Մայիսի 5-ին «Կոնգրես» հյուրանոցում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ
«Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ»(ԵՕՕՋ) հասարակական կազմակերպության
անդամ, Տիգրան ՈՒրիխանյանի ղեկավարած «Հայաստանի Առաջադիմական
կուսակցության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, հղում անելով ՀՀ ոստիկանապետ
Հայկ Հարությունյանի` վերջերս Ազգային ժողովում ունեցած ելույթին, ասաց,
որ ոստիկանական ուժերն այսօր չեն բավականացնում հանցագործությունների դեմ
ակտիվ պայքար ծավալելու կամ կանխարգելման աշխատանքներ տանելու
ուղղությամբ, եւ լավ կլիներ, որ Հայաստանում նախկին «դրուժինայի» նման
ինչ-որ կառույց ստեղծվեր: Եվ հիմա, որպես հիմք ընդունելով Հ.
Հարությունյանի վերոնշյալ ելույթը, 2002-ի դեկտեմբերից ՀՀ Արդարադատության
նախարարությունում գրանցված եւ մինչ օրս չգործող ԵՕՕՋ ՀԿ-ն որոշել է
գործել` իր վրա վերցնելով նախկին «դրուժինայի» գործը, որի կարիքն այսօր,
ըստ նրանց, շատ կա: Կազմակերպությանն այսօր անդամակցում է ընդամենը 70
հոգի, սակայն առաջիկայում նոր հավաքագրում է լինելու, այնուհետեւ
ծրագրվում է ստեղծել 5 հոգանոց ջոկատներ, որոնք էլ, շրջելով փողոցներով,
փորձելու են կարգուկանոն պաշտպանել, ընդ որում` նրանք պատրաստ են այդ
ծառայությունն իրականացնել անվճար: Ի դեպ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց
Տ. ՈՒրիխանյանը, դա իր գաղափարն է, եւ պարզապես այլ մարդիկ են դրանով
զբաղվում: Իսկ մայիսի 5-ի ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը չէր
բացառել, որ ջոկատների անդամներն անհրաժեշտության դեպքում նաեւ զենք
կկրեն: Տ. ՈՒրիխանյանը եւս չի բացառում, որ այդ ջոկատների անդամները կարող
են եւ զինված լինել: Իսկ արդյո՞ք նրանք ունենալու են զենք կրելու
իրավունք, կամ արդյո՞ք այս ամենի քողի տակ է՛լ ավելի չեն ակտիվանա քրեական
տարրերը: Տ. ՈՒրիխանյանի խոսքերով` յուրաքանչյուր խմբավորում չի կարող
նմանատիպ գործողություններ իրականացնել: Նա այնուհետեւ ավելացնում է, որ
«գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի
կրել գազային ատրճանակ, էլեկտրաշոկ, կամ որեւէ այլ միջոց` անձնական
ինքնապաշտպանության համար, այսինքն` ցանկացած մարդիկ կարող են հավաքվել,
զինվել գազային ատրճանակներով ու դուրս գալ դիվերսիոն գործողություններ
իրականացնելու»: Նա նաեւ հույս է հայտնում, որ մեր բնակչության
ողջամտությունը երբեւէ թույլ չի տա, որ այդ ջոկատները զինելու
անհրաժեշտություն առաջանա: Ոստիկանության կարծիքն այս ամենի վերաբերյալ
մեզ փոխանցեց ՀՀ Ոստիկանության Հասարակայնության եւ լրատվության
վարչության պետ Սայաթ Շիրինյանը. «Հենց այնպես չեն կարող նման խմբեր
ստեղծվել: Երկար պրոցես պետք է անցնեն: Այնպես չէ, որ եկան, զենքերը
տվեցինք, գնացին»,- ասաց նա: