«Ոճիր եւ պատիժ». գործ, որի հեղինակն ամենեւին Դոստոեւսկին չէ

29/05/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Օրերս ընդգծված ցուցադրականությամբ, օրը ցերեկով ԱԱԾ աշխատակիցները համալսարանից, ուսանողների աչքի առաջ ձեռնաշղթաներ հագցրեցին ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Կառլեն Մատինյանին եւ տարան ոչ անհայտ ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է արդարացի կառավարության նախաձեռնությունը` կոռուպցիայի դեմ պայքարը սկսել ոչ թե իրենց շարքերից, իրավապահ համակարգից, այլ հենց կրթական համակարգից:

– Կարեւոր չեմ համարում` որտեղից են սկսում: Կարեւորը` այդ գործունեությունը պետք է սկսել: Իսկ որ բուհական համակարգում կա կոռուպցիա եւ կաշառակերություն, դա միանշանակ է:

– Բոլոր բուհերում կոռուպցիա կա: Հետեւաբար, մեկ դասախոսի ձերբակալությունը կասկածներ է հարուցում, որ նպատակն, այնուամենայնիվ, եղել է ոչ թե կոռուպցիայի, այլ կոնկրետ մեկ հոգու դեմ պայքարը: Հակառակ դեպքում` բուհական (եւ ոչ միայն) համակարգում պիտի որ զանգվածային ձերբակալություններ լինեին:

– Եթե հարցերն այդպես եք ձեւակերպելու` «զանգվածային ձերբակալություններ», եկեք դադարեցնենք: Եթե ուզում եք լուրջ խոսենք թեմայի մասին, խոսենք:

– Եթե Դուք վստահորեն գիտեք, որ բուհերում կոռուպցիան կա, դա չի՞ ենթադրում, որ ձերբակալված պիտի լիներ ոչ մեկ դասախոս:

– Ես ասում եմ, Հայաստանում չկա գործունեության որեւէ ոլորտ, ուր չլինի կաշառակերություն: Կաշառքը, մաղարիչը արեւելյան հասկացություններ են: Եվ այդ երեւույթը ծաղկում է, ծաղկել է եւ կծաղկի: Ինչո՞ւ հենց Համալսարանի դասախոսի ձերբակալեցինգ Գիտե՞ք ինչ, ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել այլ բուհերի մասին: Կխոսեմ ԵՊՀ-ի մասին: Որ համալսարանում կաշառքի դեպքերը եղել են, կան ու դեռ կլինեն, ցավոք, փաստ է: Եվ մենք դրա մասին խոսել ենք եւ երբեք չենք թաքցրել:

– Խոսքը կաշառակերությա՞ն, թե՞ կոռուպցիայի մասին է: Կոռուպցիան, այդուհանդերձ, ներքեւից վերեւ համակարգված երեւույթ է:

– Ես չեմ կարծում, որ այն, ինչ կա բուհերում, կոռուպցիոն երեւույթներ են: Դա կաշառակերություն է: Ի բախտավորություն մեզ, ԵՊՀ-ում կոռուպցիա չկա: Բայց կաշառակերություն կա: Ինչ վերաբերում է ձերբակալվածին, ասեմ, որ քանի տարի է` զբաղվում ենք արտասահմանյան գրականության ամբիոնով: Եթե հիշում եք, այդ ամբիոնի առաջատար պրոֆեսորներից մեկին` Արտեմ Հարությունյանին, ում ուսանողները մեղադրում էին կաշառակերության մեջ, ես ուղղակի հեռացրել եմ: Նա բարձրակարգ մասնագետ էր, նույնը` Կառլեն Մատինյանը: Շատ բարձր կարգ ունեցող, մասնագիտական շատ մեծ որակներ ունեցող պրոֆեսոր է: Բայց բարոյական առումով շատ ցածր որակներ ունեցող անձնավորություն: Նրան քանի անգամ զգուշացրել ենք, որ ուսանողների սոցիոլոգիական հարցումներում Ձեր մասին կան տողեր, եւ վերջին երկու տարում նրան զրկել էինք պետական քննություններին մասնակցելուց: Արդեն երրորդ տարին է` ռեկտորատի կողմից խիստ հսկողություն էր սահմանված արտասահմանյան գրականության քննությունների շուրջ: Ցավոք, երեւի այնքան էլ արդյունավետ չէր այդ հսկողությունը: Քննության պրոցեսում չենք նկատել կողմնակալության մասին վկայող փաստեր: Հիմա թե նա դրսում ուսանողների հետ ի՜նչ է պայմանավորվել, ի՜նչ է խոսել, ցավոք, մենք չկարողացանք դա կանխել: Իմ կաբինետում բազմիցս քննարկել ենք այդ ամբիոնի վիճակն ամբիոնի վարիչի եւ դեկանի հետ: Ասել ենք, որ իրենց հանդեպ չկա վստահություն: Ասացին, որ իրենց պետք է վստահել, որ վիճակը կշտկվի, դրա համար այս տարի Մատինյանը հայտնվեց պետական քննական հանձնաժողովում, եւ դեկանը որոշակի պարտավորություն էր վերցրել, որպեսզի այդ մարդն իրեն պահի պատշաճության սահմաններում: Արտաքնապես այդպես էլ եղել է, բայց որ կաշառակերության փաստեր եղել են, դրանում ոչ մի խոսք: Ընդ որում, ինքը, որքան հասկանում եմ (այնքան էլ լավ տեղեկացված չեմ), ձերբակալվել է ուսանողների բողոքների հիման վրա:

– Կա՞ն ԵՊՀ-ում այլ դասախոսներ, ովքեր եւս ներքին կարգով զգուշացված են, որ կասկածվում են կաշառակերության մեջ։

– Գիտեք, կաշառակերության փաստն իմ գործը չէ: Իմ գործն ահազանգելն է կոլեկտիվին, գիտխորհրդին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ կաշառակերությունը չծաղկի: Բայց կաշառք վերցնելու փաստն ապացուցելը քննչական մարմինների գործն է: Ինչ վերաբերում է դասախոսներին, մենք այդպիսի որոշակի տեղեկություններ ստանում ենք ուսանողների անանուն սոցիոլոգիական հարցումներից: Քիչ, բայց կան այդպիսի տեղեկություններ, որոնք անանուն են, հետեւաբար` իրավական ուժ եւ հետեւանք չունեն: Այդպիսի դասախոսների հայտնաբերման դեպքում նրանց հետ առանձին հանդիպում, խոսում ենք: Որպես կանոն, դասախոսները չեն ընդունում իրենց մեղքը եւ դա համարում են զրպարտություն ուսանողի կողմից:

– Ի՞նչ եք կարծում, ընտրովի մեկին ձերբակալելը` նման ցուցադրականությամբ, կաշառակերության դեմ պայքարի լո՞ւրջ ձեւ է:

– Ոչ, սա ընդամենը պայքարի մի մասն է: Դրա դեմ պետք է պայքարեն բոլորը եւ, առաջին հերթին, այն մարդիկ, ովքեր ստիպված են լինում կաշառք տալ: Մեզ պետք է օգնի նաեւ ուսանողությունը: Խիստ կասկածներ ունեմ, որ ուսանողության մի մասի համար շատ ձեռնտու է կաշառք տալը: Այն մանկավարժները, պրոֆեսորները, ովքեր գնում են այդ քայլին, ինչ-որ մեկը նրանց առաջարկում է, չէ՞, այդ կաշառքը: Իհարկե, կարող եմ ասել, որ մարդիկ ստիպված են գնում այդ քայլին, որովհետեւ ընտանիք չեն կարողանում պահել: Բայց, կներեք, Մատինյանի աշխատավարձն այդքան էլ ցածր չէր: Թեեւ ընդհանուր առմամբ ցածր է, իհարկե: Գիտությամբ զբաղվող մարդ էր, այլ բուհերում էլ էր դասավանդում: Նա աղքատ չէր: Խնդիրն այն է, որ մեր հասարակության մեջ կաշառք վերցնելն ու տալը սովորական բան է եւ ունի դարերի պատմություն: Այլ երկրներում եւս կա կաշառակերություն: Բայց դա այնքան սահմանափակ է, որ չի սպառնում այդ հասարակության հիմքերին: Ինչը չես ասի մեր մասին:

– Կարծում եք` Կառլեն Մատինյանի ձերբակալությունն ավարտական եւ ընդունելության քննությունների շեմին կարող է սրե՞լ վախի գործոնը եւ սաստե՞լ դասախոսներին` չկրկնելու պարոն Մատինյանի քայլը:

– Մեզ մոտ վախի գործոն չկա: Վախ լինում է հանցագործի մոտ: Կա զայրույթի, ամոթի գործոն: Հիմա մենք խստացնելու ենք պետական քննությունները, դրանց մեծ մասը դարձնելու ենք գրավոր: Օրինակ, մագիստրատուրայի ընդունելության գործընթացում կաշառակերության հնարավորություն չկա:

– Սակայն նույնը հնարավոր չէ ասել ասպիրանտուրայի մասին:

– Այո, բայց վերջին հինգ-վեց տարիների ընթացքում նկատում եմ, որ ասպիրանտուրա ընդունվում են հիմնականում խիստ արժանի մարդիկ:

– Ուսանողներն անուն առ անուն գիտեն կաշառակեր դասախոսներին, հասարակությունը գիտի, որ երկրի բարձրաստիճան ղեկավարության շրջանում կոռուպցիան լուրջ ավանդույթներ ունի: Այս ֆոնին մեկ դասախոսի ձերբակալությունը շատերին ստիպում է վստահ լինել, որ այդ դասախոսին ձերբակալողներն այնքան էլ բարձր իդեալներով չեն առաջնորդվել, եւ, որ խնդիրը եղել է այն, որ նա վերցրած կաշառքը միայնակ է տնօրինել:

– Այն, որ ձերբակալվել է հենց այդ մարդը եւ ոչ մեկ ուրիշը, կապում եմ ուսանողների բողոքների հետ: Ընդ որում, ո՛չ մեզ ուղղված բողոքների: Ուսանողը քաղաքացի է եւ իրավունք ունի իր բողոքը հասցնել համապատասխան տեղ: Սա, իհարկե, միայն վարկած է, որովհետեւ ես, որպես ԵՊՀ ռեկտոր, տեղեկացվել եմ այս իրադարձության մասին, երբ գործընթացը մոտեցել էր իր ավարտին: Եթե նրան են ձերբակալել եւ ոչ մեկ ուրիշի, նշանակում է` ունեցել են փաստեր: Առանց փաստի` մարդուն չեն ձերբակալում: Այն էլ հրապարակավ:

– Հետաքրքիր է, այս դեպքում տալի՞ս եք Ձեզ այն հարցը` իսկ ովքե՞ր են դատավորները, քանի որ մեր իրավապահ համակարգում առանց կաշառքի որեւէ հարց չի լուծվում: Եվ ստացվում է` կաշառք վերցնելու համար ձերբակալում են մեկին, որի պատիժը մեղմելու համար, վստահ կարելի է պնդել, նրանից կաշառք են պահանջելու:

– Երբ գործը գնա դատարան, կնշանակեն դատավոր, դատավորն էլ կորոշի: Ես դատավոր չեմ եւ մեր իրավապահ համակարգին վստահել-չվստահելու խնդիր չունեմ: Գտնում եմ, որ այդ համակարգում մեծ թերություն կա: Տվյալ դեպքում, մարդը հանցագործություն է կատարում, իսկ մենք ասում ենք` քանի որ մեր իրավական համակարգն անկատար է, իրավունք չունեն այս մարդուն բռնելո՞ւ: Գիտե՞ք, ուսանողները հավաքվել, բողոքում էին, ընդ որում, ասում էին (ուշադրություն դարձրեք տերմինոլոգիային)՝ «մեր Կառլենը»: Ինչո՞ւ են այդ ուսանողները բողոքում: Ուրեմն` ես կարող եմ կասկածներ ունենալ, որ այդ ուսանողներն իրենք կաշառք են տվել եւ հիմա մտահոգ են իրենց ճակատագրով:

– Դուք խոսեցիք ընդունելության քննական կարգը խստացնելու, բարելավելու մասին, սակայն այսօր արդեն կան այն կաշառքի չափերը, որոնք տալով` կարելի է ստանալ 20 միավոր: 20 միավորի համար սահմանված է 5000 դոլար: Ձեզ ծանո՞թ են այդ թվերը:

– Շուկայական զրույցներ են: Իհարկե, այդպիսի լուրեր պտտվում են, մենք էլ գիտենք: Դա շատ դժվար ապացուցելի բան է: Բայց կաշառքի պարարտ հող է այն, որ մեր ուսանողների մեջ շատ են նրանք, ովքեր գրագիտության տարրական մակարդակը չեն կարող ապահովել: Դպրոցը չի կարողանում մեզ մատակարարել արժանի կադրեր:

– Բայց չէ՞ որ ընդունելության քննություններին միավորների նշաձողը շատ բարձր է, որոշ ֆակուլտետներում անցողիկ է համարվում անգամ 60 միավորը:

– Ընդունելության քննությունների համակարգը հեռու է կատարյալ լինելուց: Հուսով եմ, Գիտելիքների գնահատման կենտրոնը գոնե մասամբ կշտկի իրավիճակը: Այն համակարգը, որը կա, վաղուց իրեն սպառել է: Ուսանողների մեջ էլ է բեւեռացումը շատ մեծ` ունենք փայլուն երեխաներ եւ ցածր առաջադիմություն եւ մակարդակ ունեցող: Պետական քննություններով ոչ ոք չի հետաքրքրվում. բոլորին հետաքրքրում են ընդունելության քննությունները: Իսկ գիտե՞ք, որ այսօր անգամ մեզ համար որոշ քննական հանձնաժողովների նախագահներ գտնելը հաճախ ահավոր բարդ է: Որակյալ կադրերի սով է բոլոր ոլորտներում:

– Սակայն ստացվում է փակ շղթա. կա մասնագետների սով, նույն Կառլեն Մատինյանը, որը, փաստորեն, Համալսարանում եզակի մասնագետ էր, այսօր այլեւս չի աշխատում: Հնարավոր չէ՞ նման մասնագետներին ապահովել այնպիսի աշխատավարձով, որ կաշառքի մասին չմտածեն:

– Մատինյանին, անկեղծորեն, մարդկային առումով խղճում եմ. երիտասարդ է (ավելի շուտ` միջին տարիքի), փոքր երեխաներ ունի: Որպես մասնագետի` ցավում եմ նրա համար: Նա միակ մարդն է, որը գերմաներեն լեզվով կարողանում է գերմաներեն գրականության մասին բարձրակարգ դասախոսություն կարդալ: Բայց եթե նա անբարոյական մա՞րդ է: Թեեւ, ասում եմ, նա միակն է` որպես մասնագետ: Ինչպես միակն էր իր ոլորտում Արտեմ Հարությունյանը: Պրոֆեսորը մաքուր ստանում է 126.000 դրամ, առայժմ նրան ավելին տալ չեմ կարող: Եթե ես նրան տայի ամսական 300.000 դրամ, գուցեեւ չաներ: Բայց համոզված չեմ: Մարդու ձեռքը որ սովոր է, կանի: Վկա` այն կաշառակերության դեպքերը, որ տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում, երբ մարդիկ մեծ գումարներ են վաստակում, սակայն դարձյալ կաշառք են վերցնում: Եթե վախենան, որ կզրկվեն կարիերայից, որ կպատժվեն, գուցե թե չանեն: Սակայն մեզ մոտ լիբերալ վերաբերմունք կա կաշառք տվողի եւ վերցնողի հանդեպ: Մի վիճակ է, որ ինքներս մեզ զրկել ենք հասարակ ուրախությունից` մարդուն անհատույց լավություն անելու ուրախությունից: Երբ մեկին լավություն ես անում, նա պարտավորված է զգում, եւ, թեւի տակ մի շիշ կամ մի տուփ շոկոլադ՝ գալիս է: Թվում է` սա լավ բան է, բայց սա խայտառակ բան է: Մեզ զրկում ենք աստվածահաճո գործերից: