ԱԺ մի խումբ պատգամավորներ երեկ ստորագրահավաք են նախաձեռնել` պահանջելով երկուշաբթի կեսօրին արտահերթ նիստ գումարել եւ քննարկել ԱԺ ղեկավար պաշտոններում ընդդիմությանն ավելի մեծ դեր վերապահելու հարցը: Երեկ երեկոյան արդեն ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը (Տիգրան Թորոսյանը Հայաստանում չէ) որոշում է ստորագրել երկուշաբթի օրը` մայիսի 26-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ: Վերջինիս օրակարգում ընդգրկված է նաեւ վերը նշված հարցը: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ ապրիլյան բանաձեւի կետերից մեկով ՀՀ իշխանություններին կոչ էր արվել երկխոսություն սկսել ընդդիմության հետ եւ հնարավորություն ստեղծել երկրի քաղաքական կյանքում ընդդիմության ներգրավման համար: Իսկ ԱԺ միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգությունը», երկու օր առաջ առաջարկների ծավալուն փաթեթ էր ներկայացրել` առաջարկելով իրենց վերապահել ԱԺ փոխնախագահի եւ 4 մշտական հանձնաժողովների նախագահների ու 5 տեղակալների պաշտոնները: ԱԺ-ը պատրաստվում է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարել, եւ մեր տեղեկություններով` չի բացառվում, որ կրկին ավելացվի ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: Հիշեցնենք, որ մինչ ԱԺ գումարման այս նստաշրջանը, ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը 6 էր, սակայն այն ավելացվեց` հասցվելով 9-ի: «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրենց կուսակցությունն ԱԺ-ում նախաձեռնված ստորագրահավաքի հետ որեւէ առնչություն չունի: Պատգամավորի կարծիքով, իշխանությունների կողմից հավանաբար քաղաքական որոշում է եղել, եւ կարեւոր չէ, թե որ խմբակցությանը կամ պատգամավորին են հանձնարարել դա իրականացնել: «Բայց եթե դա նորից իմիտացիոն բնույթ է կրելու, մենք համաձայն չենք»,- ասել է Ա.Մարտիրոսյանը: Վերջինիս տեղեկություններով՝ առաջիկայում իշխանությունները պատրաստվում են ընդլայնել ՀՀ անվտանգության քարտուղարի, այսինքն` Արթուր Բաղդասարյանի լիազորությունները` դա որպես «ընդդիմության դերի մեծացում» ներկայացնելու համար: Ակնհայտ է, որ այս քայլը կատարվում է եվրոպական կառույցներին եւ միա՛յն եվրոպական կառույցներին հերթական անգամ «ֆռռացնելու համար», եւ դա իրականում կապ չունի ո՛չ իրական ընդդիմության, ո՛չ էլ երկխոսության հետ: