«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված բանակցությունները կապված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ ազատագրված բոլոր տարածքների միավորման հետ,- նախօրեին Անկախության տոնի հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը` ավելացնելով,- Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի բաժանման հարցը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների առարկա»: «Իր սկզբունքային դիրքով հանդերձ, Ադրբեջանը բախվում է արտաքին ճնշմանը: Կան կողմեր, ովքեր փորձում են տարբեր ճանապարհներով ստիպել Ադրբեջանին գնալ ավելի զգալի զիջումների եւ մտածում են ճնշման մեխանիզմների մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահը` ավելացնելով, թե այդ մեխանիզմներում փորձում են շահարկել այն, որ «իբր Ադրբեջանը ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունի»: Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանական կառավարության նկատմամբ կիրառվող ցանկացած ճնշում անիմաստ է, քանի որ իրենց քաղաքականությունը բաց է, աջակցություն է ստանում ժողովրդի կողմից, ու ինքը դա համարում է սկզբունքային, ճշմարտացի քաղաքականություն: Նա ասել է նաեւ, որ մինչեւ 2009թ. վերջն Ադրբեջանն ավելի հստակ կարտահայտի իր տեսակետները` կապված ԼՂ հիմնախնդրի հետ, քանի որ հարցի լուծման հետաձգումն անընդունելի է: Սակայն նա նշել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից ցանկացած լրացուցիչ զիջում անհնար է: «Մի կողմից` մեզ խաղաղ բանակցությունների կոչ են անում, եւ մենք, ցուցաբերելով բարի կամք, դեռ մասնակցում ենք դրանց: Մյուս կողմից` մենք չենք կարողանում հասնել առաջընթացի»,- հայտարարել է նա: «Շնորհիվ միջազգային բնագավառում Ադրբեջանի դիրքի ամրապնդմանը, երկրի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմայում կարեւոր տեղ է գրավում»,- հայտարարել է Ալիեւը` հայկական կողմին կոչ անելով զբաղեցնել կառուցողական դիրք: «Տարածաշրջանի ամենակարեւոր, ուժեղ երկիրն Ադրբեջանն է»,- հայտարարել է նա` նշելով, որ դա այսօր իրողություն է: «Մենք մեր առջեւ դրել էինք այդ նպատակը ու հասանք դրան: Հայկական կողմը պետք է ինքն արդեն որոշումներ ընդունի. կամ նա ապագայում կհայտնվի ավելի բարդ իրավիճակում, կամ վերջ կդնի նվաճողական քաղաքականությանը: Նրանք պետք է լքեն ադրբեջանական հողերը ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար վարեն կառուցողական քաղաքականություն»: