Հաղթելու ցանկությամբ՝ ոչ ոքի

01/06/2008

«Մենք միշտ էլ դուրս ենք գալիս խաղադաշտ` հաղթելու համար»,- երեկ երեկոյան կայանալիք Մոլդովա-Հայաստան հանդիպումից առաջ «Ա1+»-ին ասել է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը:

«Նմանատիպ հանդիպումները շատ օգտակար են հավաքականի համար: Մարզիչը հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալ ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստները` մարզչին եւ նրա պահանջներին»,- նշել է ֆուտբոլիստը: Նշենք, որ մոլդովացիները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում են 38-րդ հորիզոնականը` միանգամից 52 տեղով գերազանցելով Հայաստանին, սակայն Արզումանյանի կարծիքով` դա չի կարող ազդել հանդիպման ելքի վրա. «Իրոք Մոլդովայի զբաղեցրած դիրքը վարկանիշային աղյուսակում զարմանք է առաջացնում: Սակայն մենք դուրս չենք գալիս խաղադաշտ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակին կարեւորություն տալով: Անկախ նրանից, ով որ հորիզոնականն է զբաղեցնում, մենք հաղթելու մտադրություն ենք ունենում»: Հավաքականում իր նորամուտը նշելու հնարավորություն է ստացել Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Մարկոսը, որի դեմ Ռոբերտը հանդես է եկել նախորդ տարիներին, երբ դեռ «Փյունիկի» կազմում էր: «Մարկոսը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա հիմնականում ավելի խորքից էր հանդես գալիս «Արարատում», եւ նրան գնդակի համար պայքարում գրեթե չէինք հանդիպում: Ամեն դեպքում կասեմ, որ շատ վտանգավոր հարձակվող է եւ կարող է օգուտ տալ հավաքականին»,- ասել է Ռ. Արզումանյանը, ով ներկայումս հանդես է գալիս դանիական «Ռանդերսում», որը օրերս ավարտված Դանիայի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: «Դանիական թիմերի միջեւ առկա տարբերությունը շատ մեծ չէ: Այստեղ նույնիսկ ետնապահն էլ կարող է հաղթել առաջատարին: Քանի որ «Ռանդերսը» կարճ պատմություն ունեցող ակումբ է, այս արդյունքը կարելի է գնահատել բավարար»: Ռոբերտի կարծիքով՝ Դանիայի առաջնության մակարդակը ներկայումս բավական բարձր է: «Բոլոր թիմերն էլ ֆիզիկապես շատ լավ են պատրաստված, ինչը նրանց թույլ է տալիս արագ ֆուտբոլ խաղալ: Բոլորն էլ փորձում են պրեսինգի ենթարկել մրցակցին: Մտածելու ժամանակ խաղադաշտում չկա, քանի որ տարածություն չեն տալիս, ազատ գործելու հնարավորություն չկա»,- նշել է նա: Ֆուտբոլիստն արդեն լիովին հարմարվել է Ռանդերս քաղաքին եւ դրանում իրենց ներդրումն ունեն նաեւ տեղաբնակ հայերը: «Սկզբում, ինչպես գիտեք, հիմնական կազմում անհասկանալի պատճառներով չէի հայտնվում, բայց հետագայում ամեն ինչ հարթվեց: Արդեն հարմարվել եմ թե՛ քաղաքին, թե՛ ակումբին: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ թիմի ֆուտբոլիստների հետ: Ռանդերս քաղաքում 10 հայկական ընտանիք կա, որոնցից 3-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եւ գրեթե ամեն օր հանդիպում ենք»,- պատմել է Ռոբերտ Արզումանյանը, ում նախկին ակումբը` «Փյունիկը», ներկայումս այնքան էլ հաջող հանդես չի գալիս Հայաստանի առաջնությունում: Թիմից հեռացել են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, եւ այժմ չեմպիոնի հիմնական կազմում մեծ թիվ են կազմում երիտասարդները: Ռոբերտը եւս ժամանակին պատանեկան տարիքում է նշել իր նորամուտն այս ակումբում, ինչի մասին պատմել է. «17 տարեկան էի, երբ առաջին անգամ «Փյունիկի» կազմում դուրս եկա խաղադաշտ: Ներկայիս «Փյունիկում» միայն Սարգիս Հովսեփյանը եւ Կարեն Դոխոյանն են փորձառու, իսկ այն ժամանակվա թիմի կազմն անհամեմատ ուժեղ էր: Կային արտասահմանցի եւ տեղացի փորձառու ֆուտբոլիստներ, որոնց թվում էին նաեւ Վարդան Մինասյանը եւ Արթուր Մկրտչյանը: Միայն մարզվելով եւ խաղալով կարելի է հաղթահարել դժվարությունները: Ամեն ինչ իր ժամանակին կլինի»: