիճաբանության մեջ մտնելու մտքի հետ, պապիկը հետագայում ընդառաջ գնաց թոռանը, հրաժարվեց իր հայցից: Կարծես թե ընտանիքում պիտի որ խաղաղություն հաստատվեր, ու վիճելի հարցն այլեւս չբարձրացվեր: Սակայն պապիկն էլ իր զավակն ուներ, առաջին հերթին՝ իր ժառանգը:

Պապիկի մահից հետո ստացվեց այնպես, որ նրա որդին ու վերոհիշյալ թոռան քեռին, նույն ինքը՝ պապիկի առաջին հերթի ժառանգը, ցանկացավ տեր կանգնել սեփական իրավունքներին, ժառանգել հորը պատկանող գույքը: Եվ դարձյալ հայցով դիմեց դատարան՝ քրոջորդու անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, իրեն՝ հոր ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ: Քաղաքացիական գործի դատական քննության արդյունքում Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը հայցը բավարարեց: Պատասխանող կողմի վերաքննիչ բողոքով գործը քննեց նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւ հայցն արդեն բավարարեց մասնակի. քրոջորդուն տրված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչեց արդեն ոչ թե մեկ-երկրորդ, այլ՝ մեկ քառորդ մասով ու այդ մասի նկատմամբ ճանաչեց քեռու իրավունքները՝ որպես հոր ժառանգությունն ընդունած ժառանգի: Հիմա արդեն դժգոհ մնացին թե՛ հայցվոր, թե՛ պատասխանող կողմերը: Յուրաքանչյուրն իր տեսակետը պաշտպանող վճռաբեկ բողոք ներկայացրեց:

Ներընտանեկան ալեկոծումներ

Արտաքուստ շատ բարեկեցիկ ընտանիքներ կան, որ իրենց խորքում բզկտվում են գույքային անհամաձայնություններից: Ո՞վ՝ ո՞ւմ ժառանգն է, ո՞ւմ՝ ինչքա՞ն գույք պիտի բաժին ընկնի, վերջապես՝ ո՞ւմ իրավունքներն են վերականգնելի. հարցեր, որոնց բավարար պատասխանները երբեմն ներընտանեկան քննարկումների ընթացքում, փոխադարձ համաձայնությամբ ձեռք չեն բերվում, ու դատական ատյաններն էլ, պատահում է, հակասական լուծումներ են տալիս:

Հարազատ մարդիկ միմյանց դեմ են ելնում, հայտնվում թշնամի ճամբարներում ու ցանկացած հանգուցալուծման պարագայում չեն հաշտվում ոչ միայն օրենքի, այլեւ միմյանց հետ՝ գույքային խնդիրները, փաստորեն, կարեւորելով ներընտանեկան սիրուց ու համերաշխությունից:

Ամեն դեպքում, սեփական իրավունքներին տեր կանգնելու տեսակետից շատ կարեւոր է օրենքների իմացությունը կամ, առնվազն, դրանք չանտեսելու կարողությունը:

Գույքային վեճերից ալեկոծվող յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի, սակայն իրավական հանգամանքներ կան, որ կրկնվում են համառ պարբերականությամբ, ու առավել հեռատեսները նախընտրելի կհամարեն սովորել ուրիշների սխալներից, ոչ թե անվերջ անկումներով անընդհատ կարյունոտեն սեփական ծնկները:

Ի՞նչ էր պահանջում տվյալ քաղաքացիական գործի կողմերից յուրաքանչյուրը: Պատասխանող կողմը, նույն ինքը՝ թոռը, պնդում էր, թե առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններն անտեսել էին այն հանգամանքը, որ ժամանակին պապիկը կամովին հրաժարվել էր իր հայցից: Ըստ պատասխանողի՝ կրկին անգամ նույն հայցով դատարան կարող էր դիմել միայն նույն հայցվորը, այսինքն՝ պապիկը: Սակայն վերջինս այլեւս ողջ չէ: Ու նրա որդին իրավասու չէ հոր հայցը վերստին ասպարեզ հանելու: Պատասխանողի համոզմամբ՝ հայցից հրաժարումը նշանակում էր հրաժարում՝ արդեն իսկ ընդունած ժառանգական գույքից: Այսինքն, երբ պապիկը ժամանակին հրաժարվել էր հայցից, դրանով իսկ հրաժարվել էր հենց ժառանգական գույքից: Ասել կուզի, որ նա արդեն սեփական որդուն ժառանգելու ոչինչ էլ չուներ:

Պատասխանողի կարծիքով՝ վերաքննիչ դատարանը չէր պարզել, թե արդյո՞ք առկա էր հայցվոր՝ սուբյեկտիվ իրավունքի, նյութական կամ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտություն՝ այն դեպքում, երբ նման իրավունքից օգտվելու ցանկություն չէր ունեցել այն անձը, ում իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս արդեն նրա մահից հետո:

Հայցվոր կողմն էլ իր վճռաբեկ բողոքում պնդում էր, թե վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով հանդերձ այն փաստը, որ իր հայրն ընդունել էր վիճելի ժառանգական գույքի կեսը՝ մեկ-երկրորդը, այնուամենայնիվ, քրոջորդուն տրված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր էր ճանաչել մասնակի՝ միայն մեկ քառորդ մասով:

Ինչի՞ց էր հրաժարվել հայցվորը

Վճռաբեկ դատարանը նախ քննության առավ այն հարցը, թե արդյոք հայցից հրաժարումը կարո՞ղ է դիտվել որպես հայցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարում:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվելու ժառանգությունից՝ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ ներառյալ այն դեպքում, եթե անգամ արդեն իսկ ընդունել է ժառանգությունը: Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով: Մինչդեռ տվյալ գործով պապիկը հրաժարվել էր իր դատական հայցից, բայց ոչ՝ ժառանգությունից, առավել եւս՝ ժառանգությունից հրաժարվելու մասին ոչ մի դիմում տվյալ վայրի նոտարին չէր ներկայացրել:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի մինչեւ դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Հետեւաբար, հայցից հրաժարվելը հայցվորի դատավարական իրավունքն է: Դրանով հայցվորն, ըստ էության, հրաժարվում է ոչ թե պատասխանողի նկատմամբ ունեցած պահանջից, այլ՝ քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության միջոցից: Եթե հայցվորը հրաժարվում է հայցից, դատարանը կարճում է գործի վարույթը: Բայց հայցից հրաժարումը հայցվորին չի զրկում նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից:

Պատշաճ հայցվոր

Վճռաբեկ դատարանն անհիմն համարեց պատասխանող կողմի պնդումը, թե հայցվորը պատշաճ հայցվոր չէ, քանի որ ժամանակին նրա հայրը չէր օգտվել իր իրավունքների ու շահերի պաշտպանության հնարավորությունից: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքն անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է ժառանգորդներին:

Նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի առաջին մասով՝ ժառանգության զանգվածի մեջ մտնում է ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ՝ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքներն ու պարտականությունները: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տվյալ գործով հայցվորը նախկին հայցվորի որդին է, առաջին հերթի ժառանգը, ուրեմն նրան էին անցել հորը պատկանող գույքային բոլոր իրավունքները, այդ թվում՝ արդեն իսկ ընդունած ժառանգական գույքի նկատմամբ իր իրավունքների ճանաչման հայցով դատարան դիմելու իրավունքը:

Ժառանգությունն ընդունած ժառանգը

Այս քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ հայցվորի հայրն ընդունել էր ժառանգական գույքի կեսը, միաժամանակ վճռել էր պատասխանողին տրված ժառանգական իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչել մեկ քառորդ մասով: Այսինքն, առկա էր անհամապատասխանություն՝ վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանական ու եզրափակիչ մասերում:

Ըստ վճռաբեկ դատարանի՝ այս դատավարական խախտումը հանգեցրել էր գործի սխալ լուծման: Ինչը եւ հիմք էր տալիս վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար: Միաժամանակ, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, գործը դատական մեկ շրջապտույտի եւս չենթարկելու նպատակով՝ վճռաբեկ դատարանը, բեկանելով հանդերձ վերաքննիչի վճիռը, հայցվոր կողմի բողոքը բավարարեց ու օրինական ուժ տվեց Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռին, համաձայն որի՝ պատասխանողի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչվեցին մեկ երկրորդ մասով, ու հայցվորը ճանաչվեց ժառանգությունն ընդունած օրինական ժառանգ: