Հալաչօղլուն «փչում» է

01/06/2008

ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի պատմության բաժնի Հոլոքոստի եւ Ցեղասպանության աշխատանքների կենտրոնի դոցենտ, թուրք պատմաբան Թաներ Աքչամը Դաշնակցության` Բոստոնում գտնվող արխիվն ուսումնասիրությունների համար փակ պահվելու մասին Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի օրերս արած հայտարարության վերաբերյալ թուրքական «ntvmsnbc» համացանցային կայքի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Դաշնակցության արխիվը 1995թ. ի վեր բաց է, իսկ Հալաչօղլուի հայտարարությունը նրա կողմից արված հերթական սուտն է: «Այսպես կոչված՝ «Մեծ գաղտնիքը» փակ պահվելու մասին Հալաչօղլուի պնդումն ամբողջությամբ փչոց է»,- ասել է Թաներ Աքչամը: Հալաչօղլուի հայտարարությունից հետո թուրքական «Հուրիեթն» արտատպել է Դաշնակցության արխիվի պատասխանատու Թաթուլ Փափազյանի Նյու Յորքում հրապարակվող «The Armenian Reporter»-ին արած հայտարարությունը, թե արխիվային նյութերը դասակարգելու եւ միկրոֆիլմերի ստեղծման հետ կապված աշխատանքները 1995թ. ավարտվելուց հետո Բոստոնի արխիվը հետազոտողների առաջ բաց է: «Ntvmsnbc»-ի այն հարցին, թե ինչո՞ւ չեն դիմում Դաշնակցության Բոստոնի արխիվ, Հալաչօղլուն պատասխանել է, թե «վաղը եւեթ կդիմեն», ու համոզմունք հայտնել, որ, իբր, «հայերն անպայման կմերժեն իրենց»: «Մենք կդիմենք եւ կհրապարակենք արխիվի բացասական պատասխանը մեզ: Արխիվը բաց չէ անգամ բոլոր հայերի համար»,- ասել է նա եւ պնդել, որ իբր արխիվի տնօրինությունն «ընտրողաբար» է մոտենում այն ուսումնասիրել ցանկացողներին: Թերթը տարակուսանք է հայտնել Հայոց ցեղասպանության իրողությունը «մերժելու» մասին Հալաչօղլուի հրապարակած 3 գրքերի վերաբերյալ, նշելով, որ եթե չեն ուսումնասիրվել հայկական աղբյուրները, ապա ինչպես է թուրքական պատմական ընկերությունը պնդում հակառակը: