Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել մայիսի 21-ին «Հելսինկյան ընկերակցություն» հ/կ նախագահ Միքայել Դանիելյանի եւ ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը նաեւ ուղարկվել է ԱՄՆ դեսպանատուն:
Հ/կ-ները դժգոհություն են արտահայտում, որ այդ մրջադեպի առիթով Երեւանի Ոստիկանության կենտրոնի բաժին է այցելել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Քաղաքական եւ տնտեսական բաժնի աշխատակից Մարկո Վելիկոնյան: Վերջինը թեեւ հայտարարել էր, որ այնտեղ իր ներկայությունը կապված է ոչ թե Դանիելյանի անձի հետ, այլ այն փաստի, որ հարձակվել են իրավապաշտպանի վրա, սակայն մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ դա դիտարկում են իբրեւ միջամտություն եւ ճնշում գործի քննության ընթացքի վրա:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Կայունություն» հասարակական շարժման ներկայացուցիչ Սարգիս Հարությունյանը նշեց, որ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ երկու քաղաքացիների միջեւ, եւ ԱՄՆ դեսպանատունն իրավունք չուներ միջամտել դրան: Նրա խոսքերով` իրենք ակնկալում են գրավոր պատասխան ԱՄՆ դեսպանատնից: «Մեզ հետաքրքրում է մի քանի հարց, նախ` Մարկո Վելիկոնյայի՝ Ոստիկանությունում գտնվելը արտահայտո՞ւմ է դեսպանատան պաշտոնական տեսակետը, թե՞ դա իր անձնական մոտեցումն է: Մենք խստիվ դատապարտում ենք այդ ողջ պրոցեսը, այն իմաստով, որ դեսպանատունն ու արտասահմանյան կազմակերպություններն իրավունք չունեն միջամտել»,- ասաց նա: Արդյոք էթիկապես ճի՞շտ է, երբ մի հ/կ-ն դուրս է գալիս մեկ այլ հ/կ-ի դեմ: Այս հարցին ի պատասխան՝ Ս. Հարությունյանը նշեց, որ իրենք հիմա դուրս չեն գալիս ոչ մեկի դեմ, ոչ էլ պաշտպանում են որեւէ մեկին: «Կատարվել է դեպք, կատարվում է նախաքննություն, ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը միջամտում այս խնդրին: Տվյալ պարագայում մենք չենք միջամտում, ճնշում չենք գործադրում իրավապահ մարմինների վրա, մեր խնդիրը միակն է`թողնել, որպեսզի իրավապահ մարմինները նորմալ կատարեն իրենց պարտականությունները»,- ասաց նա: Իսկ հարցին, թե իր կարծիքով` ինչո՞ւ են միջազգային կառույցները խառնվում այս գործին, Ս. Հարությունյանը պատասխանեց. «Դա իմ անձնական տեսակետն է, կարծում եմ՝ դրսի տարբեր ուժեր փորձում են ապակայունացնել Հայաստանը, ու այս երկիրը որքան ապակայուն լինի, այնքան իրենք կարող են՝ այսպես ասած` մանանաներ քաղել: Տվյալ պարագայում մենք գիտենք տարբեր հ/կ-ներ, որոնք ֆինանսավորվում են հայտնի աղբյուրներից, այդ թվում` Սորոսի հիմնադրամը, եւ այլն, գիտենք, թե տարբեր երկրներում ինչպիսի ազդեցություն ունի` քաղաքական իմաստով: Տվյալ պարագայում ես տեսնում եմ այդ մատնահետքը»։ Նա ավելացրեց, որ եթե ԱՄՆ դեսպանատունը չպատասխանի իրենց հայտարարությանը, իրենք դրան այլ լծակներ կհակադրեն, որոնցից մեկը կարող է լինել պիկետն ԱՄՆ-ի դեսպանատան եւ միջազգային այն կազմակերպությունների առաջ, որոնք կփորձեն ազդել այս միջադեպի վրա: «ԱՄՆ դեսպանատունն աշխատելով այստեղ` պարտավոր է ընդունել այդ երկրների օրենքներն ու կատարել դրանք»,- ասաց նա:
Ի դեպ, ԱՄՆ դեսպանատան աշխատակցի այցը Ոստիկանություն մտահոգում է նաեւ Տ. Ուրիխանյանին: Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ նա նշեց, որ ամերիկացին չպետք է միջամտի Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը: «Ես դիմել եմ Ազգային անվտանգության ծառայության պետին, որպեսզի հետաքրքրվեն ու պարզեն, թե ամերիկացին ինչո՞ւ է խառնվում: Երեւի Մ. Դանիելյանի նախկինում ծավալած գործունեության համար, կամ իր անձի հետ կապված, կամ էլ` երկրում ապակայունություն ստեղծելու համար են միջամտում»,- ասաց նա: Միքայել Դանիելյանն էլ այս առթիվ նշեց. «Եթե նա ինձ անվանում է ՑՌՈՒ-շնիկ, ես ի՞նչ անեի: Ես ասել եմ` դե, որ այդպես է, եկեք ձեր «ագենտին» տեր կանգնեք, չանեի՞ դա: Ես այդ ամենը ասել եմ նաեւ Ոստիկանությունում, քանի որ թաքցնելու ոչինչ չունեմ»: