– Պարոն Աղաբաբյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Անկախության բանակի օրը նշվում է մայիսի 27-ին:
– 1990թ. մայիսի 27-ը Սովետաշենի դեպքերի օրն էր, երբ Անկախության բանակն առաջին անգամ Խորհրդային բանակի դեմ կանգնեց: Այդ ժամանակ դեպքեր եղան նաեւ Կայարանում: Սպանդ եղավ, ՀՀՇ-ի ջոկատից 7 հոգու գնդակահարեցին: Եվ մենք փորձեցինք Երեւանը պաշտպանել: Անկախության բանակի խորհուրդը որոշում կայացրեց, որ պիտի զերծ մնանք սադրանքներից ու զինված բախումներից: Եվ որ ամենակարեւորն է` մայիսի 27-ին թույլ չտվեցինք տեղի ունենար Խորհրդային զորքերի զորահանդես կոչված միջոցառումը: Թեեւ Խորհրդային բանակը քաղաք չմտավ, բայց բավականին անմեղ զոհեր եղան: Նրանք չնախատեսված կրակահերթեր բացեցին: Ուստի համարում ենք, որ Խորհրդային զորքի դեմ կանգնելու այդ օրվանից, այդ դեպքերից սկսվում են ԱԲ առաջին քայլերը:
– Կպատմե՞ք Անկախության բանակի կազմավորման մասին:
Երբ «Անկախության բանակը» կազմավորվեց, մենք զենք չունեինք, ստիպված էինք զորամասերից զենք հայթայթել: Ստիպված էինք այդ ռիսկին գնալ, որովհետեւ մենք չգիտեինք, որ երբ Խորհրդային բանակը թողնի-գնա, ո՞վ եւ ինչո՞վ է պաշտպանելու Հայաստանը: Աշոտ Նավասարդյանի եւ Մովսես Գորգիսյանի փորձառությունն օգնեց, որ Անկախության բանակը ճիշտ ուղղությամբ գնա: Որոշ քանակությամբ զենք հայթայթելուց հետո հասկացանք, որ մենք ինքներս կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Ու առաջին դեպքերը եղան Երասխավանում. այնտեղից ադրբեջանական ուժերը Խորհրդային զորքերին շատ խայտառակ ձեւով վռնդել էին: Պարզ էր, որ հաջորդ քայլը մեր վրա հարձակումը կլինի: Գնացինք մեր սահմանը փակեցինք: 1990թ. հունվարի 19-ին Երասխում Մովսես Գորգիսյանը զոհվեց, մենք մեր ռազմական միավորով միացանք Անկախության բանակին ու միանգամից գնացինք Երասխավան: Եվ այդպես ծավալվեց ԱԲ գործունեությունն ու շարունակվեց: Հետագայում ստեղծվեց ռազմական խորհուրդ, որի անդամ էի ես, եւ ընտրությունների կարգով դարձա շտաբի պետ: Այն ժամանակ հրամանատար դարձավ Լեոնիդ Ազգալդյանը, իսկ գլխավոր հրամանատարն Աշոտ Նավասարդյանն էր: Այդպես տարբեր ջոկատներով կազմավորվեց Անկախության բանակը: ԱԲ բոլոր տղաները գաղափարի զինվորներ էին, գիտակցում էին, թե ինչի են գնում: Եվ, բնականաբար, հետագայում նրանք բազմաթիվ մարտերի մասնակցեցին, ոմանք հերոսաբար զոհվեցին: Մովսես Գորգիսյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը եղել են Անկախության բանակի հիմքում:
Անկախության բանակը կարծես կանոնավոր բանակի մակետը լիներ: Բայց դա որոշ ժամանակ չիրագործվեց, որովհետեւ մեր խնդիրը Հայաստանում չէր, Արցախում էր: Մենք հավաքվել էինք, որ Արցախը պաշտպանեինք եւ ոչ թե Երեւանում մնայինք: 1990թ. Երասխավանի դեպքերը պարզ ցույց տվեցին, որ պատերազմի գոտին տեղափոխվել է Ղարաբաղ: Եվ այդ ժամանակ Աշոտ Նավասարդյանը Վ.Սարգսյանին ասաց. «Վազգե՛ն, դու պետք է մեր երկրի Սպարապե՛տը լինես»: Այդ ժամանակ Ղարաբաղում կռիվներն արդեն թեժացել էին, ու Վազգենն արեց «Արծիվների» կոչը: Եվ մեր Անկախության բանակն ամբողջությամբ մտավ Վազգեն Սարգսյանի հրամանատարության տակ: Նա նաեւ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, խորհրդարանից օգնում ու կանոնակարգում էր մեր աշխատանքը: Այդպես էլ սկսեց ձեւավորվել Հայոց բանակը, որն այսօր ամբողջ տարածաշրջանում ամենապատրաստված ու մարտունակ բանակն է: Մեր հրամանատարական կազմը թարմանում, նորանում է, սպաներն ավելի պրոֆեսիոնալ են դառնում: Այսինքն` մենք հետո ունեցանք այն, ինչ երազում էր Անկախության բանակի ամեն մի մարտիկ: Մենք երազում էինք անկախ բանակի, անկախ Հայաստանի բանակի մասին:
– Իսկ հիմա, երբ պատերազմն ավարտվել է, ինչո՞վ են զբաղված ԱԲ զինվորները:
– Անկախության բանակի ավանդույթները պահպանելու համար պատերազմից հետո ստեղծեցինք «Անկախության բանակ» հասարակական կազմակերպությունը, որպեսզի կարողանանք ԱԲ տղաներին բարոյական, հոգեբանական, հնարավորության դեպքում, ֆինանսական աջակցություն ցուցաբերել, հոգանք նրանցից կարիքավորների առողջական, սոցիալական, նրանց ուսանող երեխաների ուսման վարձերի հետ կապված խնդիրների լուծումը:
Ահա, այսօր պատրաստվում ենք նշել Անկախության բանակի 19-ամյակը, հաջորդ տարի կնշենք 20-ամյակը, եւ, հավանաբար, մեծ հանդիսավորությամբ կնշենք: Ամեն տարի մայիսի 27-ին այցելում ենք Ծիծեռնակաբերդ՝ Մովսես Գորգիսյանի շիրմին:
Գալուստ Սահակյան. «Կար ռոմանտիկ մի ժամանակահատված, երբ ֆիդայական շարժման ամբողջ գործունեության ծավալներով ունեցանք մարտնչող ջոկատներ: Դա առաջին փուլն էր, եւ ընդհանրապես դա մթնոլորտի ռոմանտիկ իրավիճակներից մեկն էր: Այդ ժամանակ էլ ձեւավորվեց Անկախության բանակը, որը մասնակցեց մարտերին, պատերազմից հետո էլ դարձավ պետական բանակի հիմքերից մեկը: Մենք մեծ երաշխիքի խոսք պետք է ասենք զոհված տղաներին ու նրանց ընտանիքներին: Նրանք այն տղաներն էին, որոնց միջավայրում ստեղծվեց բանակը, եւ ամենակարեւորագույն գործոններից մեկն էլ այն է, որ այդ ժամանակահատվածում զինվորը ստեղծեց իր հրամանատարին ու հավատաց իր հրամանատարին: Հանրապետական կուսակցությունն անկախ Հայաստանի առաջին կուսակցություններից է եւ Անկախության բանակի, նաեւ հայոց բանակի ստեղծողներից մեկն է»:
«Արամո» ջոկատի հրամանատար Արամո Թորգոմյանը դժվար ու բարդ է համարում Անկախության բանակի ստեղծման ժամանակահատվածը: «Արամոն», իր խոսքերով, պատերազմի ընթացքում ունեցել է 27 ծավալուն մարտական գործողություններ: Ասում է, որ այդ բոլոր ճակատամարտերում հաղթել է, իսկ իր ջոկատը տվել է ընդամենը 13 զոհ՝ այն դեպքում, երբ նույն մարտերին ադրբեջանական ուժերը կորցրել են 3500 զինվոր, եւ այն դեպքում, երբ «Արամո» ջոկատի մարտիկները մոտ 10 անգամ քիչ էին հակառակորդի ուժերից: Ադրբեջանական իշխանությունները միլիոնների գլխագին էին սահմանել Արամոյի համար:
«Դժվար ու բարդ ժամանակաշրջան էր, որովհետեւ դեռ խորհրդային համակարգն էր: Կարեն Դեմիրճյանը չխոչընդոտեց մեր գործին, թեեւ կարող էր ընդամենը մի զանգով փակել Հայաստանի երկնակամարը: Չարեց, որովհետեւ մեծ մարդ էր: Աշոտ Նավասարդյանը ստեղծեց Անկախության բանակը, հետո էլ՝ Հանրապետական կուսակցությունը, ու մենք` անկախականներս, միացանք ընդհանուր նպատակի համար: Աշոտ Նավասարդյանը հզոր մարդ էր, ուներ պետական մտածողություն, խաղաղեցնելու, հանդարտեցնելու, հաշտեցնելու հատկություն: Նմանատիպ հատկություն ուներ նաեւ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը: Անկախության բանակի կերտողներից էր Լեոնիդ Ազգալդյանը: Եթե ուզում ես կայուն պետություն ունենալ՝ պետք է հզոր բանակ ունենաս, եթե ուզում ես կայուն պետություն ու հզոր բանակ ունենալ՝ պետք է հզոր տնտեսություն ունենաս: Այդ մարդիկ այդ ապագան էին երազում»: