Սոված մանուկներ… դավաճանություն

01/06/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Գրեթե մեկ դար անց, այդպես էլ չկիսելով Ղարաբաղը, Հայաստանը եւ Ադրբեջանը նշում են Անկախության օրը։ Հանգամանքների զարմանալի բերումով՝ ոխերիմ թշնամիներն այս նշանավոր ամսաթիվը նշում են նույն օրը։ Նրանց հարաբերություններն ուր որ է կսրվեն, իսկ Կոսովոյի նախադեպը կրակի վրա միայն յուղ է լցնում։ Կունենա՞ն արդյոք քաղաքական գործիչները բավականաչափ իմաստություն, որպեսզի թույլ չտան պատերազմ»,- երեկ հրապարակված հոդվածում նման գնահատականներ եւ հարցադրումներ է ներկայացրել ռուսական «Պրավդա» թերթը։ «Հայաստան եւ Ադրբեջան. «ընդհանուր» տոն՝ նոր փոթորկից առաջ» վերնագրված հոդվածում բավական հայանպաստ ձեւակերպումներով ներկայացված է ԼՂ հիմնախնդրի պատմությունը։ Նշվում է, որ մինչեւ 1918թ. մայիսի վերջ՝ Անդրկովկասյան սեյմի լուծարումից առաջ, ԼՂՀ-ն մտնում էր Ելիզավետպոլյան նահանգի մեջ, որն Ադրբեջանը համարում էր իր տարածքի մի մասը։ «Ադրբեջանը ձգտում էր տեր դառնալ ԼՂ-ին եւ Զանգեզուրին՝ ՀՀ պատմական տարածքներին, որոնք բնակեցված էին գերազանցապես հայերով»,- գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ ԼՂ-ի եւ Զանգեզուրի բնակչությունն ընդդիմացավ այս որոշմանը, պայքարի դուրս եկավ, եւ 1918թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի ունեցած ԼՂ հայերի առաջին համագումարը ԼՂ-ն հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր։ Խոսվում է նաեւ այն մասին, որ 1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական զորամիավորումները մտան Բաքու եւ կոտորեցին մոտ 30.000 հայերի։ Իսկ ավելի ուշ՝ 1920թ. մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերը հիմնահատակ ավերեցին Շուշին. զոհվեց ավելի քան 20.000 հայ։ «Շուտով ապստամբածներին օգնության հասան ՀՀ-ից ժամանած զորքերը, եւ ԼՂՀ-ն լիովին ազատագրվեց։ ԼՂՀ հայերի 1920թ. ապրիլի 20-ին գումարած համագումարը ԼՂ-ն հայտարարեց որպես Հայաստանի անբաժանելի մաս… Կովկասում նոր սահմաններն ամրագրվեցին Խորհրդային իշխանության հաղթանակից հետո։ Թվում էր՝ 70 տարիների ընթացքում թշնամաբար տրամադրված հարեւանները կմոռանային անցած տարիների դառնություններն ու կսկսեին միասնական ապագա կառուցել։ Սակայն Խորհրդային կայսրության փլուզումն ու ինքնավարությունների շքերթը սրեց հին խնդիրներն ու արյունահոսող վերքերը»,- գրում է թերթը՝ ներկայացնելով վերջին տարիների իրադարձությունները եւ ներկայիս վիճակը։ Վերջում հոդվածագիրը ներկայացնում է իր գլխավոր ասելիքը. պատմությունից պետք է դասեր քաղել։ «Կասկած չկա, որ Անկախության օրը եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում կհնչեն ելույթներ՝ տարածքային ամբողջականության եւ միասնության, Ղարաբաղի ճակատագրի մասին։ Ինչպես 100 տարի առաջ՝ այս երկրներին բաժանում է Ղարաբաղը, զոհերի մասին հիշողությունը եւ կորստի ցավը։ Հարցը միայն այն է՝ ի՞նչ ուղի պետք է անցնեն այս երկրները, որպեսզի կարողանան խուսափել պատմության դառը դասերը կրկնելու գայթակղությունից, պահպանեն ինքնավարությունը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատեն»։

Պատմական ակնարկով համեմված այս հոդվածը հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս։ Ռուս հոդվածագիրը երեւի, ընդհանուր առմամբ, ճիշտ է` պատմությունից պետք է դասեր քաղել։ Սակայն խնդիրն այն է, որ վերջին 100 տարվա պատմությունը՝ գոնե մենք մեզ համար չենք ճշգրտել։ Խոսքը ոչ թե արտաքին թշնամիների մասին է, այլ հենց մեր՝ հայերիս վերաբերմունքի՝ պատմության գիրկն անցած իրադարձությունների նկատմամբ։ Առաջին Հանրապետության անկախությունը հռչակել են դաշնակցականները, բայց հենց տոնի նախօրեին ցույց են տալիս ֆիլմեր՝ «Սարոյան եղբայրներ», «Զանգեզուր», որոնք ուղղակի արժեզրկում են այդ տոնն ու դրա «մեղավորներին»։ Չէ, ֆիլմերը լավն են, դրանք արվեստի արժեքներ են, բայց ինչպե՞ս հասկանալ, որ պետականամետ լրատվամիջոցներն անթաքույց հրճվանքով ցույց են տալիս, թե ինչպես են նորընծա դաշնակցականները Սարդարապատում զենքի վրա երդվում, ու, միեւնույն ժամանակ, Սարոյան եղբայրներից՝ Հայկի շուրթերով հնչեցնում. «Ստորագրեցիք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, երկիրը ծախեցիք թուրքերին»։ Երեւի դրանով համապատասխան ձեւով են արձագանքում ՀՅԴ-ին, որը եւ՛ իշխանություն է, եւ՛ ընդդիմություն՝ նայած, թե ինչ է այդ պահին պահանջում ԷՐԳՐԻ շահը։ Երբ 2 օր առաջ «Շանթ» հ/ը մեկնաբան Նվեր Մնացականյանն այս ֆիլմերի մասին հարցրեց իր ՀՅԴ-ական հյուրին՝ Վահան Հովհաննիսյանին, վերջինս մեկնաբանեց այսպես՝ բոլորն էլ գիտեն, թե այդ ֆիլմերը ո՛ր ժամանակահատվածում են նկարահանվել, ցավոք, պետությունն այսօր միջոցներ չունի «կոնտր» ֆիլմեր նկարելու համար, սակայն կան լավ գրքեր։

Սակայն պակաս ցավալի չէ այն, որ պատմության «հարմարեցումը» քաղաքական շահերին դեռ շարունակվում է։ Միգուցե կասեն՝ դա նորմալ է, ոչ մի իշխանություն թույլ չի տա, որ իր օրոք ինքը ներկայացվի մռայլ գույներով։ Սակայն անցյալը սեւացնողներին, սովորաբար, ապագան է սեւացնում։ Օրինակ՝ վերջին ամիսների պետական քարոզչության համաձայն, ստացվում է, որ մեր երկիրն անկախություն է ձեռք բերել եւ պատերազմում հաղթել է մի իշխանության օրոք, որը ծայրից ծայր հանցագործ է՝ կաշառակեր, մարդասպան ու օտարերկրյա լրտես։ Եվ այդ սեւացնողների առաջին շարքերում նույն դաշնակցականներն են, որոնք փաստորեն արժեզրկում են նորանկախ պետության պատմության մի ամբողջ՝ թերեւս ամենակարեւոր շրջանը՝ 1990-ականն թվականների սկիզբը։ Ներկա իշխանությունները Երրորդ Հանրապետության հիմնադիրների նկատմամբ ցույց են տալիս ճիշտ նույն վերաբերմունքը, ինչպես 70 տարի շարունակ կոմունիստներն էին վերաբերվում Առաջին Հանրապետության հիմնադիրներին: Չի բացառվում, որ «խմբագրվեն» նաեւ հայ ժողովրդի նորագույն պատմության դասագրքերը, եւ աշակերտն այդպես էլ չհասկանա՝ որն է ճիշտ, որը` սխալ։ 1990թ. դպրոցն ավարտած երիտասարդին պատմությունը մի ձեւով է ներկայացվել, 1992-ին ավարտածին՝ մեկ ուրիշ, այս տարվա շրջանավարտը 1990-ականների մասին մի բան է կարդացել, սակայն հաջորդ տարի երեւի մեկ այլ բան կկարդա պատմության դասագրքերում։ Թերահավատների համար նշենք, որ Հայաստանի բուհերից մեկում այս տարվա «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի ավարտական քննության հարցաշարում եղել է հարց՝ մարտի 1-ի դեպքերի մասին։ Ուսանողները պատմում են, որ վերջին օրերին իրենց «ափալ-թափալ» թելադրել են մի դասախոսություն, որն իր բովանդակությամբ գրեթե չի տարբերվել Ոստիկանության եւ Դատախազության հաղորդագրություններից։ Այսինքն՝ այդ դեպքերն ուսումնասիրող անկախ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին խոսակցությունները դեռ չավարտված, ինչ-որ «պատմաբան» կամ «պատմաբանների» խումբ արդեն հասցրել է պատմական գնահատական տալ այդ դեպքերին։ Ոչ ոք չի կարող ասել՝ սրանից 20 տարի հետո պատմության դասագրքերն ի՞նչ են գրելու այսօրվա դեմքերի ու դեպքերի մասին։ Ու եթե պետք լինի, վաղը նույն դասախոսները նույն փութաջանությամբ կգովերգեն մարտի 1-ին «իշխանությունը բռնի կերպով յուրացնել ցանկացող անձանց»։ Ընդ որում, դա կանեն հանգիստ խղճով, որովհետեւ համոզված են՝ պատմության գնահատականն իրե՛նց չի տրվելու, իրենք ընդամենը փոխանցել են «գիտելիքը»։