41 մլն 500.000 դրամ` Սեւանին

01/06/2008

ՀՀ կառավարությունը 41 մլն 500.000 դրամ է հատկացրել «Սեւանի ափամերձ տարածքների ու անտառաշերտերի մաքրման» այս տարվա ծրագրի իրականացման համար: Վերջինիս շրջանակներում մինչեւ տարեվերջ կմաքրվեն եւ կհեռացվեն Մարտունիին եւ Վարդենիսին հարող լճամերձ շուրջ 95 հա տարածքներում գտնվող ծառեր, բույսեր ու ջրածածկվող օբյեկտներ: Հետագա կառավարման նպատակով նշված տարածքներում միաժամանակ կկատարվեն նաեւ գոտեւորման եւ քարտեզագրման աշխատանքներ: Ջրածածկումից չվտանգվող ափերում զուգահեռաբար կիրականացվեն նաեւ անտառտնկման, անտառաբույսերի լրացման եւ խնամքի աշխատանքներ, որոնք հիմնականում կիրականացնի ափամերձ բնակչությունը: ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Հարություն Գալոյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ Սեւանա լճի հայելու նիշի` վերջին 3 տարում 2 մետր 26 սմ բարձրանալուն զուգահեռ՝ ջրածածկված 250-300 հեկտարից 2006-2007թթ. մաքրվել է 191 հա: Այս տարվա աշխատանքները կիրականացնեն մրցույթը շահած «Ուայթգետ» ՍՊԸ-ն, «Սեւան» ազգային պարկը, ինչպես նաեւ՝ Մարտունիի եւ Վարդենիսի ափամերձ բնակիչները: Սոցիալապես անապահով խավին կտրամադրվի նաեւ հավաքված փայտի թափուկը: Ըստ Հ. Գալոյանի` Սեւանա լճում ձկնարտադրությունն ու էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիան համալրելու նպատակով մինչեւ տարեվերջ լիճ բաց կթողնվի հանրապետության ձկնաբուծարաններում աճեցված 200.000 հատ տարբեր քաշի (5-50 գրամ) «Ամառային իշխան» եւ «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ: Ծրագիրը, որի համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է 80 մլն դրամ (2007թ.` 30 մլն դրամ), իրականացնում են «Սեւան» ազգային պարկի, ՀՀ Բնապահպանական պետական տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները: