«Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական առումով գտնվում են ցանկալի մակարդակի վրա»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Նրա հավաստմամբ` անհրաժեշտ բանակցություններ եւ «հետամուտ աշխատանքներ» են տարվում Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի, նաեւ՝ Իրան-Հայաստան տնտեսական ֆորումի անցկացման ժամկետների հստակեցման ուղղությամբ: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է ԻԻՀ էներգետիկայի նախարարի այցը Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ Մեղրու ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հարցերը: Էլեկտրակայանի կառուցումը նախագծման փուլում է, գեոտեխնիկական էտապը շուտով կավարտվի: Իսկ Իրան-Հայաստան գազամուղի աշխատանքները Հայաստանի տարածքում գտնվում են ավարտական փուլում: Ս. Ալի Սաղայանի խոսքերով` այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի: Նավթազտարանի բնագավառում ուսումնասիրվում են տեխնիկատնտեսական հնարավորությունները եւ շարունակվում են Իրան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ բանակցությունները: Աշխատանքային խմբի հաջորդ նիստը, ի դեպ, տեղի կունենա մայիսի վերջին: Դեսպանը տեղեկացրել է, որ երկու երկրների երկաթգծերի միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները փոխանակվել են կողմերի միջեւ. շարունակվում են բանակցություններն ու ուսումնասիրությունները: Նախորդ տարի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 181 միլիոն դոլար: 2007թ. հոկտեմբերին բացված Հայաստան-Իրան նոր հաղորդակցության ուղին, Ս.Ալի Սաղայանի գնահատմամբ, կարեւոր ազդեցություն է ունեցել ճանապարհային փոխադրումների դյուրացման եւ երկու երկրների առեւտրականների ու քաղաքացիների երթեւեկության համար: Նրա համոզմամբ` ճանապարհատրանսպորտային նշանների, ճանապարհային եզրային պատնեշների տեղադրման ամբողջացմամբ ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը կբարձրանա: