Երիտասարդ Բիսմարկը աջուձախ միավորում է

22/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայաստանյան ձախ դաշտի քաղաքական ուժերը դարձյալ փորձում են միավորվել,
ավելի ճիշտ` այս անգամ իրենց են փորձում միավորել: Միավորման գործընթացը
նախաձեռնել է «Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը» (ՀԱԿ)` Տիգրան
ՈՒրիխանյանի գլխավորությամբ: Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում
մասնակցել հնարավոր միավորմանը: Նրանք պարզապես փորձում են հաշտեցնել
ձախերին: Նախորդ շաբաթ Տ. ՈՒրիխանյանը նույնիսկ նշել էր, որ մինչեւ
շաբաթվա վերջ, այսինքն` մինչեւ մայիսի 8-ը, կստորագրվի միավորման
վերջնական համաձայնագիրը, ինչը սակայն տեղի չունեցավ: Ո՞րն է ձգձգման
պատճառը: Ըստ Տ. ՈՒրիխանյանի` պրոցեսը շարունակվում է, եւ հավանաբար
կավարտվի գալիք շաբաթվա վերջին: Նա նշեց նաեւ, որ իրականությանը չեն
համապատասխանում «Մարքսիստական կուսակցության» առաջնորդ Դավիթ Հակոբյանի
այն պնդումները, թե իրենք մերժել են, որեւէ բանակցություն չեն ունեցել եւ
բացառում են դաշինքի մեջ ընդգրկվելը: ՀԱԿ ղեկավարի խոսքերով` Դ. Հակոբյանը
միավորմանը միանալու բանավոր համաձայնություն է տվել: Իսկ ի՞նչ նպատակով
են ձախերին փորձում միավորել: «Միության առջեւ դրված էր այսպիսի նպատակ.
հավաքվում ենք, հայտարարում ենք միավորման մասին, որից հետո արագ հավաքում
են իրենց մեծ թվով ներկայացուցիչներին կառավարության Նիստերի դահլիճում`
հրավիրելով ԱՊՀ եւ այլ երկրներից, հատկապես՝ Ռուսաստանից, նույն
տիրույթում գործող առաջատար ուժերի ներկայացուցիչների, որից հետո անցնում
են զանգվածային քարոզարշավի: Զանգվածային քարոզարշավից մոտ 2-3 ամիս հետո
մենք պետք է կարողանանք մոտ 10.000-անոց հանրահավաք կազմակերպել, որից
հետո շարժվել առաջ կամ ռեֆորմների, կամ հեղափոխության ճանապարհով»,-
միավորելու նպատակներն է բացահայտում Տ. ՈՒրիխանյանը: Իսկ ինչո՞ւ են իրենք
նախաձեռնում մի միավորում, առանց դրան միանալու: Արդյո՞ք այդ դեպքում
ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ ինքն իրեն չի հակասում` ուժեղացնելով քաղաքական
առումով իր մրցակիցներին: «Փաստորեն այդպես է ստացվում: Է՛լ ավելի
խրախուսելի ու գնահատելի է, չէ՞, ստացվում: Տվյալ դեպքում դրա համար
զոհաբերում ենք մեր առաջնային նպատակների իրականացմանն ուղղված ջանքերը,
միջոցները, ֆինանսները եւ այլն»,- ասում է Տ. ՈՒրիխանյանը եւ ավելացնում,
որ խնդիրն այսօր մարդկանց լայն զանգվածների համախմբումն է: Իսկ ինչո՞ւ են
որոշել միավորել ձախերին եւ ոչ ասենք աջերին: Պարզվում է, որ ՀԱԿ-ը
պատրաստվում է նաեւ աջերին միավորելու նախաձեռնությամբ հանդես գալ, իսկ
սկսել են ձախերից, քանի որ ՀԱԿ-ում կարծում են, որ ձախերն այսօր
բնակչության շատ ավելի լայն զանգված են կազմում, քան աջերը: Այդ դեպքում
ինչո՞ւ ձախերը ներկայացված չեն խորհրդարանում: Մի՞թե ընտրությունները
կեղծվել են: «Զանգվածների իրական մոտեցումները չեն արտահայտվում
ընտրությունների ժամանակ, որովհետեւ ընտրությունները թե՛ կեղծվում են, թե՛
խախտումներ են տեղի ունենում: Տեղի են ունենում նաեւ այլ տեսակի
երեւույթներ, որոնք ընտրությունները բնականաբար արդար, ազատ ու թափանցիկ
չեն անցկացնում,- նկատում է ՀԱԿ ղեկավարը եւ ավելացնում,- առավել քան
համոզված եմ, որ պառլամենտն այսօր իրական պատկերը չի արտահայտում,
որովհետեւ դա տեղի է ունենում հասարակության կամքից դուրս, եւ
հասարակությունը դա թույլ է տալիս»: Ձախերին եւ աջերին միավորելուց հետո
փորձ է արվելու միավորել նաեւ այդ 2 միավորումները եւ ստեղծել մեկ
միասնական ուժ: Շրջանառվող այն խոսակցությունների կապակցությամբ, համաձայն
որոնց՝ այս ամենը կապվում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի
անվան հետ, եւ սրանով պարզապես փորձ է արվում պաշտպանության նախարարի` ՀՀ
նախագահի թեկնածու առաջադրվելու համար բարենպաստ ֆոն ստեղծել, Տիգրան
ՈՒրիխանյանը կտրականապես հայտարարում է, որ իրենք չեն կարող հայտարարել,
թե պաշտպանում են Ս. Սարգսյանի թեկնածությունը, քանի որ նույնիսկ հայտնի
չէ, թե նա առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում, թե՞
ոչ: Միեւնույն ժամանակ նա նշում է. «բնականաբար մենք ստեղծվելիք հնարավոր
միությունների վրա ազդեցություն կունենանք, եւ եթե պաշտպանության նախարարն
առաջադրվի, եւ նրա ծրագիրը մեզ համար ընդունելի լինի, մենք նրան
կսատարենք»: