14-ն անց 43 րոպեին
2006 թվականի հունիսի 22-ին, ժամը 14-ն անց 43 րոպեին, Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում, բազմաթիվ մարդկանց աչքի առաջ հանդուգն, դիմահար կրակոցներով սպանվեց Սեդրակ Զատիկյանը: Նա նստած էր սեփական մեքենայի ղեկին ու Տիչինայի փողոցով ընթանում էր դեպի Սեբաստիայի փողոցը: Սպանության կատարման եղանակն արդեն իսկ շատ խոսուն էր ու հանցագործությունը կատարողի դիտավորության վերաբերյալ կասկածի տեղ չէր թողնում: Ծրագրվել էր սպանություն ու սառնասրտորեն իրագործվել օրը ցերեկով: Օրենսգրքում հանդիպող՝ «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակ» ասվածը, որը դիտավորյալ սպանությանը որակ տվող հատկանիշերից է, այս դեպքում առավել քան ակնառու էր, որովհետեւ հախուռն կրակահերթերի զոհ էր դարձել նաեւ դեպքի վայրում գտնվող պատահական մի անցորդ կին: Այսպիսով, մեկ մարդուն կյանքից զրկելու դիտավորյալ գործողությունը վերածվել էր երկու հոգու սպանության:
Մարդասպանը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Մեծ չէին հույսերը, թե հանցագործությունը հնարավոր կլինի բացահայտել տաք հետքերով:
Ինչպես շատ աղմկոտ սպանություններ, սա եւս անմիջապես գրավել էր հասարակության ուշադրությունը: Հանցագործության կատարման եղանակը ցնցել էր բոլորին, բնականաբար՝ առաջ բերել քաղաքացիների անպաշտպանության զգացողություն: Հերթական աղմկոտ սպանությունը հերթական մարտահրավերի պես արդեն նետված էր հասարակությանը, առաջին հերթին՝ իրավապահներին, ու հաջորդ քայլը հենց նրանցը պետք է լիներ:
Սպանությունները, ճիշտ է, տաք հետքերով չբացահայտվեցին: Բայց դեպքից համարյա մեկ տարի անց՝ 2007թ. հունիսի 30-ին, կասկածյալն արդեն կալանքի տակ էր: Շուտով նա մեղադրյալի կարգավիճակ ստացավ, ասել կուզի՝ նախաքննական մարմինն ի դեմս նրա բացահայտեց հանցանքները կատարողին: Երկու շաբաթ անց կալանքի տակ առնվեց եւս երկու մարդ: Նրանք կասկածվում էին սպանություններն իրագործողին օժանդակելու համար:
Թղթախաղի պարտքը
Արսեն Առուշանյանն իր կատարած հանցանքը սկզբում լոկ վրեժխնդրության զգացումով էր բացատրում: Սակայն հետագա նախաքննական պրպտումներն ի հայտ բերեցին նաեւ նրա շահադիտական դրդումները: Այսինքն, Սեդրակ Զատիկյանի սպանությունը նրան հանձնարարվել էր ու դրա համար խոստացվել էր «նյութական խրախուսում»: Ավելին, հանցագործության կատարումից որոշ ժամանակ անց Արսենն արդեն գումարային հարցերում տարաձայնություններ էր ունեցել պատվիրատուների հետ, որովհետեւ նրանք խոստացած ամբողջ գումարը պատրաստ էին տալ, եթե Արսենը եւս մեկ սպանություն իրագործեր, որով կլուծեր նախորդ սպանության համար վրեժխնդրության հնարավորության հարցը: Բայց Արսենը նախ՝ չէր համաձայնել, ապա եւ՝ բռնվել ու նոր հանցանք գործել պարզապես չէր հասցրել: Ընդհանրապես, Արսեն Առուշանյանը հանցավոր ոլորտում նոր մարդ չէր: Դեռ 2001 թվականին, դատապարտված լինելով 2 տարի ազատազրկման ու գտնվելով կալանավայրում, նա տրվել էր թղթախաղին ու կուտակել մոտ 3500 դոլարի պարտք: Երբ 2002 թվականին ազատության մեջ էր հայտնվել, վերոհիշյալ պարտքը պահանջել էին նրանից: Ըստ Արսենի՝ պահանջողը Սեդրակ Զատիկյանն էր եղել: Արսենը նրան խաբել էր, թե պարտքը մարել է: Մեկ տարի անց էլ նրա խաբեությունը չէր ներվել: Սեդրակ Զատիկյանն ու իր ընկերները 2003 թվականին Արսենին տարել էին Երեւան-Աշտարակ մայրուղու հարակից մի տարածք եւ ծեծի ենթարկել:
Ահա այս «պատժից» հետո էլ, ըստ Արսենի, ինքը հղացել էր Սեդրակից վրեժ լուծելու սեւեռուն միտքը: Սակայն հայտնի չէ՝ կիրագործե՞ր այն, թե՞ ոչ, եթե իր ծանոթ «ախպերների» մեջ չհանդիպեր Սեդրակի նկատմամբ թշնամաբար տրամադրվածների ու նրանց դրդմամբ հանձն չառներ պատվերով սպանության իրագործումը:
Արսենը դիմել էր գործնական քայլերի՝ ուսումնասիրել ապագա զոհի բնակության, աշխատանքի վայրերը, մշտական երթուղիները, սովորությունները: Մոտ կես տարի զբաղվել էր հանցագործության նախապատրաստությամբ: Սպանությունն իրագործելու համար Արսենն իր զենքն ուներ՝ ապօրինի ինքնաձիգը: Սակայն դեռ 2006թ. սկզբից նա «ձեռք էր գցել» նաեւ իրեն օժանդակողին՝ ի դեմս վաղեմի ծանոթ Արթուր Հովհաննիսյանի:
Գողությունների շարք
Մինչեւ 2006 թվականն էլ Արսեն Առուշանյանն անմեղ կյանքով չէր ապրել: Այն ժամանակ, երբ տքնաջան կերպով նախապատրաստում էր Զատիկյանի սպանությունը, նա արդեն իսկ գտնվում էր հետախուզման մեջ: Կոնկրետ այս դեպքը եւս մեկ հաստատումն է այն բանի, որ հանցանք գործած ու չբռնված, օրինական պատիժ չստացած մարդն առավել մեծ վտանգավորություն է ներկայացնում հասարակության համար:
2003թ. դեկտեմբերից մինչեւ 2004թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Արսեն Առուշանյանն իր հորեղբորորդի Գեւորգի հետ, նախնական համաձայնության գալով, կատարել էր շուրջ վեց գողություն: Գործում էին հետեւյալ ձեռագրով: Նախապես ընտրում էին գողության «թիրախը», ուսումնասիրում մուտք գործելու հնարավորությունները, ապա գիշերով իրագործում իրենց հանցավոր մտադրությունը: Բնակարաններ չէին մտնում, այլ՝ տարբեր ընկերություններ, մինչեւ անգամ՝ պատուհանից գեղեցկության մի սրահ էին մուտք գործել ու հափշտակել հեռուստացույց, վարսահարդարիչ, մազ կտրելու սարք ու երկու հատ մկրատ: Այլ ընկերություններից ավելի արժեքավոր ավար էին դուրս բերում, հիմնականում՝ համակարգիչներ ու ժամանակակից այլ տեխնիկա: Իսկ գողոնն էժան գնով իրացնում էին անգամ իրենց ծնողներին՝ պատճառաբանելով, թե ծանոթներն են իրենց ունեցածը ջրի գնով վաճառում:
Տուժած ընկերություններից բոլորը չէ, որ գողության մասին ժամանակին հայտնել էին իրավապահներին: Մի մասը պարզապես հաշտվել էր կատարվածի հետ: Այնուամենայնիվ, որոշ դրվագներով արդեն իսկ ի հայտ էր եկել Արսենի մասնակցությունը, եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Հոր վկայությամբ՝ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում Արսենը հիմնականում եղել էր Ղարաբաղում եւ զբաղվել անասնապահությամբ ու փայտի արտադրությամբ: Իսկ 2006թ. սկզբից, փաստորեն, նա ավելի շատ Երեւանում էր գտնվել ու զբաղվել պատվերով սպանության նախապատրաստությամբ:
Օժանդակողները
Պատվիրված սպանությունը միայնակ իրագործելը, մանավանդ՝ ընտրված «թիրախի» նկատմամբ, բավական դժվար կլիներ: Ու Արսենը շուտով գտավ այն մարդկանց, ովքեր առանց իրենց լավ հաշիվ տալու, թե ինչի մեջ են ներքաշվում, կամովին ստանձնեցին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, օրը ցերեկով կատարվելիք սպանությանն օժանդակողների դերը:
Նախ Արսենի կողքին հայտնվեց Արթուր Հովհաննիսյանը: Նա եւս նախկինում «աչքի էր ընկել» գողություններ կատարելու համար ու 2000թ. դատապարտված էր եղել: Երբ ազատություն էր դուրս եկել, իր անձնական օգտագործման մեքենան սկսել էր որպես տաքսի աշխատեցնել:
2006թ. ձմեռը ճակատագրական էր եղել Արթուրի համար: Հանդիպել էր Արսենին ու ներքաշվել ծանր հանցագործության կատարման մեջ: Հանդիպել էր նաեւ Լուսինեին, որին էլ արդեն ինքն ու Արսենն էին ներգրավել:
Լուսինեն Արթուրի ընկերուհին էր դարձել կարճատեւ ծանոթությունից հետո: Որոշել էին ամուսնանալ, նոր կյանք սկսել: Արթուրը երկու երեխա ուներ, Լուսինեն՝ մեկ: Անփորձ չէին երկուսն էլ: Բայց միմյանց հանգեցրին ծանր մեղք գործելու եւ անազատության մեջ տարիներ անցկացնելու անուրախ իրականությանը:
Արսենը, նախկին ծանոթ Արթուրին որպես տաքսու վարորդ տեսնելով, շատ էր ուրախացել: Ինքը, ապագա զոհին հետեւելով, ամբողջ օրը ստիպված էր լինում անցկացնել տաքսիների մեջ, հոգնում էր, նյարդայնանում: Իսկ եթե ունենար մեկ համախոհ, ով համաձայն կլիներ անընդհատ սպասարկել նրան, ինչ խոսք, գործը կհեշտանար:
Արթուրը երկար չէր մտմտացել, երբ Արսենն առաջարկել էր համապատասխան վճարով ծառայել իրեն: Վճարը՝ վճար էր: Սակայն հետագայում էլ, երբ Արսենն արդեն նրան էր վստահել իր «գործունեության» բուն նպատակն ու առաջարկել որոշակի գումարով մասնակից լինել ծանր հանցագործության կատարմանը, Արթուրը չէր մերժել: Ինչ-որ մեկին հետեւելը, ինչ-որ գաղտնիք ունենալը շատ արկածախնդիր էր թվացել, երեւի, մանավանդ, որ այդ արկածախնդրության համար նաեւ պիտի վճարեին նրան:
«Գործի բերումով» Արթուրը շատ ժամանակ էր անցկացնում Արսենի հետ: Այդ հանգամանքը զայրացնում էր ընկերուհի Լուսինեին: Վիճաբանությունները քանի գնում՝ հաճախանում էին: Ի վերջո, Արթուրն ու Արսենը Լուսինեին եւս իրազեկել էին նախապատրաստվող հանցագործության մասին: Ու Լուսինեն, զարմանալիորեն, համաձայն էր եղել դառնալ նրանց համախոհը, օրերով պտտվել ապագա տուժողի հետեւից ու վերածվել ապագա հանցագործի:
Դարանակալում
Հանցագործության նախապատրաստական շրջանը երկարել էր: Արթուրի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ Արսենն իր ներկայությամբ բազմիցս խոսել էր ինչ-որ մարդկանց հետ, որոնց ներկայացրել էր որպես «ախպերներ», ասել էր, թե նույն «թասիբի» հարցն է մեջտեղում, իսկ նրանց հետ խոսելիս արդարացել էր. «Ախպեր, չի ստացվում, բայց լավ կլինի»: Արթուրը հասկացել էր, որ այդ մարդիկ էլ էին շահագրգիռ ապագա տուժողին սպանելու հարցում:
Դեպքից 10-15 օր առաջ արդեն Արսենը Մալաթիա գնալիս հետը վերցնում էր ինքնաձիգով պայուսակը՝ հարմար պահի սպանությունն իրագործելու համար: Բայց միշտ մի բան խանգարում էր: Պայուսակի մեջ նաեւ ձեռնոցներ ուներ ու կեղծամ՝ հանցագործության գործիքի վրա մատնահետքեր չթողնելու եւ սեփական անձն ինչ-որ կերպ քողարկելու նպատակով: Վերջին մի քանի օրերին նա չէր սափրվում: Մշտապես սեւ ակնոց էր կրում՝ որպես ինքնատիպ դիմակ:
Սպանության կատարման համար Արսենը մի քանի հնարավոր տեղ էր առանձնացրել: Դեպքից մեկ օր առաջ նա ինքնաձիգով խոտերի մեջ դարանակալել էր այն սրճարանի մոտ, որտեղ ընկերների հետ նստած էր եղել Զատիկյանը: Դիրքը հարմար էր եղել կրակելու համար, սակայն կրակոցները չէին հնչել, որովհետեւ Արսենին անհանգստացրել էր ապագա տուժողի կողքին 10 ընկերների ներկայությունը:
Վերջին օրերին նա եւս մի վայր էր առանձնացրել. Սեբաստիայի ու Տիչինայի փողոցների խաչմերուկում գտնվող «դալանը», որտեղից կարելի էր եւ՛ կրակել, եւ՛ փախուստի դիմել: Դա հենց ապագա զոհի տնից իջնող ճանապարհին էր:
Հունիսի 22-ին Արսենը հենց այդ տեղում էր սպասում իր զոհին:
Լուսինեին կանգնեցրել էր Զատիկյանի տան մոտ: Հենց որ ապագա զոհը մեքենայով դուրս գար դարպասից, Լուսինեն պիտի զանգեր Արսենին ու հայտներ: Արթուրը մեքենայով սպասում էր Լենինգրադյան փողոցում: Արսենի զանգով նա հանցագործության կատարումից հետո պետք է հասներ պայմանավորված տեղն ու վերցներ մարդասպանին:
Կրակահերթեր
Արսենն ակնոցով էր ու գլխարկով: Ձեռքին անբաժանելի պայուսակն էր՝ զենքով ու ձեռնոցներով: Ժամը 14-ն անց էր 40 րոպե, երբ Լուսինեն զանգել էր Արսենին ու ասել, որ Զատիկյանը մենակ, իր մեքենայի ղեկին նստած, դուրս եկավ բակից: Այդ պահից մինչեւ կրակոցները տուժողը խոսել էր հեռախոսով: Խոսակցությունը տեւել էր մեկուկես րոպե:
14-ն անց 43-ին խաչմերուկում հնչել էին կրակահերթերը: Արսենը հասցրել էր հագնել միայն աջ ձեռնոցը, ձախը հագնելու էլ ժամանակ չուներ: Նա ելել էր «դալանից» ու դիմահար կրակել տուժողի վրա, ապա կարճատեւ ընդմիջումից հետո նոր կրակահերթ արձակել: Տուժողի մեքենան մեծ արագությամբ ընթացել էր Սեբաստիայի փողոցով, բախվել մեկ ուրիշ մեքենայի: Բայց ղեկին նստած Զատիկյանն արդեն անգիտակից էր: Սպանված էր նաեւ Արսենի կրակահերթի պատահական զոհ դարձած կինը: Մեքենաների բախման հետեւանքով միջին աստիճանի վնասվածք էր ստացել մեկ այլ քաղաքացի:
Արսենը դեպքի վայրից հեռացել էր արագ քայլերով՝ ճամփին հանդիպողներին կարգադրելով իրեն չնայել: Պատահական երթուղայինով նա հասել էր Արգավանդի խաչմերուկ: Այդտեղից նրան մեքենայով վերցրել էին Արթուրն ու Լուսինեն:
Ճանապարհին Արսենը գերեզմանոցի տարածքում նետել էր ինքնաձիգով պայուսակը: Հեռախոսով խոսել էր «ախպերության» հետ ու հայտնել, որ սպանությունն արդեն իրագործված է: Քիչ անց հանդիպել էր մի անծանոթի, նրանից ինչ-որ փաթեթ ստացել, որտեղից հանել էր հարյուր դոլարանոցների մի տրցակ ու Արթուրին տվել 2000 դոլար:
Թե ինչքան էր ստացել ինքը՝ Արսենը, հայտնի չէ: Այս եռյակի հետ դատարանի առաջ չկանգնեցին սպանության մյուս դրդիչները: Ասել կուզի՝ դեռ բացահայտելու բան մնացել է:
Ցմահ պատիժ
Բացահայտված եռյակի նկատմամբ դատաքննությունն, ինչպես՝ առաջին ատյանի, այնպես էլ՝ վերաքննիչ դատարաններում ընթացավ փակ ընթացակարգով՝ ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների միջնորդությամբ, ամբաստանյալների անվտանգությունն ապահովելու նկատառումներով:
Դատաքննությունների ընթացքում Արթուրն ու Լուսինեն փորձում էին արդարացնել իրենց, անտեղյակ ձեւանալ ու անմեղ, բայց դատարաններն ապացուցված գնահատեցին նրանց մեղքը. քրեական գործով բացահայտված էին նրանց մերկացնող շատ մանրամասներ, ընդհուպ՝ մինչեւ հեռախոսային անվերջ զանգերն ու համապատասխան տեղաշարժը՝ դեպի դեպքի վայր ու այդտեղից էլ՝ դեպի Ջրվեժ:
Արսեն Առուշանյանն իր կատարածների համակցությամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման: Արթուր Հովհաննիսյանը դատապարտվեց 10 տարի, Լուսինեն՝ 8 տարի ազատազրկման: Դատավճիռն ուժի մեջ մտավ 2008թ. ապրիլի 15-ին: