«Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ հումորն է»,- ասում է դերասան Հրանտ Թոխատյանը

01/06/2008 Քրիստինե ՀԱԿՈԲՅԱՆ

– Մութ ու ցուրտ «ուրախ» տարիներին, երբ ընդամենը մեկ ժամով մարդկանց «որպես լավություն» լույս էին տալիս, մարդիկ միացնում էին հեռուստացույցը, դիտում հումորային հաղորդումները, որ գոնե ժամանակավորապես կտրվեին տխուր իրականությունից: Հումորը կարծես առաքելություն ուներ: Իսկ ո՞ւմ համար է, ո՞ւմ է ուղղված այսօրվա զավզակությունը, որը հումոր ենք անվանում:

– Խորհրդային Միության պես երկրներում հումորը կամ երգիծանքը երկրորդ, երրորդ շերտ ուներ: Երգիծանքը հասցեագրված էր, եւ այն տեղ էր հասնում: Ավելի ազատ՝ դեմոկրատական կարգերին մոտ երկրներում հումորն իր մեջ այլ տեսակներ է հավաքագրում: Երեւի թե դա է պատճառը, որ, օրինակ, ամերիկյան հումորը մեզ համար ոչ թե անհասանելի, այլ ուղղակի անհետաքրքիր է: Նույնն էլ մեր հումորն է նրանց համար: Հեռու չգնանք, այսօր Ռուսաստանում բազում հումորային հաղորդումներ կան, որտեղ հնչող հումորը մեզ համար արդեն անհասանելի է, որովհետեւ իրենք իրենց խնդիրների շուրջ են կատակում, իսկ մեր խնդիրներն այլ են: Եթե առաջ հումորի ընդհանուր շուկա ունեինք, եւ այդ շուկան միավորողը մեծ մասամբ ՈՒՀԱ-ն էր, ապա այսօր մենք չունենք թիմ, որով կարելի է ներկայանալ: Պատճառն այն չէ, որ չունենք ռուսալեզու երիտասարդներ, այլ այն, որ այսօր մենք տարբեր երգիծանք ենք պրոպագանդում եւ իրար չենք հասկանում: Այսօրվա մեր հումորը, անկեղծ ասած, տարօրինակ է: Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ հումորն է: Հաճախ այն պատուհանները, այն դռները, որոնք պետք է թակի երգիծանքը, փակ են:

– Ասացիք` ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ հումորն է: Կբացե՞ք փակագծերը:

– Պալատական խեղկատակները ժամանակին ամենաբարձր ինտելեկտի տեր մարդիկ են եղել, նրանք կարողացել են ճշմարիտ խորհրդական լինել իրենց արքաների համար: Եվ, չնայած, նրանց անվանել են՝ պալատական խեղկատակ, իրականում, նրանք են եղել ժողովրդի խոսքը թագավորին հասցնողները: Եթե արքան խելացի էր, խորհրդակցում էր իր խեղկատակի հետ: Այսօր այդ ամենը խեղաթյուրվել է. «պալատական» հասկացողությունը միայն բացասաբար է ընդունվում, իսկ պալատական խեղկատակները վերացել են, այդ իսկ պատճառով ժողովրդի ձայնը տեղ չի հասնում: ժողովուրդն ընկալում է այն, ինչ իրեն մատուցվում է, իսկ շատ հաճախ մատուցվում է ցածրաճաշակ, ոչ միշտ արդարացված հումոր: Դա էլ գալիս է նրանից, որ այսօր ընդհանուր ինտելեկտի բացակայություն կա: Այսօր ունենք երիտասարդության մի մեծ զանգված, որը, մեղմ ասած, ինտելեկտով չի փայլում եւ հեռու է մշակութային կյանքից: Դրա համար էլ մենք ունենք այն, ինչ ունենք՝ ցածրաճաշակ հաղորդումներ, ներկայացումներ, որտեղ հումորի փոխարեն՝ գռեհկություն է մատուցվում: Մակարդակը շատ ցածր է, համենայնդեպս, չի կարելի համեմատել 80-ականների կամ 90-ականների հետ: Քիչ են այն ինտելեկտուալ երիտասարդները, ովքեր պատշաճ մակարդակով հումոր են ներկայացնում:

– Այսօր պետք է, որ մեր պատգամավորները ժողովրդի ձայնը տեղ հասցնեն մեր «պալատականներին»: Նրանց մեջ խեղկատակներ կա՞ն:

– Ո՛չ: Մեր պատգամավորների մեջ կան ծիծաղելի դեմքեր, բայց դա չի նշանակում, որ նրանք խեղկատակներ են: Եթե մեր «պալատական» ասպարեզում խեղկատակներ լինեին, երեւի թե մեր վիճակն ավելի լավ կլիներ, քան այսօր է: Չնայած, ասեմ, որ մեր պետական այրերից ոմանք հումորի միջոցով փորձում են հասկանալ երկրի վիճակը: Մեր ներկայացումը՝ «Mea culpa»-ն, արդեն 6 տարի է` բեմում է, եւ շատ ու շատ պետական այրեր են այն դիտել: Ոմանք դիտել, հետո շուռ են եկել ու գնացել, ոմանք էլ` այն շատ երկար քննարկման առարկա են դարձրել, ինչն ինձ համար, անխոս, հաճելի է: ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս վարչապետ եղած ժամանակ, մեծ ուշադրությամբ դիտել էր այդ ներկայացումը, որից հետո մենք բավականին երկար զրույց ունեցանք: Կային դրվագներ, որոնց հետ նա համաձայն չէր, կային այնպիսիք, որոնք քննարկման թեմա դարձան: Բայց այն, որ ներկայացման մեջ բարձրացված հարցերն անկեղծորեն հետաքրքրել էին նրան` դա փաստ է: Մենք երնեկ կտայինք, եթե մեր պատգամավորների մեջ գոնե մի խեղկատակ լիներ:

– Հանդիսատեսը, ով 6 տարի գալիս է դիտելու «Mea culpa»-ն, գալիս է իրեն բեմի վրա տեսնելու, լսելու իր մեղքերի մասին: Այդ ամենից հետո նրա մտածելակերպի մեջ որեւէ բան փոխվո՞ւմ է, թե՞ ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է դահլիճում:

– Ցավոք սրտի, տեսել եւ ոչ միշտ է հասկացել: Ամեն ինչ թողել է դահլիճում եւ դատարկ դուրս եկել: Վեց տարի բեմից խոսում էինք այն մասին, ինչ տեղի ունեցավ այս տարի մարտի 1-ին: Այն մարդկանցից շատ-շատերը, ովքեր ընտրել էին Լեւոնին, դիտել են ներկայացումը եւ վերջում հոտնկայս ծափահարել՝ ներկայացման մեջ բարձրացվող հարցերը ճիշտ եւ արդիական համարելով, բայց հիմա նրանք անում են ճիշտ հակառակը: Խոսքն այն մասին էր, որ ամեն մի ժամանակաշրջան պետք է ստանա իր գնահատականը, եւ այն ամենի համար, ինչ կատարվել է մեր երկրում, պետք է պատժվեն մեղավորները: Պարտադիր չէ, որ դա լինի նախագահը, վարչապետը: Մեղավորները շատ են՝ մենք ենք: Մեր մեղքը կայանում է նրանում, որ չենք կարողանում մեղադրել մեզ մեր իսկ սխալների համար: Մինչեւ այսօր մենք որեւէ գնահատական չենք տվել ոչ հեռավոր անցյալում կատարվածին եւ դրա համար պատիժ կրողներ էլ չունենք: «Անցավ-գնաց» հոգեբանությամբ էինք ապրում, ու մի օր այդ ամենը պետք է ինչ-որ կերպ ժայթքեր: Դա տեղի ունեցավ միայն մի պատճառով. ի հայտ եկավ նախկին նախագահը, որին ես էլ մեծ հավատով ու ոգեւորությամբ 1991թ. իմ ձայնն եմ տվել, որովհետեւ այն օրերին ժողովրդական պոռթկումը, հավատը վաղվա օրվա հանդեպ մեծ էր, դրա համար էլ ավելի հեշտ էր խաբվելը: Երբ հավատդ մեծ է, խաբված լինելը բավականին ցավոտ է: Ու քանի որ խաբված ու ցավ կրած ժողովուրդը Լեւոնին ժամանակին գնահատական չէր տվել, չէր պատժել, տեղի ունեցան մարտի 1-ի իրադարձությունները: 10 տարի անց, երբ անցյալից որեւէ մեկն ի հայտ կգա, ում ժամանակին գնահատական չի տրվել, եւ ով պատիժ չի կրել իր մեղքերի համար, կրկնվելու է նույնը, ինչ եղավ մարտի 1-ին:

«Mea culpa»-ն խաղում ենք արդեն 6 տարի: Այնքան կուզենայի, որ հանդիսատեսը դիտեր այն այնպես, ինչպես այսօր դիտում ենք «Զգուշացի՛ր ավտոմեքենայից» ֆիլմը՝ բարի ժպիտով: Այնքան կուզենայի, որ ներկայացման շատ դրվագներ կորցնեին իրենց արդիականությունը, բայց ո՛չ, մենք ազգովի միտք չունենք փոխվելու: Պատահական չէ, որ գործողությունները կատարվում են 2015թ.: Տա՛ Աստված, որ գոնե 2015 թվին մենք, նայելով այդ ներկայացումը, ասենք. «Ինչ լավ է, որ այդ ամենն անցյալում է»: Իմ ամենաչսիրած արտահայտությունը` «Գնա՛ մեռի, արի՛ սիրեմն» է, սակայն այն խրված է հայի հոգեբանության մեջ:

– Փաստորեն անցյալով ապրող ա՞զգ ենք:

– Ոչ թե անցյալով ենք ապրում, այլ պարզապես չենք կարողանում գնահատել մեր ներկան: Երբ կսովորենք ճիշտ գնահատել մեր ներկան, մեր վաղվա օրն ավելի լավը կլինի: Այսօր երգիծաբանի, կատակերգուի խնդիրը կայանում է նրանում, որ բեմից, հեռուստատեսությունից, թերթից խոսի ժողովրդի եւ իշխանությունների հետ այն թեմաների շուրջ, որոնց մասին չի կարելի լռել: Ծիծաղեցնելն ամենաբարդ մասնագիտությունն է:

– Ծաղրածու Կարանդաշն ասում էր. «Ես չեմ կարող կատակել խաղաղության թեմայով, երբ շուրջս պատերազմ է»: Իսկ այսօր մեր բեմերից, հեռուստատեսությամբ հնչում է այնպիսի տաղտկալի ու գռեհիկ հումոր, որը, պարզ չէ, թե ում է ուղղված: Ջայլամի քաղաքականությա՞մբ են զբաղված մեր կատակերգուները, թե՞ իրոք տեղյակ չեն` ինչ է կատարվում երկրում:

– Գիտեք` նրանք, ովքեր զբաղվում են ջայլամի քաղաքականությամբ, այդքան վտանգավոր չեն, որքան նրանք, ովքեր անկեղծորեն չեն հասկանում իրենց շուրջը տիրող իրականությունը եւ «ամբախ-զամբախ հումորիկներ» են անում: Ի դեպ, այդ ամենով զբաղվում են բավականին տաղանդավոր երիտասարդներ: Իհարկե, կարելի է հումոր անել կենցաղային թեմաներով, կատակել այն ամենի շուրջ, ինչ կատարվում է մեր շենքերում, փողոցում, բակերում: Դա էլ է պետք, ուղղակի դա արվում է այնպես, որ ի հայտ է բերում միայն բացասականը: Այսօր շատ դժվար է ժպիտի միջոցով արցունք բերել:

– Գնալով հումորի մեջ շատանում է լկտիությունը, բայց մենք, միեւնույն է` ծիծաղում ենք դրանց վրա: Մարդու ֆիզիկական կամ մտավոր թերզարգացածության, տգեղության վրա ծիծաղելը նորմ է դարձել: Բայց չէ՞ որ ծիծաղել «այլանդակության» վրա, նշանակում է՝ խեղաթյուրված պատկերացում ունենալ հումորի մասին:

– Որովհետեւ ուրիշ բան չունեն ծիծաղելու, ցավում եմ դրա համար: Հումորը դարձել է անդեմ ու գորշ: Կա «գոտկատեղից ներքեւ» հումոր: Չի կարելի կայանալ մեկ ուրիշի դժբախտության հաշվին: Չեմ ընդունում հումորը, որը նսեմացնում է ազգի պատիվը: Կարելի է խոսել ազգի մասին, բայց կատակել նրա արժանապատվության կամ թերությունների շուրջ՝ իրավունք չունեն, ինչպես նաեւ՝ չի կարելի կատակել ազգային դրոշի, հիմնի, պետական ինստիտուտի շուրջ: Կարելի է կատակել կոնկրետ մարդկանց, բայց ոչ որեւէ կառույցի մասին: Պետք է փորձել կատակի միջոցով ուղղել սխալները, բայց ոչ ոտնատակ տակ:

– Մ. Ժվանեցկին մի անգամ ասել է, որ հումորը, որը պետք է ծիծաղ առաջացնի, հուզի, այսօր այնքան շատ է, որ համընդհանուր հռհռոցի է վերածվել: Հումորի քանակը թե՛ եթերով, թե՛ բեմում՝ բացատրվում է իր եկամտաբերությամբ: Քանակը բացահայտ ազդում է որակի վրա, իսկ դուք ի՞նչ եք անում այդ իրավիճակը շտկելու համար:

– Ես իմ գործն եմ անում բեմում: Բեմից դուրս, ինքս ինձ հետ երբեմն կոմպրոմիսի եմ գնում, որպեսզի ինձ համար շատ կարեւոր բան` աշխատանք ստեղծվի: Անգամ, եթե մի բան եմ անում, որը բոլորովին սրտովս չի, ես անում եմ 100 տոկոսով: Ասում եք` փողի՞ համար: Այո՛, այսօր շատ դժվար է գումար վաստակելը, որովհետեւ չունենք մանթաշովներ, գյուլբենկյաններ… Կամ, եթե ունենք, գործից չեն հասկանում, կամ էլ, եթե հասկանում են, փորձում են խառնվել, ու դու չես կարողանում անել այն, ինչ ուզում ես: Դրա համար պետք է ինքդ լինես քո հովանավորը, ինչով եւ ես զբաղվում եմ:

– Ինչի՞ մասին իրավունք չունենք լռելու եւ ինչի՞ վրա պետք է հաճախակի ծիծաղենք:

– Ընդհանրապես իրավունք չունենք լռելու: Եթե լռում ես, նշանակում է` համաձայն ես մի բանի հետ, որը քո սրտով չէ: Եթե լռում ես, նշանակում է՝ դա է քո որոշումը, այդ դեպքում լռի՛ր եւ լուռ ապրի՛ր քո որոշման հետ: Ինչի՞ վրա պետք է հաճախակի ծիծաղենք, իհարկե, ինքներս մեզ վրա: Եթե դու այնքան ուժեղ ես, որ կարող ես ծիծաղել ինքդ քեզ վրա, շատ ավելի հեշտ կարող ես ընդգծել դիմացինի թերությունները:

– Ինչի՞ վրա եք ծիծաղում տանը:

– Կարող եմ ասել, որ իմ աղջիկն է լավ ծիծաղում ինձ վրա: Մանկական հումորից մաքուր ու անկեղծ ոչինչ չկա: Ես չգիտեմ՝ երբեւէ կարո՞ղ եմ հասնել իմ աղջկա հումորի մակարդակին:

– Դուք 3 երեխա ունեք: «Պապան միայն իմն է» հասկացողությունը նրանց մեջ կա՞:

– Չկա: Ես բոլորին հավասարապես սիրում եմ, եւ նրանք դա զգում են: Նրանցից ամեն մեկն ունի «իր պապան», ինձ սխալ չհասկանաք: Բացի հայր եւ որդի հարաբերություններից, մեզ մոտ նաեւ ընկերական հարաբերություններ կան: Բայց առաջինն՝ իհարկե, հայր ու որդին է, ինչը միշտ պետք է պահպանել: Ընկերականը շատ կարեւոր է, որովհետեւ որքանով իրենք փորձում են հասկանալ ինձ, կրկնակի անգամ էլ ես եմ փորձում հասկանալ իրենց: Քանի որ կա սերունդների տարբերություն, կան երեւույթներ, որոնց շուրջ մենք տարբեր պատկերացումներ ունենք: Օրինակ` ռեպն ինձ համար երաժշտություն չէ, միգուցե դա մտածելակերպ է, բայց ոչ երաժշտություն, բայց տղայիս համար այն հասանելի է: Մեծ տղաս ապագա պրոդյուսեր է, արդեն ունի իր կարծիքն արդի արվեստի մասին, որի հետ ոչ միշտ եմ համաձայն: Միգուցե ապագայում իր աշխատանքով կապացուցի, որ ես սխալվում եմ: Վեճեր միշտ էլ լինում են, բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ գլոբալ իմաստով, կարեւորագույն հարցերի շուրջ մենք միակարծիք ենք:

– Վերջերս նշեցիք Ձեր 50-ամյակը: Այդ 50 տարիների ընթացքում եղե՞լ է մի դեպք, որի համար մինչ այսօր զղջում եք, եւ ո՞րն է այն շատ կարեւոր իրադարձությունը, որի համար հպարտ եք:

– Եթե ես այս 50 տարիների ընթացքում շատ մեծ սխալ եմ գործել, ապա այն վնասել է միայն ինձ: Կարող եմ հանգիստ խղճով խոստովանել, որ մեծ սխալ՝ դիմացինիս վնասող, չեմ արել իմ 50 տարիների ընթացքում: Իմ 50-ամյակին, երբ բոլորս ուրախ էինք, երբ ամեն ինչ «հի-հի, հա-հա»-ի մեջ էր, Արա Երնջակյանը պատմեց մի դեպք, որի համար ես այսօր հանգիստ գլուխս դնում եմ բարձին: Ես երբեք չեմ խոսել այդ թեմայով, բայց նա հիշեց այդ օրը: Երկրաշարժից մի քանի օր անց, երբ Գյումրիում աշխատուժ էր պետք, բոլորս գնացինք այնտեղ՝ օգնելու: Երբ վերադարձանք, որոշեցինք, որ պետք է անտուն եւ տառապած երեխաների համար խաղալիքներ տանենք, եւ քանի որ դեկտեմբերի 31-ը մոտենում էր, որոշել էինք նրանց համար ներկայացում ցուցադրել, որ գոնե ժամանակավորապես երեխաները վերադառնան մանկության մոլորակ: Երբ թատերախմբով հասանք Գյումրի, մեզ թույլ չտվեցին անցնել, ասացին, որ ներկայացման ժամանակը չի: Որքան փորձեցինք բացատրել նրանց, որ երեխաներին հարկավոր է այդ ողբից, թեկուզ ժամանակավորապես, դուրս բերել, մեզ չհասկացան: Բայց մենք ետ չդարձանք: Ճանապարհին մի եղեւնու վրա խաղալիքներ շարեցինք, ես հագա Ձմեռ պապի զգեստը, եւ դա տեսնելով, մի քանի րոպե հետո, երեխաների մի մեծ խումբ հավաքվեց մեր շուրջ: Դերասաններից ոչ ոք չկարողացավ դուրս գալ ավտոբուսից. այնքան ողբերգություն կար այդ երեխաների հայացքներում: Ես է՛լ չէի դիմանում, ժամանակ առ ժամանակ վերադառնում էի ավտոբուս, Արա Երնջակյանի ուսին ամուր հենված արտասվում էի ու վերադառնում երեխաների մոտ: Մենք նրանց համար խաղալիքներ էինք բերել, իսկ նրանք Ձմեռ պապից իրենց մամային, պապային ու տունն էին խնդրում: Մինչեւ հիմա մարմինս փշաքաղվում է` այդ երեխաների հայացքները հիշելով: Դա իմ կյանքի ամենաբարդ ներկայացումն էր, որը ես մինչեւ վերջ տարա՝ հանուն այդ երեխաների:

– Հանդիսատեսին, ով պատրաստվում է գալ ներկայացման, ի՞նչ կցանկանայիք ասել:

– Սիրելի՛ հանդիսատես, արի՛ խոսենք ու հասկանանք իրար: