Վերցնել հավասար քանակությամբ անիսոնի սերմեր, երիցուկ, անանուխ: Սերմերը տրորել կամ աղալ, որպեսզի եթերային յուղերը լուծվեն ջրում: Մեկ թեյի գդալ խառնուրդի վրա լցնել մեկ բաժակ եռջուր, քամել եւ ավելացնել 1-2 ճաշի գդալ մեղր: 10 րոպե թրմել: Օգտագործում են աղեփքության ժամանակ:
Միզամուղ թեյ. Վերցնել հավասար քանակությամբ գիհու պտուղներ, մատուտակի եւ եզնարգելի արմատներ: Մեկ ճաշի գդալ հումքի վրա լցնել մեկ բաժակ եռջուր: Թրմել թերմոսում մեկ ժամ, քամել: Ըմպել օրը երեք անգամ` 1-2 ճաշի գդալ:
Լեղամուղ թեյ. վերցնել հավասարաչափ եղերդակի եւ խատուտիկի արմատներ, անթառամ: Այս խառնուրդից մեկ ճաշի գդալ 5-10 րոպե եփել մեկ բաժակ եռջրում: Խմել գոլ վիճակում` օրը երեք անգամ:
Միայն կանանց համար
Վեց գրամ էլեուտերոկոկի մանրացրած հումքին ավելացնել մեկ բաժակ տաք ջուր: 10 րոպե թրմել գոլորշու վրա: Սառեցնել, ապա քամել մի քանի շերտ թանզիֆի միջոցով եւ այնքան եռման ջուր լցնել, որ թուրմի ծավալը հասնի սկզբնական չափին: Պահել զով տեղում երեք օր: Խմել ճաշի գդալով, 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Էլեուտերոկոկով պատրաստված դեղերը պետք է օգտագործել 2-3 շաբաթից ոչ ավելի, այնուհետեւ մեկ ամիս ընդմիջում տալ: Հետո նորից կրկնել: Երկարաժամկետ օգտագործում խորհուրդ չի տրվում: Հիպերտոնիկ հիվանդներին հակացուցված է:
Էլեուտերոկոկը կիրառվում է նաեւ ֆիզիկական եւ մտավոր գերհոգնածության, արյան ցածր ճնշման դեպքում: Դեղաբույսն օգնում է հաղթահարելու անքնությունը, անաշխատունակությունը, ընդհանուր հյուծվածությունը:
Էլեուտերոկոկի ոգեթուրմ. 50 գ մանր կտրատած չոր արմատների վրա լցնել կես լիտր լավորակ օղի եւ թրմել մեկ շաբաթ` պարբերաբար թափահարելով այն: Խմել մեկ թեյի գդալ՝ օրական 2-3 անգամ: Բուժումը՝ մեկ ամիս: