ՕԵԿ-ը դառնում է մեծամասնություն. ՀՀԿ-ի հաշվին

29/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել, որի նպատակն իրականում երկու օրենքներ ընդունելն էր: Իհարկե, նիստի օրակարգում եւս 16 օրենքի նախագծեր կային, սակայն դրանք ընդունվեցին կայծակնային արագությամբ: Իսկ երեկվա արտահերթ նիստը պայմանականորեն կարելի է անվանել՝ «Օրինաց երկիր» կուսակցության համար նոր պաշտոններ ստեղծելու մասին»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանի կուլիսներում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու եւ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 3-ով ավելացնելու հնարավորությունը: Դա հիմնականում պայմանավորվում էր խորհրդարանի ղեկավար պաշտոններում ընդդիմության ներգրավվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ, ինչն էլ իր հերթին կարող էր ներկայացվել՝ որպես ԵԽ ԽՎ պահանջների կատարմանն ուղղված քայլ: Հիշեցնենք նաեւ, որ համենայնդեպս, մինչեւ երեկ ԱԺ-ում միակ ընդդիմադիր ուժը «Ժառանգություն» խմբակցությունն է` իր 7 պատգամավորներով: Սակայն երեկ անսպասելիորեն հայտնի դարձավ, որ խորհրդարանական «ընդդիմությունը» ՕԵԿ-ն է, որին էլ պետք է պաշտոններ ու լիազորություններ տան:

Ընդ որում, անցած շաբաթ, երբ պաշտոնապես հրապարակվեց, որ ԱԺ պատգամավորները նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք` ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը քննարկելու նպատակով, հնարավոր չեղավ պարզել, թե հատկապես ովքե՞ր են նախաձեռնողները: Սակայն այս պատմության վրա երեկ լույս սփռեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` հայտարարելով, որ նախաձեռնողն «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն է, նրան հրավիրեց փոփոխությունների նախագիծը ներկայացնելու: Հ.Մարգարյանը մոտեցավ ամբիոնին եւ հատուկ ընդգծեց, որ իրենից բացի, նախաձեռնողների շարքում են նաեւ դաշնակցական Արա Նռանյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, որը ընդամենը մի քանի օր առաջ «168 Ժամին» տված հարցազրույցում համառորեն պնդում էր, որ ՕԵԿ-ն այլեւս ոչ թե ընդդիմություն է, այլ իշխանություն:

Իսկ երեկվա նախաձեռնությունն իսկապես փորձ էր արվում ներկայացնել ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների կատարման շրջանակներում: Այսինքն` իշխանությունները, ինչպես եւ կանխատեսել էինք, հերթական անգամ որոշել են «թոզ փչել» եվրոպացիների աչքերին եւ ուզում են մի հարվածով երկու նապաստակ սպանել` միանգամից ավելացնել «ընդդիմության» լիազորությունները խորհրդարանում եւ բավարարել Արթուր Բաղդասարյանի պահանջները: Հասկանալի է, որ Ա.Բաղդասարյանը նախագահի ընտրությունների ժամանակ հենց այնպես ընդդիմություն չխաղաց ու ընտրություններից հետո կոալիցիայի մաս չկազմեց: Եվ կառավարությունում նախարարների պորտֆելներ ստանալուց հետո պետք է փորձեր «ամրապնդվել» նաեւ ԱԺ-ում, ինչը եւ, փաստորեն, տեղի ունեցավ: Իսկ խորհրդարանական արդեն իրական ընդդիմություն «Ժառանգություն» կուսակցությունը դեմ արտահայտվեց այդ օրինագծին: Այնուամենայնիվ, այդ օրինագիծը երեկ ԱԺ-ում շատ արագ տեմպերով անցավ երկու ընթերցման ու քննարկման փուլերը եւ օրվա երկրորդ կեսին՝ 80 «կողմ», 4 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց: Այսպիսով, խորհրդարանը 9-ի փոխարեն այսուհետ կունենա 12 մշտական հանձնաժողովներ` առավելագույն քանակը, որը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: Նախագծի հեղինակ Հ.Մարգարյանն իր նախաձեռնությունը հիմնավորեց գործող 9 մշտական հանձնաժողովների` ծանրաբեռնված լինելու հանգամանքով (՞): Պարոն Մարգարյանը միջազգային փորձն ուսումնասիրել ու պարզել է, որ կան երկրներ, որոնք իրենց նախարարությունների քանակին ու ոլորտներին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներ ունեն: Եվ որպեսզի բարձրանա նաեւ ՀՀ ԱԺ աշխատանքի արդյունավետությունը, պետք է եւս 3 մշտական հանձնաժողովներ ստեղծել: Եվ Հ.Մարգարյանն առաջարկեց, իր խոսքերով, կարեւորագույն, գերծանրաբեռնված Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի լիազորություններից հանել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներն ու ստեղծել առանձին մշտական հանձնաժողով: Իսկ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովից առանձնացվեցին սոցիալական եւ բնապահպանական ոլորտները` ստեղծելով այս բնույթի երկրորդ մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովից էլ առանձնացվեց գյուղատնտեսության ոլորտը: Այսպիսով, նոր ստեղծվելիք 3 հանձնաժողովները համակարգելու են տեղական եւ տարածքային, սոցիալական եւ բնապահպանական, ինչպես նաեւ՝ գյուղատնտեսական ոլորտների «օրինաստեղծ աշխատանքը»: Երեկ ԱԺ-ում խոսակցություններ կային, որ իշխանությունները մտադիր են այս երեք հանձնաժողովներից 1-ի ղեկավարի պաշտոնն առաջարկել «Ժառանգություն» խմբակցությանը, սակայն վերջինիս ներկայացուցիչները վստահեցրին, որ չեն ընդունելու դա: Ավելին, ըստ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի, գործող հանձնաժողովներն արդյունավետ են աշխատում, իսկ խորհրդարանի աշխատանքների ցածր արդյունավետության պատճառն այլ դաշտում է, եւ տարանջատումը չի լուծելու այդ խնդիրը: Նրա խոսքերով, չի բացառվում, որ տարանջատված հանձնաժողովներն ունենան արդեն թերբեռնված աշխատանք: «Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում, որ տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում մշտական հանձնաժողովը ծանրաբեռնված աշխատի, որովհետեւ գոնե այս ամիսների փորձը ցույց է տվել, որ այդ ոլորտին վերաբերող օրենքները շատ քիչ են: Մշտական հանձնաժողովը չի կարող տարիներ շարունակ աշխատել մի քանի օրենքների բարելավման վրա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ս.Սաֆարյանը: «Ես կտրականապես դեմ եմ ԱԺ կանոնակարգի այս փոփոխություններին: Ես աշխատում եմ այդ հանձնաժողովներից մեկում, հոյակապ աշխատանք է ընթանում: Դրա լիազորությունների շրջանակում ընդգրկված հարցերի բազմազանությունը փոխկապակցված է, եւ լուծումներն էլ տեսնում ենք այդ դաշտերի հետ համակարգված ձեւով: Եվ որեւէ մեկն այստեղ կարո՞ղ է ինձ ապացուցել, որ առողջապահական խնդիրները սոցիալականին չեն առնչվում: Արդյո՞ք սոցիալական փաթեթի մեջ չեն մտնում քաղաքացիների առողջապահական խնդիրները: Ես դեմ եմ այս հանձնաժողովի տարանջատմանը: Հարգելիներս, եթե քաղաքական պայմանավորվածության խնդիր կա, փորձեք դա լուծել 9 հանձնաժողովների շրջանակում, բայց մի ավելացրեք առանց այդ էլ հանձնաժողովները, եւ մի կոտրեք արդեն աշխատող մեխանիզմը»,- հայտարարեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Այս քննարկումներին ՀՀԿ խմբակցությունից մասնակցում էին երկու-երեք պատգամավորներ. ներկա չէր անգամ նախաձեռնողներից Ս.Նիկոյանը: Սակայն ողջ կազմով ներկա էր շահագրգիռ «Օրինաց երկիր» խմբակցությունը: Եվ ընդհանրապես դահլիճում նստած էին մոտ 2 տասնյակ պատգամավորներ: Իսկ ՀՀԿ-ականների բացակայությունը թերեւս պայմանավորված էր նրանով, որ «կիսվող» բոլոր հանձնաժողովների ղեկավարները ՀՀԿ-ականներ էին եւ, այդպիսով, ԱԺ մեծամասնությունը հավանաբար արտահայտում էր իր բողոքը: «Եթե հանձնաժողովների նախագահների պաշտոններում տեղեր հատկացվեն նաեւ «Ժառանգությանը» եւ ՕԵԿ-ին, կստացվի, որ դա լինելու է ՀՀԿ-ի տեղերի հաշվին: Այնպես որ` այն ամենը, ինչ հետագայում արվելու է, կարծում եմ` պետք է գնահատել՝ ոչ թե որպես բանաձեւի հետեւանք, այլ` ՀՀԿ-ականների բարի կամքի դրսեւորում»,- մայիսի 19-ին հայտարարել էր Տ.Թորոսյանը: Սակայն երեկ այդ «բարի կամքի դրսեւորման» մասին անհնար էր մեկնաբանություն ստանալ «Հանրապետական» խմբակցության ղեկավարներից: Խմբակցության անդամների դժգոհությունն ակնհայտ էր: Մեզ հաջողվեց զրուցել միայն Վարդան Այվազյանի հետ, ում ղեկավարած՝ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովից եւս ՕԵԿ-ին բաժին հասավ: «Չէ, գիտե՞ք, մեր գործը թեթեւացավ, պետք է ավելի շատ վերցնեին: Իսկ այն օրենքները, որոնք պետք է ներկայացնեն այդ հանձնաժողովները, մեր մոտով են անցնելու: ԱԺ մեծամասնությունը մենք ենք, մենք պետք է հաստատենք»,- հակադարձեց Վ.Այվազյանը: Իսկ նոր հանձնաժողովների ՕԵԿ նախագահները կունենան մեքենաներ, փորձագետներ եւ գործավարներ` իհարկե, ծանրաբեռնելով հարկատուների բեռը: