Գլադիատորական խաղեր

01/06/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ո՛չ Օլիմպիական, ո՛չ Համահայկական խաղերը Հայաստանում այնքան ոգեւորություն չեն ծնում, որքան ամենամյա Գլադիատորական խաղերը: Յուրաքանչյուր տարի, մայիս ամսին, ավելի ստույգ` մայիսի 24-25-ին, բազմաթիվ հայ ընտանիքներ իրենց շրջանավարտ երեխաներին ճանապարհում են պաշտոնապես «Վերջին զանգ» կոչված միջոցառմանը: Միջոցառում, որ իր դաժան հետեւանքներով համեմատելի է «ռուսական ռուլետկա» կոչված խաղի, իսկ մասսայականությամբ` միմիայն գլադիատորական մարտերի հետ: Ամեն տարի երկրի իշխանությունները մայիսի սկզբից հայտարարում են, որ արգելում են «Վերջին զանգ» կոչված վայրենությունը: Բայց դպրոցի շրջանավարտներն ու նրանց ծնողները գիտեն, որ այդ հայտարարություններն արվում են միայն ավանդույթը պահելու համար: Ծնողներն ամեն տարի «Վերջին զանգին» հարմար հագուկապ ապահովելով՝ իրենց որդիներին ուղարկում են մասնակցելու այդ միջոցառմանը: Յուրաքանչյուր ազգ իր տարօրինակ տոներն ունի: Իսպանացիներն, օրինակ, տարվա մեջ մի օր իրենց միջնադարյան քաղաքի հին ու նեղլիկ թաղամասում կատաղած ցլեր են բաց թողնում բազմության վրա: Հայաստանում պատկերն այլ է: «Վերջին զանգ» կոչվածի օրը դպրոցական շրջանավարտներին են բաց թողնում քաղաքային բնակչության ու իրար վրա: Երեւանում այդ օրը հոգատար տերն անգամ իր շանը փողոց չի թողնում: Որովհետեւ մեր երեխաները վայրենի ճիչերով, մեր իսկ մեքենաներով առավելագույն արագությամբ երթեւեկում են քաղաքի փողոցներով: Յուրաքանչյուր շրջանավարտի համար պատվի խնդիր է Հանրապետության հրապարակում ընկերոջ մեքենային թառած գոնե մեկ-երկու պտույտ գործելը: Դաժան վիճակախաղ է: Ազգագրագետները պնդում են, որ հայ ընտանիքում երեխան միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել: Հայ ծնողը որդու կրթության, հագուկապի համար ոչինչ չի խնայում: Բայց ահա գալիս է օրը, եւ հայ ընտանիքը շրջանավարտ որդուն ճանապարհում է «Վերջին զանգի», ինչպես ռազմաճակատ: Հաջորդ օրվա ոստիկանական տեղեկագրերն էլ, իրենց բովանդակությամբ, մարտական ամփոփագրեր են հիշեցնում: Այնտեղ նշվում է, թե քանի ավտովթար է տեղի ունեցել, քանի մեքենա է տուգանային հրապարակ տարվել, քանի զոհ ու վիրավոր կա: Մինչ տեղեկագրերի հրապարակումները՝ բախտավոր ընտանիքներն արդեն դիմավորած են լինում «Վերջին զանգից» վերադարձած որդուն: Պակաս երջանիկները հայտնված են լինում հիվանդանոցի կամ Ոստիկանության շեմին: Ոստիկանները, որ նախորդ օրը փողոցային երթեւեկությունը կարգավորելու եւ հասարակական կարգը պահպանելու փոխարեն՝ թաքնվել էին, տարաբախտ ծնողներին բացատրում են, որ իրենց որդիները քրեական հանցագործ են: Ազգագրագետները նշում են, որ մեր սիրասուն որդիների այս վայրենի ծեսն արդեն 35-40 տարվա պատմություն ունի: Բայց տարին տարվա վրա ավելի ու ավելի դաժան է դառնում: Նրանք դժվարանում են պատասխանել` ինչ սոցիալական արմատներ են ընկած այս ամենի հիմքում: Փոխարենը` բարդ չի ենթադրելը, որ դա արժեհամակարգերի փոփոխության հետեւանք է: Հայ հասարակության համար «երեխա», «մատաղ սերունդ» հասկացություններն այլեւս նախկին արժեքը չունեն: Ուստի շրջանավարտների «գժությունները» կարծես հասարակական արմատներ ունեն: Մենք` տարիքով ավագներս, ամեն ինչ անում ենք, որ հետագա ուսումի, մասնագիտական ու աշխատանքային ճակատագրական որոշում կայացնող շրջանավարտի համար ապագան հնարավորինս անորոշ լինի: Ամեն տարի մի հնարք գտնում ենք այս գործը հաջողացնելու համար: Եվ մեր արարքներին սովորաբար կրթական բարեփոխումներ անունն ենք տալիս: Այս տարվա շրջանավարտների համար միասնական քննություն կոչված առեղծվածն էինք պատրաստել: Երեք առարկաների` հայոց, օտար լեզուների, մաթեմատիկայի դպրոցական քննությունները միաժամանակ ընդունելության քննություն ենք դարձրել: Նույն բարեփոխումն, օրինակ, Ուկրաինայում 3 տարվա փորձաշրջան անցավ: Այդ ընթացքում ուկրաինական շրջանավարտը հնարավորություն ուներ կամ բավարարվել «Միասնական քննության» արդյունքով, կամ հին մեթոդով բուհական քննություն հանձնել: Մենք մեր երեխաների հանդեպ ավելի դաժան ենք: Նրանց զրկեցինք ընտրության հնարավորությունից: «Միասնական քննության» փորձ չունենալով, անցած տարի Հայոց լեզվի թեստերի սխալներն անգամ չընդունելով՝ հիմա երկու ուրիշ քննություն «միասնականացրինք»: Սա դեռ բավարար չէ, այդ քննություններից ընդամենը մի քանի օր առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ ետ է կանչում նաեւ Կրթության նախարարին: Դժվար չէ պատկերացնելը, թե ինչ խառնաշփոթ է տիրելու «Միասնական քննություններում», եւ որքան լավ նվեր մատուցեց Դաշնակցությունը (կամա կամ ակամա) ոլորտի կաշառակերներին: Ոլորտ, որ գործող նախարարի պարագային անգամ դժվարությամբ էր կառավարվում: Այնպես որ` մեր անչափահասների գլադիատորական «գժությունների» իրական հեղինակները մենք` չափահասներս ենք: Հատկապես մեր այն հատվածը, ով իրեն իշխանավոր է համարում: