«Չերեզ Աշտարակ՝ Մոսկվա»

22/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Արմավիա» ավիաընկերության կազմակերպած Երեւան-Փարիզ-Երեւան չվերթից
հաճախակի օգտվող ուղեւորներից մեկը դժգոհում էր, որ վերջին ժամանակներս
չվերթն իրականացնող «Աէրոբուս-320» ինքնաթիռը դժվարությամբ է վայրէջք
կատարում: Ամեն անգամ նրանք վախենում են, որ դա իրենց վերջին վայրէջքն է
լինելու: Ինքնաթիռի անսարքության մասին մենք պարզաբանում խնդրեցինք
ընկերության գրասենյակից:
«Արմավիայի» հասարակայնության հետ կապերի բաժնի մենեջեր Գարիկ Սիրոյանը
հեռախոսազրույցի ժամանակ այսպես ներկայացրեց վիճակը. «Այդպիսի 2 դեպք է
եղել ընդամենը, մեկ ամիս առաջ: Դրանք շատ թեթեւ անսարքություններ էին: Մի
դեպքում թռիչքը հետաձգվել է մեկ օր, ուղեւորներին մեր հաշվին տեղավորել
ենք հյուրանոցներում: Ինքնաթիռը թռել է Ֆրանկֆուրտ, վերանորոգել է անսարք
մասերը ու շարունակել իր երթուղին»:
Իսկ ներկայանալ չցանկացող մի ուղեւոր էլ պատմում է, որ իրենց հյուրանոց են
տեղավորել Փարիզի օդանավակայանում երկար սպասելուց հետո եւ միայն այն
դեպքում, երբ իրենք աղմուկ են բարձրացրել: Ուղեւորների պատմելով՝ մարտի
31-ի թռիչքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: «Արմավիայի» աշխատողները
նույնիսկ չեն ցանկացել բացատրել, թե որն է պատճառը: Իրավիճակի մասին
բացատրություն են տվել միայն այն ժամանակ, երբ աղմուկ է բարձրացրել
գերմանացի մի բժիշկ:
«Պատկերացնո՞ւմ եք, թռիչքի սպասող ուղեւորների մեջ կային շատ երեխաներ ու
ծերեր, գործունյա մարդիկ, նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ
մեզ հետ էր,- վրդովված պատմում է ուղեւորը: -Երեխաները լաց էին լինում,
ծերերը՝ վատանում, իսկ այդ աշխատողները մեզ ասում էին՝ մի փոքր սպասեք՝
մենք ձեզ սենդվիչներ կբաժանենք: Հետո մեզ ասացին, որ պետք է թռնենք
Ֆրանկֆուրտ՝ ինքնաթիռը վերանորոգելու, դրանից հետո իջնենք Ամստերդամ՝
Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային թիմը վերցնելու, դրանից հետո նոր Երեւան:
Պատկերացնո՞ւմ եք՝ չերեզ Աշտարակ՝ Մոսկվա, հլա մի բան էլ ավելի: Ես իմ այս
խոսքը որպես բաց նամակ ուղղում եմ «Արմավիայի» ղեկավարությանը, ավիացիայի
ղեկավարությանը ու Ռոբերտ Քոչարյանին: Իմանան, որ սա ավիաընկերություն չէ,
անընդհատ էս վիճակով թռիչք չի կարելի կազմակերպել: Այնտեղ Ամերիկայից
եկողներ էլ կային, նույնիսկ 1915թ. ծնված մի ծեր պապիկ, որ եկել էր
Հայաստանում մեռնելու: Նա օդանավակայանում շատ վատ զգաց ու վախենում էր,
որ Հայաստան չի հասնի: Այլ երկրներից Փարիզով Երեւան թռնողներն ասում էին,
որ այսուհետ Վիեննայով են գալու: Էլ չեմ ասում, թե թռնելու ժամանակ
սպասարկումն ինչքան վատ է: 1000 դոլար տալիս ենք, որ հոգնած ու քայքայված
ներվերով Երեւա՞ն հասնենք: Ես բողոք նամակ եմ գրել, որի տակ ստորագրել է
42 ուղեւոր»:
Այսպիսի դեպքեր ու բողոքներ շատ կլինեն, քանի դեռ հայկական ավիացիայի
ոլորտում տիրում է մենաշնորհային իրավիճակ: Հիշեցնենք, որ վերջին
տարիներին «Արմավիային» հանձնվեց «Հայկական ավիաուղիներ» պետական
ընկերության ամբողջ փաթեթը, իսկ այս տարի հունվարի 1-ից նրան հանձնվեցին
նաեւ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերության չվերթերը: Այսինքն,
«Արմավիան» դարձավ Հայաստանից բոլոր ուղղություններով թռիչքներ
իրականացնելու բացառիկ մենատերը (չհաշված՝ արտասահմանյան ընկերությունների
թռիչքները): Երկրի համար ռազմավարական ու տնտեսական մեծ նշանակություն
ունեցող այս ոլորտի մոնոպոլիստ «Արմավիա» ընկերության խոշոր բաժնետերը
ռուսական «Սիբիրավիա» ընկերությունն է: