Գիտության հարցական նշանը

01/06/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Գիտությունն անհրաժեշտ է ժողովրդին։ Այն երկիրը, որը դա չի զարգացնում՝ անխուսափելիորեն վերածվում է գաղութի» (Ֆ. Ժոլիո-Կյուրի)։ Մեր պետության օրինակը լիովին անհերքելի ապացույցն է ֆրանսիացի մեծ ֆիզիկոսի խոսքերի։

Այն, որ այսօր մեր պետությունն իջել է սոսկ սպառողի մակարդակի եւ բոլոր առումներով կախյալ վիճակում է արտաքին աշխարհից, չի կարող ժխտել անգամ (եթե ոչ խոսքով, ապա փաստերով) մեր իշխանության ամենաջերմեռանդ փաստաբանը։ Բավական է մի քանի հարց, որպեսզի պատկերն ավելի քան պարզ լինի.

1. Ինչո՞վ է զբաղված այսօր գիտնականը։
2. Ինչքա՞ն է վաստակում նա (ոչ թե կոշկակարությամբ, այլ հենց գիտությամբ)։
3. Ի՞նչ պայմաններում է ապրում (ունի՞ աշխատասենյակ, համակարգիչ եւ այլն)։
4. Քանի՞ գիտական լաբորատորիա է գործում։
5. Ի՞նչ արտադրանք է տալիս այսօր գիտությունը։
6. Ինչքա՞ն է պետության ֆինանսական եւ բարոյական ներդրումը գիտության մեջ։
7. Ինչո՞ւ են գիտնականի կոչումով երիտասարդները լրացնում այս կամ այն չինովնիկի քարտուղարների շարքերը (անշուշտ, ոչ գիտության հետ չինովնիկի սերտ կապից. կարծես, դա էլ ջիպի պես մի բան է, որ լավ չինովնիկը պիտի ունենա)։

Հենց այս տեղից չեմ ուզում արդեն հարցերը շարունակել, քանի որ գիտության նկատմամբ վերաբերմունքն ավելի քան ակնհայտ է դառնում։ Չէ, ոչ ոք թթու խոսք չի ասում գիտության հասցեին, բայց գիտությունը մեզ պետք է դիպլոմների ու կոչումների տեսքով, որը նույնպես շուկայական հարաբերության խնդիր է եւ շոու-բիզնեսի պես մի բան. ով ինչքան (փող) ունի, նա էլ գիտնական է, գիտության թեկնածու, դոկտոր ու ակադեմիկոս (հետո՞ ինչ, որ կապ չունի գիտության հետ. դա կարեւոր էլ չէ)։

Այն, որ ստեղծել ու ապրում ենք բարբարոսական համակարգում, բավական է մի օրինակ՝ հասկանալու կամ չհասկանալու արժեքները գնահատելու տրամաբանությունը, սանդղակը, որով չափվում է չինովնիկի աթոռ մաշելու (ներառյալ՝ ԱԺ պատգամավորը) եւ արարող մարդու արտադրանքը. եթե չինովնիկի մեկամսյա աշխատավարձը միջին հաշվով կազմում է 300.000 դրամ (+կաշառք+բիզնես), ապա գիտնականի միջին աշխատավարձը՝ 45.000 դրամ (-կաշառք-բիզնես+պարտք, պարտք, պարտք)։ Եթե պետությունը դիտարկենք որպես ամբողջական մարմին, ապա ճնշման այսպիսի տարբերությանը բնության որեւէ էակ չի դիմանա եւ, ի վերջո, կաթվածահար կլինի (բժիշկները դա շատ լավ գիտեն), եւ այսօր մեր պետությունը ոչ թե դրա վտանգի առջեւ է կանգնած, այլ հենց կաթվածահար է, կաթվածահար է իր բոլոր անդամներով (եւ այս պարագայում ոչ մի աստղաբաշխական թվերով արտահայտված գումար չի փրկի, ուր մնաց 300.000-ը)։ Գիտությունը շոու չէ, ոչ էլ գիտնականը՝ երգիչ-երգչուհի, որ մի օրում փայլեցնես ու կանգնեցնես եվրոբեմերում, ինքդ քեզ համոզելով, թե սիրամարգի ամենալավ պոչը քոնն է։ Գիտությունը չի կարող ինքն իրեն ֆինանսավորել եւ ոչ էլ որեւէ մի հովանավորի խնդիր է. գիտությունը տարիների ջանադիր, մանրակրկիտ աշխատանք է, մաքառման ուղի եւ հաճախ զանգվածների համար հասկանալի ու տեսանելի չէ նրա արտադրանքը, բայց մարդկությունը գոյատեւում է հենց այդ արտադրանքի հաշվին (ներառյալ՝ չինովնիկները եւ զանազան բեմերում փայլփլող աստղերը), ուստի պետական բյուջեն, առաջին հերթին, հիմնավորապես (եւ ոչ զեկուցագրերի համար) նախ եւ առաջ պետք է լուրջ ֆինանսավորի, անհրաժեշտ աշխատանքային եւ կենցաղային պայմաններ ապահովի գիտական զանգվածի համար (անկախ նրա ընտրազանգված լինելու հանգամանքից), եւ պետությունը ի՛նքը պետք է գնա գիտության դուռը եւ ոչ՝ հակառակը (գիտնականներից մանկլավիկներ սարքելու սովորությունն անդրադառնում է ոչ միայն գիտության, այլեւ պետության մակարդակի վրա). եթե տվյալ պետության մեջ չկա մտքի արտադրանք, ապա այդ պետությունն իր նավթային, ոսկու եւ այլ բազմապիսի փող բերող հանքերով ի՛սկ շատ հանգիստ կարող է ենթարկվել գերտերությունների ճնշման կամ շահարկման (վկա Իրաքի, Ադրբեջանի օրինակը)։

Հարստություն ունենալը քիչ է. պետք է կարողանալ այն պաշտպանել, գործի դնել, բազմապատկել, դրանից քամել առավելագույնը (խոսքս եվրովերանորոգման մասին չէ), հող ստեղծել ներկայի եւ ապագայի սերունդների համար (միայնակ հարուստ մարդը բազում չքավորների մեջ չի կարող երջանիկ լինել. ուրախությունը կիսվելու բնավորություն ունի. չորս պատի մեջ միայնակ ծիծաղող մարդն առնվազն խելագար է), բայց ի՞նչ է անում այն մարդը, որ պատը քանդելու առաջարկ արեց…