«Ինչի՞ ինձ չես տանում մամայիս գերեզմանոց»,- ասում է փոքրիկ Մեխակը

01/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

6 տարեկան Մեխակի երկարատեւ լռությունը որբության նման հոգեմաշ ու անխնա ցավոտ է: Փոքրիկ տղան ոչ այնքան ապրում է իրականության մեջ, որքան հիշողություններով, որտեղ մայրը սիրով ու ջերմությամբ գրկում էր իրեն, իսկ Մեխակն իրեն պաշտպանված էր զգում: Հիշողություններից այս կողմ` իրականության մեջ քիչ բան կա ոգեշնչող: Մայրը չկա, ու էլ ոչինչ չկա գոնե մի քիչ գեղեցիկ մանկություն անցկացնելու համար, դրա համար էլ Մեխակի աչքերի տխուր արտահայտությունը մենակ ու անօգնական մարդու կերպար է կերտել: Հարցնում եմ` «Տխո՞ւր ես»: Մեխակը մոր հետ կապված մի հիշողությունից անակնկալի եկած՝ պատասխանում է` «Եսիմ, չէ՛, տխուր չեմ: Ծնունդիս եմ սպասում, օգոստոսին ծնունդս կլինի, ու կկարողանամ դպրոց գնալ: Ուզում եմ դպրոց գնալ, էնտեղ երեխեք կան, կխաղանք, կխոսանք»: Իրականում այս փոքրիկն ապրում է մի միջավայրում, որտեղ մարդիկ չեն ապրում, ու այն հազվադեպ մարդիկ, ովքեր ուժ են գտնում այնտեղ ապրելու համար` որպես մարդ տանուլ են տալիս, չեն դիմանում: «ՏԷՑ-ի կռուգից» ահագին հեռու, որտեղ Սովետից մնացած ու ջարդուխուրդ եղած գործարանները դարձել են «շուն ու գելի» բնակավայր` մի փոքրիկ երկաթե խրճիթ կա, որի շրջակայքում ավելի շատ շներ կան, քան մարդիկ: Թեշիբանի 6 կոչվող հասցեում լույս աշխարհ եկած այս փոքրիկ տղան ծնված օրից պատկերացում չունի, թե ի՞նչ բան է բակը, բակի երեխաների հետ խաղալը, չարաճճիություն անելը: Էստեղ երեխաներ չեն ապրում, էստեղ առհասարակ մարդիկ չեն ապրում, այլ ապրում են շներ, օձեր, կարիճներ: Ու մեկ էլ աղբատար մեքենաների երթեւեկությունն է այս տարածքին կենդանություն տալիս: Ասում է` «Ես ոչ մեկի հետ չեմ կարա խոսամ, խաղամ, մարդ չկա: Մենակ մենք ենք ու զիբիլանոցի գարաժը»: «Մենքն» էլ էնքան խուճուճ է, որ դժվար է տրամաբանել, թե Մեխակենց խրճիթում ով ում բարեկամն է: Անցյալ տարի Մեխակի սրտի արատով հիվանդ մայրը մահացել է, եւ երեխան մնացել է 65 տարեկան հոր խնամքին: Մեխակը շատ է տառապում ու ամեն գիշեր երազին մորն է տեսնում: Շատ բան չի հասկանում, դրա համար էլ մոր հետ շփման միակ ձեւը համարում է գերեզմանին խունկ վառելը: Հայրը` Մնացականը, ասում է` «Չի հասկանում` խունկն ինչ ա: Էն օրն ասում ա` պապա, էն, որ ինձ տանում էիր մամայի մոտ, մենք ձեռով բան էինք լցնում գերեզմանին` ինձ ինչի՞ նորից չես տանում: Կարոտում եմ մամային»: 65-ամյա հաղթանդամ տղամարդը հանկարծ էնպես է խեղճանալով աչքերը լցնում, որ չի կարողանում խոսել, ու ներողություն խնդրելով, մի պահ դուրս է գալիս սիրտը թեթեւացնելու: Խրճիթի հարակից տարածքում մի փոքրիկ ծառ կա, որը Մեխակի համար ամենաթանկ բանն է աշխարհում: Ասում է` «Էս ծառն իմ մաման ա, ես պիտի ջրեմ, սիրեմ, լավ նայեմ, որ մեծանա»:

Ցերեկվա պայծառ լույսի ֆոնին նրանց խրճիթի մեջ սոսկալի մութ ու ճնշող տեսարան է: Սեւացած ու գորշ չորս պատերի մեջ միայն մահճակալներ են մի կերպ խցկել: Ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զուրկ այս մարդկանց խրճիթում քայլ անելու համար առնվազն մի ոտքի վրա կանգնել է պետք: Մթության մեջ ցեխակորույս անկողնուն գամված, սփրթնած ու ջղաձգված հայացքով մի կին խռխռացնելով անխնա հազում, խեղդվում է: Էնքան հյուծված ու տկար է, որ ամեն հազոցի հետ ամբողջ մարմնով ծեփվում է պատին: Մեխակի մորաքույրն է` Սիրանույշը, որը 31 տարին նոր է բոլորել։ Նրա մոտ 31 տարեկան հասակում հայտնաբերել են կոկորդի քաղցկեղ: Սիրանույշի ձայնալարերն այլեւս կորցնում են իրենց կենսունակությունը, ու նա ասելիքն արտահայտում է բերանի շարժումներով: Աստիճանաբար դառնում է ձայնազուրկ ու ամեն հազի հետ փսխելով՝ գալարվում է: Սիրանույշն ու մայրն անօթեւան են, ապրելու տեղ չունեն եւ ժամանակավորապես հանգրվանել են Մնացականի խրճիթում: Ասում է` «Ես ու մամաս էս կռավաթին ենք քնում, հեր ու տղա էլ՝ էդ մեկին: Ա՛յ սենց անմարդկային պայմաններ, աբսուրդ վիճակ»: Սիրանույշը կես մարդ է դառնում, մինչեւ միտքը վերարտադրում է ու արտահայտած մի քանի բառերից հետո խռխռացնելով խեղդվում է: Մայրը` Շուշանիկն, աղջկան հորդորում է լռել, փոխարենն ինքն է ներկայացնում իրավիճակը: Հունվար ամսից սկսած, շատ պատահաբար, Սիրանույշի ձայնալարերը փակվել են, որից հետո առհասարակ ոչինչ չի կարողացել ուտել: «Հենց ուտում էր` սկսում էր խեղդվել: Ոչ մի բան բերանը չէր դնում: Տարանք բժշկի` կոկորդից մսագունդ կտրեցին, որ հետազոտեն, պարզվեց՝ ուռուցք ա: Բայց ասեցին, որ վստահ չեն, ուղղակի ենթադրում են: Էն օրը նորից կոկորդից միս կտրեցին, որ նայեն, մի երկու օրից պատասխան կլինի»,- պատմում է Շուշանն` ասելով, որ բժիշկները ենթադրում են, որ Սիրանույշը չարորակ ու տարածվող ուռուցք ունի, որի դեպքում վիրահատությունը կարող է մահվան ելք ունենալ: Նեղսրտում է` ասելով, որ 6000 դրամ անալիզի գումարը չվճարելու պատճառով 4 օր շարունակ պատասխանը Քանաքեռում գտնվող Ուռուցքաբանական ինստիտուտից չէին տալիս։ «Փող չկար, տարան-բերեցին, մինչեւ պարտք արեցի, տվեցի` նոր ասեցին, թե ինչ ա: Նույնն էլ հիմա, եթե նույնիսկ վիրահատություն անելու լինեն` չենք կարա, անվճարունակ ենք: Երեխես սենց կմեռնի, չի դիմանա: Խնդրում ենք ձեզ, մի բանով միջամտեիք, իրա կյանքը հիմա վտանգի տակ ա, խեղդվում, գնում ա էն աշխարհ,- ասում է նա` անընդհատ կրկնելով,- Ձեռիցս գնում ա երեխես, ի՞նչ կլինի, օգնե՛ք»:

Բնակարանը վաճառել են կուտակված պարտքերը մարելու համար ու հայտնվել են այս անհայտ, անմարդ միջավայրում: Մնացականն աշխատում է «Նաիրիտ» գործարանում ու Մեխակի, Սիրանույշի եւ Շուշանի գոյությունն ապահովում է 32.000 դրամ աշխատավարձով: Նախկինում մեքենաշինարար է եղել, իսկ ներկայումս անում է` ինչ պատահի: Ասում է` «Է՜հ, սենց չենք ապրել, աղջիկ ջան, կարգին գործ ու տուն-տեղ եմ ունեցել, հարգանք, պատիվ եմ ունեցել, իսկ հիմա… Որբ երեխա եմ մեծացնում, աչքիս ուրիշ ոչ մի բան չի գալիս, մենակ երեխուս մեծացնեմ, թե հետո ինչ կլինի` Աստված գիտի: Թոշակառու եմ, աշխատում եմ, ինձ չեմ խնայում, բայց չեմ հասցնում, ոչ մի բան չեմ հասցնում»: Մնացականը դժվարությունների ու դժբախտությունների պատճառով էնքան խոցելի է դարձել, որ ամեն խոսքից հետո աչքերը լցնում, լաց է լինում: Խնդրում է, ասում է` «Գոնե հանրակացարանում մի սենյակ տային, երեխես մարդկանց մեջ լիներ, մեզ մի քիչ մարդ կզգայինք: Էս տնակները ես եմ կառուցել, իմ ձեռքով: Կողքի էս փոքր դոմիկն էլ եմ ես սարքել, բայց եկան, տիրացան: Տուն-տեղ, ավտոներ ունեն, բայց ձեռքիցս վերցրին, էլի սենյակ էր, գոնե մեր ու աղջիկ էնտեղ կապրեին, ես էլ տղուս հետ` ստեղ»:

Էրեբունի համայնքում գտնվող այս տարածք, հավանաբար, համայնքային իշխանությունները ոտք չեն դնում ու պատկերացում էլ չունեն, թե մարդիկ ինչ վայրի ու թշվառ կենսակերպով են ապրում:

Երեկ Անկախության օրն էր: Մայրաքաղաքի բոլոր համայնքներում տոնախմբություններ են կազմակերպվել, հարթակներում փայլփլուն դեկորացիաներ են տեղադրվել, համայնքային բյուջեից ահագին գումարներ են ծախսվել: Նշվել է Անկախության տոնը, որը Մնացականենց համար ասոցիացվում է իրենց շրջակայքում տեղակայված անգործ գործարանների հետ։ Մնացականենք չեն տոնում Անկախության օրը, որովհետեւ Անկախությունից հետո ջարդուխուրդ եղած գործարանների ֆոնին՝ հանրապետության արդյունաբերական այս գիգանտների վախճանը նույնքան ցավալի է, որքան ցավալի է հաղթանդամ Մնացականի աչքերի արցունքը: Էս գործարանները շատ նման են Մնացականին: