Այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն ամոթանք տվեց
իշխանամետ ուժերին, որոնք համարձակվել էին ստորագրել այն հայտարարության
տակ, որով դատապարտում էին Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության հետ
կատարված դեպքերը, նույն քաղաքական ուժերը շտապեցին հայտարարել, թե իրենք
որեւէ բանից անհարմար չեն զգում ու, իբր, իրենք շատ լավ գիտակցել են, թե
ինչի տակ են ստորագրում, որի համար էլ պատասխանատվություն են կրում` անկախ
նրանից, թե Ռ. Քոչարյանի վերաբերմունքն ինչպիսին կլինի:
Սակայն հայտարարության հենց հաջորդ օրն արդեն այդ կուսակցությունները`
տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեցին մասնակցել հերթական
քննարկումներին: Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը` մեր` «Մասնակցելո՞ւ եք
հետագա քննարկումներին» հարցին ի պատասխան՝ շատ կտրուկ ասաց. «Ո՛չ», ու
հեռացավ` զարմանալով, թե ինչպես կարելի է իրեն նման հարց տալ: Իսկ ՄԱԿ
խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը նշեց, թե ինքն անձամբ մասնակցել
է առաջին հանդիպմանը եւ ստորագրել է հայտարարության տակ, իսկ դրան
հաջորդած նիստին այլեւս չի մասնակցել, չնայած խոստմանը, որ այդ
քննարկումները պետք է շարունակական լինեն: «Ճիշտն ասած, որոշակի
գնահատականներ ունեմ այդ նիստի հետ կապված. այնտեղ ո՛չ կոնստրուկտիվ
ինչ-որ որոշում եղավ, ոչ էլ այդ հավաքի իմաստը հասկանալի եղավ, այնտեղ
չուրվագծվեց որեւէ կոնստրուկտիվ առաջարկ»,- հայտարարեց Գ. Ղոնջեյանը, որը,
որքան էլ տարօրինակ է` չհասկանալով անգամ «հավաքի իմաստը», ստորագրել է
հայտարարության տակ: «Իսկ հետո մենք Սահմանադրություն էինք ներկայացնում,
եւ չեմ կարծում, թե այդ հավաքն ավելի կարեւոր էր, քան երկրի Գլխավոր
օրենքում փոփոխությունների մեր նախագծի ներկայացումը: Հիմա էլ չենք
պատրաստվում մասնակցել, որովհետեւ մենք ունենք բյուջեի տարեկան
հաշվետվության քննարկում, հանդիպում Յեժի Յասկերնիայի, ՏԻՄ եվրոպական
փորձագետների հետ»,- ասաց ՄԱԿ պատգամավորը: Մեր հարցը, թե Յասկերնիայի հետ
հանդիպումն ավելի կարեւո՞ր է, քան այն խոշտանգումները, որոնք տեղի են
ունենում մեզ մոտ, զայրացրեց Ղոնջեյանին. «Մենք շատ ծանր, պլոտնի գրաֆիկ
ունենք, եւ ես նշագրեցի, թե մենք ինչով ենք զբաղվելու»: Իսկ «Ինչո՞ւ եք
ստորագրել հայտարարության տակ, եթե այն անհասկանալի էր եւ չէիք
մասնակցելու հետագա գործընթացներին» հարցին Ղոնջեյանը պատասխանեց. «Մենք
այդ հայտարարությունը ստորագրեցինք, որովհետեւ ամբողջությամբ կիսում ենք,
որեւիցե այլ պարտավորություն ոչ այլ քաղաքական ուժերի, ոչ մեր ընտրողների
առջեւ չենք ստանձնել եւ կվարվենք այնպես, ինչպես կգտնենք նպատակահարմար»:
Իսկ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք
այդ քննարկումներին մասնակցել են իրենց նախաձեռնությամբ, եւ որեւէ հրավեր
«Նոր ժամանակների» կողմից չի եղել: Բացի այդ, ինչպես վստահեցրեց Կ.
Կարապետյանը, իրենք ընդամենը մեկ նիստի չեն մասնակցել. «Մենք պնդում ենք
նույնը, եւ մեր գնահատականը միանշանակ է, ինչի տակ մենք ստորագրում ենք,
պնդում ենք,- ասաց Կ. Կարապետյանը։ -Այնպես չէ, որ այսօր ինչ-որ բանի տակ
ստորագրենք, հետո ասենք, թե դա այդպես չէ: Մենք մեր համոզմունքների
շրջանակներում ենք գործում եւ համոզված ենք, որ ճիշտ ենք արել: Եթե
ֆորմատի խնդիր չլինի, ու սեղանին դրվեն այն խնդիրները, որոնք մեզ համար
կարող են քննարկելի թեմաներ լինել, բնականաբար, կմասնակցենք, բայց արդեն
նկատելի է, որ աստիճանաբար ֆորմատի եւ խնդիրների քննարկման փոփոխություն
կա: Թող խնդիրները դնեն սեղանին, մենք կկողմնորոշվենք»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ հայտարարեց, թե իրենք
սպասում են նախաքննության ավարտին, որից հետո կորոշեն, թե ինչպիսի
գնահատականներ կտան: «Մենք քննադատեցինք քրեածին տարրերի մասնակցությունը
քաղաքական գործընթացներին, իսկ հիմա կտեսնենք, թե նախաքննությունն
ինչպիսին կլինի, ինչպիսի արդյունքներ կտան, հետո մեր գնահատականը կտանք:
Այսպես օդի մեջ հիմա նորից ո՞ւմ քննադատենք, ես չգիտեմ»: Մեր այն
նկատառմանը, թե իրենց այս խուսափողականությունն արդյոք չի՞ վկայում այն
մասին, որ, այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանի հայտարարությունից իրենք իսկապես
սկսել են անհարմար զգալ, Ս. Բալասանյանը պատասխանեց. «Մենք հստակ մեր
դիրքորոշումն արտահայտեցինք, ստորագրեցինք, նույնիսկ այդ տեքստը կազմելու
ժամանակ մասնակցություն ունեցանք, այնպես որ, դատապարտում ենք նմանատիպ
երեւույթները: Որեւէ մեկը չպետք է մասնակցի քաղաքական գործընթացներին: Եթե
քաղաքական ուժերը, կուսակցությունները, ժողովրդավարությունը,
իշխանությունները հիմնականում կազմվում են կուսակցությունների միջոցով,
ժողովրդի ընտրություններով, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ քրեածին
տարրը, ուժային կառույցները կամ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն
այդ պրոցեսների հետ, իրավունք չունեն մասնակցելու: Մենք ոչ միայն այս
պահին, այլեւ ընդհանրապես ենք դատապարտելու նմանատիպ դեպքերը: Տարբեր
կարծիքներ, մեկնաբանություններ կան, եւ մենք իրավունք չունենք հիմա
միջամտելու այդ նախաքննությանը»: