«ԱԻՄ» նախագահ Պարույր Հայրիկյանը մայիսի 28-ի առթիվ լրագրողների հետ իր ավանդական հանդիպումը որոշել էր անցկացնել Հանրապետության հրապարակում:
Եվ չնայած ասուլիսի վայրի փոփոխությանը՝ Պ. Հայրիկյանն այս տարի եւս ասաց այն, ինչ նախորդ գրեթե բոլոր տարիներին: Իսկ Հանրապետության հրապարակում ասուլիս հրավիրելու պատճառը, նրա խոսքերով, այն է, որ հայկական պետականության մեծ թվով խորհրդանիշներ գտնվում են հենց Հանրապետության հրապարակում` Կառավարությունը, Արտաքին գործերի նախարարությունը: «ԱԻՄ» նախագահի խոսքերով` պատմականորեն այստեղից շատ հեռու չէ նաեւ առաջին ազգային խորհրդարանը: Շնորհավորելով բոլորին Մայիսի 28-ի կապակցությամբ` Պ. Հայրիկյանը նշեց, որ այս օրն այլ խորհուրդ ունի, իրականում մայիսի 28-ն է մեր Անկախության օրը: «Երեւույթը կարող է բացասաբար անդրադառնալ սերունդների մտածելակերպի վրա: 1918թ. մայիսի 28-ը մեր Անկախության օրն է: Մենք` հայերս, ըստ մեր 90-ական թթ. իշխանությունների քմահաճության, մեր անկախությունը նշում ենք սեպտեմբերի 21-ին` կապված 1991թվի հետ: Դրանով մեր անկախության հետ առնչվելու պատմական իրողությունը հետաձգում ենք մոտավորապես 80 տարով»,- ասաց նա` ավելացնելով, որ 600 տարի պետականություն չունեցող հայ գյուղացին, հայ մարդը ոչ թե հանրապետության մասին էր երազում, այլ՝ անկախության: Այսինքն`1918-ից առաջ խնդիրը ոչ թե հանրապետության կամ Սահմանադրական միապետության, այլ պետության ստեղծումն էր: «1990-ական թթ. սկզբներին ապազգային, մեծ մասով ՊԱԿ-ի գործակալներով հագեցած Հայաստանի իշխանություններն այնպես արեցին, որ հայ մարդու մոտ ազգային արժանապատվության զգացումը բարդույթներ ունենա, եւ որպեսզի ամրագրեն սովետական ապօրինի իշխանության տարիները՝ 1918թ. ստեղծված հանրապետությունը կոչեցին Առաջին Հանրապետություն: Լեւոն Տեր-Պետրոսյանի չարակամության կամ տգիտության հետեւանքով սովետական ժամանակահատվածը կոչվեց Երկրորդ Հանրապետություն, իսկ այս հանրապետությունը, ի հեճուկս Սահմանադրության, կոչվում է՝ Հայաստանի Երրորդ Հանրապետություն: Այդ ամենը գալիս է այն սխալից, որ մայիսի 28-ը կոչվեց Առաջին Հանրապետության օր: Սա մեր Անկախության օրն է, եւ որեւէ այլ որակավորում տալը այդ օրվան մեր պատմական իրողությունների խեղում է եւ մեր ազգային հստակ մտածողության աղավաղում»,- ասաց Պ. Հայրիկյանը: Նրա խոսքերով` այս օրը պաշտոնապես պիտի նշվի իբրեւ Հայաստանի Անկախության օր: Նա այս առաջարկով դիմել է նախորդ գումարման Ազգային ժողովին: Պ. Հայրիկյանի խոսքերով` բոլոր կուսակցությունները, ի պատասխան իր պաշտոնական նամակի, հայտարարել են, որ համաձայն են նրա հետ` մայիսի 28-ը մեր Անկախության օրն է, իսկ սեպտեմբերի 21-ը` Ինքնորոշման: «Բայց, ցավոք, որեւէ մեկն այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկավ: Նոր խորհրդարանում եթե կա գոնե մեկ ազգային աշխարհընկալում ունեցող խորհրդարանական, նա հանդես կգա նախաձեռնությամբ»,- ասաց նա: Պ. Հայրիկյանի խոսքերով` մայիսի 28-ը եւս մեկ խորհուրդ ունի: «1988թ. մայիսի 28-ին, ի հեճուկս Ղարաբաղ կոմիտեի «Լենին-պարտիա-Գորբաչով» դիրքորոշման, Ազգային ինքնորոշումը` Մովսես Գորգիսյանի, Մեխակ Գաբրիելյանի գլխավորությամբ, Ազատության հրապարակում առաջին անգամ պարզեց եռագույնը: Հաջորդ օրը Վանո Սիրադեղյանը հայտարարեց` «վերացրեք այդ եռագույնը, այն խանգարում է Ղարաբաղյան շարժմանը»: Այսինքն, Ազգային ինքնորոշում միավորումը կամ մեր ազգի առողջ ուժերը հակադրվում էին ոչ միայն բոլշեւիկյան գերիշխանությանը, այլեւ Ղարաբաղյան կոչվող շարժման թյուրընկալումներին»,- հայտարարեց ԱԻՄ նախագահը, որը, փաստորեն, Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ իր ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրեց նախկին իշխանություններին վարկաբեկելու իշխանահաճո գործին: Հանդիպումից հետո Պ. Հայրիկյանն իր կուսակցական ընկերների հետ այցելեց Արամ Մանուկյանի, Հայկազ Խաչատրյանի եւ Մովսես Գորգիսյանի շիրիմներին: Ըստ Պ. Հայրիկյանի` ճիշտ կլիներ, եթե մեր կառավարության բարձր աստիճանավորներն այցելեին, իր խոսքերով` մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին: «Բոլորին է հայտնի, որ 1918թ. նրա բացառիկ ջանքերի շնորհիվ կազմակերպվեց Սարդարապատի հերոսամարտը, որի հիման վրա Հայաստանը ոչ միայն բարոյաքաղաքական, այլեւ իրական ռազմավարական իրավունք ստացավ` իրեն պետություն հայտարարելու»,- նշեց ԱԻՄ նախագահը: