Սարդարապատի հուշահամալիր այցելելուց հետո երեկ երեկոյան Համաժողովրդական շարժման ակտիվիստները հավաքվեցին Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ նախապես Համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարել էր, որ երեկվա քաղաքական զբոսանքն անցկացվելու է Ազատության հրապարակում, որը երեկ կեսօրից ոստիկանները շրջափակել էին: Իսկ երեկոյան, երբ մարդիկ սկսեցին հավաքվել, ոստիկաններն ավելացան եւ Ազատության հրապարակը Հայաստանի քաղաքացիներից սկսեցին պաշտպանել արդեն երեք խիտ շարքերով: Ոստիկանների առաջին «պատը» կանգնած էր Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտային հարող մայթին, երկրորդը` Թումանյան փողոցի արդեն դիմացի մայթին: Իսկ երրորդ պատը Ազատության հրապարակը փակել էր սրճարաններից ներս ընկած հատվածում: Եվ հայրենի ոստիկանների այդ երեք կուռ շարքը ոչ մի քաղաքացի չէր կարողանում ճեղքել: Եթե որեւէ մեկը փորձում էր հաղթահարել այդ «մարդկային պատը», հանդիպում էր ոստիկանների սպառնալից հայացքին ու կատաղի դիմադրությանը: Ժամը 19-ից հետո Հյուսիսային պողոտայի հատվածի ոստիկաններին ժամանակ առ ժամանակ մոտենում էր մի բարձրաստիճան սպա ու հրամայում էր մեկ քայլ առաջ գնալ: Ոստիկանները կատարում էին հրամանը: Եվ այդպես կես ժամվա ընթացքում ոստիկանների առաջին շարքը մայթեզրից Հյուսիսային պողոտայի հաշվին իր դիրքերը 7-8 մետրով խորացրեց: Ոստիկաններն անգամ թույլ չէին տալիս, որ Ազատության հրապարակի սրճարանների հաճախորդները դուրս գան եւ հեռանան հրապարակից: Իսկ Հյուսիսային պողոտայում երեկ երեկոյան հավաքվել էր ավելի քան հինգ հարյուր մարդ: Հավաքված մարդկանց մեջ եւ ոստիկանների շարքերի առաջ երեկ զոհված որդու նկարը եւ ոստիկանի իր վկայականը ձեռքին շրջում էր մարմարաշենցի Ռուբեն Միրզոյանը: Նախկին ոստիկանի որդուն` 21-ամյա Գեղամին 2007թ. ապրիլի 15-ին սպանել են Ստեփանակերտի զորամասերից մեկում, ծառայելուց: Ռ.Միրզոյանի խոսքերով՝ զորամասի սպաներն իր որդուն ծեծել եւ գնդակահարել են: «Դատը դիտմամբ ձգձգում են, ու որդուս սպանողներին չեն բռնում»,- ասում էր որդեկորույս հայրը: Երբ նա որդու նկարը ձեռքին անցնում էր ոստիկանների շարքի առջեւով, բոլորը հերթով գլուխները կախում էին: Երեկ հավաքվածներին նայելով ու քմծիծաղ տալով՝ Թումանյան փողոցով անցնում էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը: Իսկ 10 րոպե անց Թումանյան փողոցով անցավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: