Նոր փոխառություններ

01/06/2008

ՀԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Համաշխարհային բանկը որոշել է նոր փոխառություններ տրամադրել Վրաստանին եւ Ադրբեջանին: Ըստ այդմ` Թբիլիսին 13,8 մլն դոլար կստանա Զարգացման միջազգային ասոցիացիայի՝ Բանկի դուստր կազմակերպության գծով, որը մասնագիտանում է առավել կարիքավոր երկրների արտոնյալ վարկավորման բնագավառում: Նոր նախագիծը, որը նպատակամղված է աղքատությունն արմատախիլ անելու գործում կառավարության ջանքերի աջակցմանը, այդ նպատակով ՀԲ-ի կողմից Վրաստանին տրամադրված արդեն 4-րդ փոխառությունն է: Իսկ Ադրբեջանը կստանա 248,8 մլն դոլար ընդհանուր գումարի երկու փոխառություններից բաղկացած փաթեթ` 21 շրջկենտրոնների ջրատարների եւ կոյուղու համակարգի բարելավման համար: Հիմնական՝ 230-միլիոնանոց փոխառությունը հատկացվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի՝ Համաշխարհային բանկի խմբի գլխադաս կազմակերպության ստանդարտ պայմաններով, իսկ մնացած 18,8 մլն դոլարը՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի գծով: Վերջինիս 26,7 մլն դոլարի չափով եւս 1 արտոնյալ փոխառություն Բաքվին տրամադրվում է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգն ամրապնդելու համար: