Համաժողովրդական ընդդիմադիր շարժման 2-րդ կոնգրեսի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում տեղ գտած որոշ գնահատականները եւ հայտարարությունները, եթե դատելու լինենք ելույթին հաջորդած մեկնաբանություններից, շատերի համար բավական անսպասելի էին` հատկապես իշխանական թեւը ներկայացնող քաղաքական ուժերի համար: Նրանց ակնհայտորեն զարմացրել եւ անակնկալի էր բերել արմատական ընդդիմության առաջնորդի արտահայտած գնահատականների որոշակի «փափկությունը», իսկ որոշ հարցերի շուրջ նաեւ շեշտադրումների փոփոխությունները:
Ընդհանուր առմամբ, տերպետրոսյանական «մայիսյան թեզերի» շուրջ իշխանության փաստացի «ոչ պաշտոնական» վերաբերմունքը զգուշորեն արտահայտվեց հանրապետականների խոսնակ-պատգամավոր Էդուարդ Շարմազանովի արտահայտած գնահատականներում: Ըստ նրա` «ելույթը տարբերվում է նրանով, որ «տականքներ» ու նման բառերով կոչեր չկային, բայց բովանդակությունը նույնն էր»: Իշխանամետներից ու իշխանամերձներից ոմանք էլ, սակայն, այդ ելույթից ավելի հեռու գնացող եզրակացություններ փորձեցին անել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի տոնայնության մեջ նկատվող որոշ մեղմությունն այնքան էր ոգեւորել մարտի 1-ի իրադարձություններից հետո կարծես որոշ ժամանակով քաղաքական ասպարեզից «անհետացած» «անուղղելի լավատես» Գալուստ Սահակյանին, որ նա Լ. Տեր-Պետրոսյանի կոնգրեսական ելույթը, նույնիսկ, որպես նախկին դիրքորոշումներից «նահանջ» եւ «հետ կանգնել» բնորոշեց: Պակաս ոգեւորված չէր նաեւ իշխանամերձ «ընդդիմադիր» Արամ Գ. Սարգսյանը, որի «տպավորությամբ՝ Լ. Տեր-Պետրոսյանը «հետողորմյա» է անում իր նախկինում կատարած գործողություններից»…: Թե որքանով են երկրում ստեղծված իրավիճակին ադեկվատ հնչած գնահատականները, կարծում ենք՝ պարզ կդառնա արդեն ամենամոտ ապագայում: Միայն նկատենք, որ ոչ հեռու անցյալում գրեթե նմանատիպ «հաղթական» տրամադրություններ էին տիրում նաեւ անցած նախընտրական ու նույնիսկ հետընտրական գործընթացների հեռանկարների շուրջ: Հիշենք, որ նույն գործիչները ժամանակին համառորեն ուղղակի բացառում էին առաջին նախագահի վերադարձը «մեծ քաղաքականություն»: Իսկ մյուսները, ինչպես, օրինակ, մոտ երկու տարի ՀՀ իշխանություններին «լոբբինգային ծառայություններ» մատուցող մոսկվացի «քաղաքագետ» Վյաչեսլավ Նիկոնովը, ռուսաստանցիներին եւ հայաստանցիներին համոզում էին, որ «հայերը օր ու գիշեր վրաններում մնացողը չեն», ու, որ ամեն ինչ «էն գլխից էլ» պարզ է…
Ինչեւէ, շատերին, առաջին հերթին, չափազանց զարմացրել էր ելույթի` Լ Տեր-Պետրոսյանի ոճին ոչ բնորոշ «հայրենասիրական պաթոսը»` նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի շուրջ հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման հեռանկարների առումով: Բառացիորեն հայտարարվեց հետեւյալը. «Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի` միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայունությանը սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները: Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը: Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները: Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին` խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության գործին»:
Թերեւս, իրոք, անսպասելի էր «ռազմաշունչ» կոչեր լսել մի գործչի շուրթերից, որն իր քաղաքական գրեթե ամբողջ գործունեության ընթացքում ընդդիմախոսների կողմից մեղադրվում էր հենց ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում «պարտվողական» քաղաքականությանն ապավինելու մեջ, եւ որի նույնիսկ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարականի առիթն էլ այդ նույն «պարտվողականությունն էր» համարվում: Այս կտրուկ շրջադարձն առավել հետաքրքրական էր նաեւ` ընդամենը 2-3 ամիս առաջ ադրբեջանցիների հետ «քիրվայություն» ու «հարեւանություն» անելու տերպետրոսյանական նախընտրական կոչերի ֆոնի վրա: Դժվար չէ ենթադրել, որ նման կտրուկ «կերպարանափոխումների» համար ավելի քան լուրջ պատճառներ պետք է որ եղած լինեին: Այս պարագայում, անկասկած, միամտություն կլիներ մտածել, որ այնպիսի բազմափորձ քաղաքական գործիչը, ինչպիսին ՀՀ առաջին նախագահն է, արցախյան գերնուրբ թեման «թեժացներ» միմիայն «հակաղարաբաղյան» սեփական իմիջին որոշ հայրենասիրական երանգներ հաղորդելու համար: Թեեւ, պետք է փաստենք, որ առնվազն PR-ի առումով, ինչպես միշտ, ամեն ինչ գրեթե անթերի աշխատեց` կարեւոր քաղաքական եւ բարոյահոգեբանական դիվիդենտներ բերելով եւ՛ անձամբ Լ. Տեր-Պետրոսյանին, եւ՛ նրա գլխավորած ընդդիմադիր բեւեռին:
Բայց ամենեւին էլ համոզված չենք, որ հատկապես հենց այս խնդրին էր առաջնային նշանակություն տալիս ընդդիմության առաջնորդը: Կարծում ենք` շատ ավելի կարեւոր էր ԵԽ ԽՎ հունիսյան նախաշրջանից առաջ Արեւմուտքին ինչ-ինչ նախազգուշական «մեսիջներ» ուղարկելը` ընդ որում, հասցեատիրոջը հենց ամենաշատը հետաքրքրող՝ ղարաբաղյան, ինչպես Ռ. Քոչարյանը կասեր՝ «ծեմածիկայով»: Դա արվեց հստակ հաշվարկված քայլերի «ալգորիտմով»: Նախ՝ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «եվրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները` ինչ-որ չափով նաեւ նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը»: Նաեւ հավելեց, որ նույն այդ Եվրոպական կազմակերպությունները «որոշ առումով հանդուրժեցին նաեւ մարտի 1-ի արյունահեղությունը»: Այս հայտարարությամբ` Արեւմուտքին հակամարտության փաստացի մասնակից ներկայացնելուց հետո, Լ.Տեր-Պետրոսյանը հաջորդ քայլը կատարեց` իր ելույթում ավելի քան հստակ ձեւակերպելով հայաստանյան ընտրական գործընթացներում Արեւմուտքի հետապնդած իրական նպատակները: Ըստ այդմ, «առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով` Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն»: Հայաստանյան ընտրական եւ հետընտրական գործընթացները ղարաբաղյան հիմնախնդրի հարթ ություն տեղափոխելուց հետո Լ.Տեր-Պետրոսյանն իր նախագծած «բազմաքայլ կոմբինացիան» ավարտեց ռազմական ագրեսիայի դեպքում «հայրենիքը միասնաբար պաշտպանելու» ընդդիմության պատրաստակամության մասին արդեն հիշատակված տպավորիչ հայտարարությամբ:
Այսպիսով, Տեր-Պետրոսյանն ընձեռված առիթն օգտագործեց «քցող» Արեւմուտքին հասկացնելու համար, որ իր համար այլեւս անընդունելի է այն մոտեցումը, երբ իր ղեկավարած շարժումը նրանց կողմից ընկալվում եւ օգտագործվում է զուտ որպես արցախյան հիմնախնդրում Հայաստանի դիրքերը թուլացնելու հզոր գործիք: Ավելին, Լ. Տեր-Պետրոսյանը հասկացնել է տալիս նաեւ, որ, եթե եվրոպական կառույցները «խելքի չգան» եւ խոստացածին համաձայն գործնական առումով չաջակցեն ընդդիմությանը, ապա նա «համաժողովրդական շարժումը» այսուհետ կտանի «Արցախը եվրոպացիներից եւ Ղարաբաղը ծախող ոչ լեգիտիմ ՀՀ իշխանություններից փրկելու» ուղությամբ` տապալելով արեւմտյան շահագրգիռ շրջանակների ծրագրերը: Նաեւ հստակ «մեսիջ» ուղարկվեց, որ նորընտիր իշխանությունների լեգիտիմության այսօրվա մակարդակն իրականում նրանց բացարձակապես հնարավորություն չի տալիս բավարարել Արեւմուտքի ղարաբաղյան սպասումները: Այդ դեպքում կստացվի, որ Արեւմուտքը ոչ միայն իր նպատակներին չի հասնի, այլեւ կզրկվի ընդդիմության հետ` որպես պարտնյորի, աշխատելու հնարավորությունից: Այս տեսակետից բավական խոսուն է ընդդիմության ղեկավարի ելույթում եվրոպացիներին ուղղված, ըստ էության, միաժամանակ եւ՛ առաջարկ, եւ՛ նախազգուշացում հանդիսացող կոչը. «Եվրոպական կազմակերպությունների նկատմամբ հայ ժողովրդի վստահության թեկուզ մասնակի վերականգնումը կախված է նրանից, թե ինչպիսի հաստատակամություն եւ հետեւողականություն կդրսեւորի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 17֊ին ընդունած իր բանաձեւի պահանջների կատարման գործում»: