Առաջարկը մերժել են

29/05/2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն ուրբաթ օրը մերժել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը: Այս մասին «Ազատությանն» ասել է Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա` վերոնշյալ խորհրդի ձեւավորման աշխատանքային խմբում ընդգրկվելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն այն դեպքում, երբ կատարվեն իրենց ներկայացրած նախապայմանները` ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, չեղյալ հայտարարվեն հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններն ու անկախ հետաքննություն իրականացվի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է` երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, այդ քաղաքական ճգնաժամից ելնելու համար անհրաժեշտ է երկխոսություն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որի ժամանակ մենք փոխհամաձայնեցված լուծումներ կգտնենք այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Բայց մինչեւ այդ երկխոսությունը սկսվի, գոյություն ունեն շատ հստակ ձեւակերպված նախապայմաններ, ընդ որում` ձեւակերպված են դրանք Եվրոպայի խորհրդի կողմից: Մենք անգամ ավելի ճկուն ենք, քան Եվրոպայի խորհուրդը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք երկխոսության այն բանից հետո, երբ ազատ կարձակվեն բոլոր քաղաքական բանտարկյալները»,- ասել է Զուրաբյանը` նկատելով, թե այլ մոտեցում դրսեւորելը կլիներ «անբարոյական»: «Եթե մենք նստենք բանակցությունների սեղան, եւ մեր ընկերները դեռ անազատության մեջ լինեն, դա կնշանակի, որ իշխանությունները մեզ ներքաշել են պատանդների առեւտրի մեջ: Այսինքն` նրանք ամեն մի պատանդին ազատելու համար մեզանից պետք է քաղաքական փոխզիջում կորզեն: Նման անբարոյական առեւտրի մեջ մենք չենք ներքաշվելու»,- հայտարարել է նա: «Ինչ վերաբերում է այդ Հանրային խորհրդին կամ որեւէ այլ հարցի, ապա դա նրանց կողմից առաջարկված լուծումներն են քաղաքական ճգնաժամի: Մենք էլ ունենք մեր կողմից առաջարկված լուծումներ. օրինակ` արտահերթ նախագահական ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս բոլոր հարցերը մենք կարող ենք քննարկել, բնականաբար, նշված նախապայմանների կատարումից հետո»,- ասել է նա` եզրափակելով, թե երկխոսությունը, որի մասին շատ են խոսում իշխանությունները, նշանակում է, որ իշխանության եւ ընդդիմության կողմից լիազորված ներկայացուցիչները պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկեն փոխհամաձայնեցված լուծումներ: «Այդ ֆորմատից դուրս որեւէ բան երկխոսություն համարվել չի կարող… Երկխոսությունը բանակցություն է, որը տալիս է արդյունքներ… Մինչեւ քաղբանտարկյալները չազատվեն, Հայաստանում լարվածության թուլացման մասին խոսք չի կարող լինել»,- ընդգծել է Համաժողովրդական շարժման ներկայացուցիչը: Իսկ ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ով հայտարարել էր, թե Հանրային խորհրդի ձեւավորմանն ուղղված քննարկումների շրջանակում դիմելու են նախագահի բոլոր նախկին թեկնածուներին, նախկին նախագահներին, արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմադիր ու իշխանամետ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում չէր բացառել ստեղծվելիք Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում ընդդիմադիր գործչի, օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի, թեկնածության առաջարկվելու հնարավորությունը` ասելով. «Խնդրեմ: Թող անձամբ ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը գա (ոչ թե ներկայացուցիչ ուղարկի, գա ինքը` անձամբ), մասնակցի այս Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացներին, անի առաջարկություններ, մենք ստեղծենք մի կարգ, ըստ որի` ինքը կարող է դառնալ այդ Հանրային խորհրդի ղեկավար»: