Մի տնից չենք, մի հալի ենք

25/05/2008

Մայիսի 21-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները, մեղմ ասած` խիստ հակասական են: Վրացական ընդդիմությունն ու որոշ դիտորդներ պնդում են, որ ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով եւ կեղծիքներով, իսկ Արեւմուտքում գերակշռում է այն տեսակետը, որ ընդդիմության դիրքերի թուլացումն «օբյեկտիվ իրողություն է»: «Միացյալ ընդդիմությունն ընտրարշավի ընթացքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց «Սահակաշվիլիի արյունոտ վարչակազմի» խիստ քննադատության վրա` չներկայացնելով գործողությունների հստակ ծրագիր: Սա է պատճառը, որ ընդդիմության վարկանիշը սկսեց նվազել: Մի քանի ամիս առաջ Գաչեչիլաձեն մոտ 50 տոկոս վստահության վարկանիշ ուներ, այսօր այն նվազել է` դառնալով 20 տոկոս: Մենք ցավով ենք սա արձանագրում: Սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգներն ուզում են, որ Վրաստանի կառավարությունը փոխվի, սակայն մենք կցանկանայինք, որ Վրաստանում լինի կենսունակ ու մրցունակ ընդդիմություն»,- «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: Ըստ նրա` պաշտոնական Վաշինգտոնի գլխավոր սպասելիքն այս ընտրություններից Վրաստանի քաղաքական համակարգի կայունացումն է: «Սա հնարավորություն է, որ վրացական քաղաքականությունը փողոցներից վերադառնա խորհրդարան: Այլ նպատակ Բուշի վարչակազմը չունի, եւ նույն նպատակն է ունենալու ամերիկյան հաջորդ վարչակազմը: Կրկին ստիպված եմ ասել` ցավալի է, որ միացյալ ընդդիմությունը զիջում է իր դիրքերը: Հույս ունենք, որ այլ քաղաքական ուժեր եւս կհայտնվեն խորհրդարանում եւ կառուցողական ու հետեւողական կերպով կբանավիճեն կառավարության հետ` փորձելով խորացնել ժողովրդավարությունը երկրում: Ավելի կարեւոր խնդիր այսօր Վրաստանում մենք չունենք»: Ի դեպ, Վրաստանի միավորված ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ սպառնում է հրաժարվել մասնակցել խորհրդարանի աշխատանքներին: «Նոր աջերի» առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրությունները «համատարած կեղծվել են», եւ, որ «նման կրիմինալ ընտրություններ Վրաստանը չի հիշում»: «Ոստիկանությունը քրեական հեղինակությունների հետ միասին ահաբեկել ու ճնշում են գործադրել ընտրողների եւ ընդդիմության ներկայացուցիչների վրա: Հիմնական ահաբեկչությունը եղել է տարածաշրջաններում ու գյուղերում»,- ասել է նա` հավելելով, թե տեղեկատվություն ունի այն մասին, որ ընտրությունների նախօրեին բանտերից ազատ են արձակվել քրեական հեղինակությունները, ինչպես նաեւ՝ ծանր հանցագործությունների համար դատվածները, որոնք Ոստիկանության հետ միասին «ահաբեկչություն են իրականացրել տարածաշրջաններում ու մայրաքաղաքում»: