Առաջինից երրորդ հանրապետություն

01/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 90-ամյակի առիթով եւ ի նշան 1918թ. Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակի՝ երեկ Սարդարապատի հուշահամալիր այցելեցին թե՛ ՀՀ եւ ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, թե՛ ընդդիմության` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Առավոտյան հուշահամալիր էին այցելել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ու մասնակցել էին օրվա առիթով կազմակերպած տոնակատարությանը եւ զորահանդեսին:

Տոնակատարությանը ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նախարարներ, կոալիցիոն 4 ուժերի ներկայացուցիչները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ եւ անգամ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Տոնական միջոցառման սկիզբն ազդարարվեց զորահանդեսով, որին հաջորդեց օդային զորահանդեսը: Բեմահարթակում առավոտից երգում եւ պարում էին բազմաթիվ երաժշտական համույթներ: Հանրապետության բոլոր մարզերն ու Արցախը ներկայացնող խմբերը հյուրասիրություն էին կազմակերպել հուշահամալիրի մոտ: Մարզային տարբեր երաժշտական խմբեր համերգներով ներկայացնում էին իրենց բերքն ու բարիքը: Հայաստանի ղեկավարները ողջունեցին զորահանդեսը, ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրին, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ մատուցեց զոհվածների հիշատակին: Վերջում բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սարդարապատի հուշահամալիրի մոտ երեկվա համերգին պատրաստվելու ժամանակ բեմահարթակի փլուզման պատճառով մահացել էր «Ծիծեռնակ» խմբի 14-ամյա պարուհի Լուսինե Մարկոսյանը: Եվս 5 հոգի վիրավորվել էին: Համերգի ավարտից հետո արտիստները վերադառնում էին եւ խոսում էին այդ դեպքի մասին: «Այսօր կանգնած երգում ու մտածում էի, թե՝ տեսնես ինչ վիճակ է այդ աղջկա, վիրավորվածների ընտանիքներում: Ես չգիտեմ, թե այս պարագայում որն էր ճիշտը` սգալ եւ ոչինչ չկազմակերպե՞լ, թե՞ սգալ ու նաեւ չկոտրել մյուսների տրամադրությունը: Ես չգիտեմ, թե ինչ ասեմ»,- ասում էր «Կապելլա» պետական ակադեմիական երգչախմբի երգչուհի Անահիտը:

Իսկ ժամը 13-ի սահմաններում հուշահամալիրի դիմացի հրապարակում հավաքվեցին Համաժողովրդական շարժման մասնակիցները: Նրանք «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն, նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կոչերով սպասում էին ՀՀ առաջին նախագահին: Ի դեպ, երեկ ոստիկանները Սարդարապատ գյուղի վերջից փակել էին հուշահամալիր տանող ճանապարհը, եւ այցելուները մեքենաներից իջնում ու ոտքով բավական երկար ճանապարհ էին անցնում: Մարդիկ պատմում էին, որ նախորդ տարիներին նման բան չի եղել, մեքենայով մինչեւ հուշահամալիրի հրապարակ են հասել: Նրանք նաեւ ենթադրում էին, որ ոստիկանները ճանապարհը հատուկ նպատակով էին փակել, որպեսզի խանգարեն Լ.Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհների այցը: Սակայն Լ.Տեր-Պետրոսյանի մեքենան, այնուամենայնիվ, մինչեւ հրապարակ բարձրացել էր: Նրա այցելության պահին Հայաստանի պաշտոնյաներն արդեն լքել էին հուշահամալիրի տարածքը, սակայն նրանցից շատերի ծառայողական մեքենաները դեռ այնտեղ էին: Պաշտոնյաների հետ հեռացել էին նաեւ պարային խմբերը, անգամ իրենց մարզերի բերք ու բարիքը ցուցադրողները: Այսինքն` այդ ամեն ինչը կազմակերպվել էր միայն պաշտոնյաների համար: Մինչդեռ կեսօրին մարդկանց հոսքն ավելի շատացավ, չնայած այդ ժամանակ հուշահամալիրի մոտ մնացել էին միայն լարախաղացներն ու ոստիկանները:

Երբ ժամանեց Լ.Տեր-Պետրոսյանը, հավաքվածները նրան դիմավորեցին ողջույններով ու ձեռքսեղմումներով: Նա երեկ թեեւ որեւէ հայտարարություն չարեց, սակայն մոտ 1 ժամ շփվեց հավաքվածների հետ, շրջեց հուշահամալիրի տարածքով, ծաղիկներ դրեց հուշարձանին, ողջունեց վանատուրցի ազատամարտիկ հաշմանդամ Արշալույս Բոզինյանին: Ետ վերադառնալիս հավաքվածները բավական երկար ժամանակ ոտքով ուղեկցում էին Լ.Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան: Երեկ մինչեւ ժամը 15-ը Սարդարապատի հուշահամալիրի մոտ բավական շատ էր հսկիչ ոստիկանների թիվը: Եվ այդ տարածքում կանգնած ծառայողական, նաեւ՝ Պաշտպանության նախարարության շքեղ մեքենաները հուշում էին, որ նրանց տերերը դեռ չեն հեռացել: Մարդիկ ասում էին, որ Սարդարապատից դեռ չեն հեռացել նաեւ Հայաստանի ղեկավարները: Ըստ լուրերի` նրանք հուշահամալիրի շրջակայքում գտնվող ռեստորաններից մեկում նշում էին տոնը:

Իսկ երեկ Լ.Տեր-Պետրոսյանի հետ միասին Սարդարապատի հուշահամալիր էին այցելել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների նախագահներ Արամ Զ.Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, արդեն բազմաթիվ նախկին պաշտոնյաներ եւ այլք: Ընդդիմադիրները հավատացրին, որ իրենք վճռական են եւ հունիսի 20-ից հետո կշարունակեն ակտիվ պայքարը: Ի դեպ, ընդդիմադիրները հունիսի 20-ի հանրահավաքին հրավիրում էին նաեւ իշխանություններին: «Եթե իշխանությունները մտածում են, որ իրենց քայլերից հետո ընդունելի են դառնալու, սխալվում են: Թող հունիսի 20-ին գան Ազատության հրապարակ, ժողովրդի աչքի առաջ երկխոսության նստեն ընդդիմության հետ: Ժողովուրդն արբիտր դառնա եւ լսի ճշմարտությունը: Այն ժամանակ նրանք կհասկանան, թե ժողովուրդն ինչ է մտածում գործող իշխանությունների մասին»,- ասաց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ հունիսի 20-ին ինչ հայտարարվել է, պետք է արվի: Իշխանությունները եթե չեն ուզում նոր սրացումներ, եթե չեն ուզում Հայաստանը մտցնել քաղաքացիական պատերազմի մեջ, պիտի հասկանան իրավիճակի լրջությունը եւ վերացնեն բոլոր արգելքները: Ժողովուրդը թող հավաքվի, իրենք էլ թող գան-խոսեն այդ նույն հանրահավաքին` եթե կարող են, թող երկխոսեն: Թող գան ժողովրդին բացատրեն` ինչու եւ ինչպես տեղի ունեցան մարտյան իրադարձությունները: Միգուցե եւ ամեն ինչ հանդարտվի»,- ասում է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: «Առ այսօր ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի եւ ոչ մի կետ չի կատարվել, իսկ այն, ինչ անում են իշխանությունները, զուտ իմիտացիաներ են: Իմիտացիայով երկիր չեն ղեկավարում: Իսկ իշխանությունների ոչինչ չանելն ընդդիմությանը թելադրում է պայքարել, հաղթանակի հասնել եւ երկիրը վերադարձնել ժողովրդական ուղու»,- ասում է «Ժողովրդական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը: