Սադոյանի հայտնությունը

25/05/2008

«Լեւոն Տեր-Պետրոսյանը պայքարի իմիտացիայով նպատակ էր հետապնդում ոչ թե իրական իշխանափոխության, այլ, գոնե, ընդդիմության դաշտ գալով` քաղաքականություն վերադառնալ»: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Ըստ նրա` Լ. Տեր-Պետրոսյանի «ոչ թե խաբված, այլ իրական կողմնակիցները» ձգտում էին վերադառնալ քաղաքական դաշտ եւ «ընդդիմադիրի կեցվածք որդեգրելով՝ մաքրվել անցյալի կեղտերից»: «Քաղաքական այդ թիմը հաջողությամբ լուծեց իր առջեւ դրված խնդիրը, թեեւ հետեւանքները` մարտի 1-ի իրադարձությունները, անկանխատեսելի էին նաեւ նրանց համար»,- ասել է Ա. Սադոյանը: Ըստ նրա` «խաբված» են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ի դեպ, Ա. Սադոյանն առաջիկա օրերին դիմելու է ՀՀ նախագահի խորհրդականին` հասարակական մթնոլորտն առողջացնելու նպատակով ստեղծվող Հասարակական պալատում ներգրավվելու համար: