Բազմակարծություն՝ բազմակարծության մասին

25/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպվել էր հերթական քննարկումը` «Բազմակարծության ապահովման խնդիրները Հայաստանում» թեմայով:

Ինչպես քննարկման սկզբում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, որեւէ երկիր չի կարող կայանալ իբրեւ ժողովրդավարական, եթե չի ապահովվում բազմակարծություն, քանի որ այդ երկու հասկացությունը պայմանավորված են մեկը մյուսով: Նրա կարծիքով` Հայաստանում բազմակարծություն կա, պարզապես այն դուրս է որոշակի չափանիշներից: Պատգամավորն առանձնացրեց այն երեք առանցքային մարմինները, որտեղ պետք է բազմակարծություն դրսեւորվի: «Առաջինը խորհրդարանն է: Այսօր ԱԺ-ում մեկ ընդդիմադիր ուժ կա, եւ նրանք ամբողջապես դրսեւորվում են, սակայն որքանո՞վ են նրանց առաջադրած խնդիրները կյանքի կոչվում: Բազմակարծության բացակայությամբ է պայմանավորված, որ ԱԺ-ում ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի խոսքը լիովին չի հասնում հասարակությանը: Մյուս դաշտը ԶԼՄ-ներն են: Երրորդը` արտաիշխանական ու արտախորհրդարանական քաղաքական դաշտը: Այստեղ նույնպես շփոթ կա»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը բազմակարծության գնահատման համար առաջարկեց իր չափանիշները: Դրանցից առաջինն այն է, թե որքանով են ազատ այն մարմինները, որոնք պետք է ապահովեն բազմակարծությունը` ԱԺ-ն, քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու հանրային հավաքները: Եվ երկրորդ` որքանով է նրանց հայտնած կարծիքն ազդեցություն ունենում հասարակական եւ կառավարման գործընթացների վրա: «Խորհրդարանը կարող է բնութագրվել իբրեւ չհավասարակշռված խորհրդարան, որտեղ հասարակության մի զգալի հատվածի տեսակետները ներկայացված չեն: 131 պատգամավորական տեղից ընդամենը յոթն է բաժին հասնում ընդդիմությանը: Ինչ վերաբերում է կարծիքների ազդեցությանը, ապա թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ձայնն էական ազդեցություն չունի ընդունվող քաղաքական որոշումների վրա»,- ասաց Ս. Սաֆարյանը, ում համոզմամբ` ԱԺ-ն ավելի շատ իմիտացիոն մարմին է եւ որեւէ էական դերակատարում չունի պետության եւ երկրի կառավարման գործում: «Խորհրդարանն այն մարմինն է, որը վավերացնում է այն որոշումները, որն արդեն ընդունել է ոչ ֆորմալ խորհրդարանը»,- ասաց նա: Ս. Սաֆարյանի կարծիքով` ամենացավալի վիճակում ԶԼՄ-ներն են: «Եթե տպագիր մամուլի հետ կապված կարող ենք ընդամենը խոսել ճամբարավորման մասին, ապա էլեկտրոնային լրատվամիջոցներն ուղղակի քաղաքական համակարգի զոհ են: Ամենաանփորձ աչքն անգամ կնկատի, որ հեռուստաընկերությունները ազատ չեն, բաց չեն: Ինչ վերաբերում է հանրային հավաքներին` սա միակ ամբիոնն էր, որը բաց էր մնացել քաղաքական ուժերի համար, ու այս միակ հարթակն էլ ընդդիմադիր ուժերի ձեռքից վերցվեց: Իսկ «Ժողովներ, ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունն ավելի շատ հանրահավաքներն արգելելու, քան թույլատրելու մասին են: Դա ոչ թե օրենք է, թե ինչպես ապահովել մարդու իրավունքները, այլ՝ ինչպես խոչընդոտել դրանց իրացումը»,- նշում է «Ժառանգության» պատգամավորը, ում կարծիքով` ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների ուղղությամբ իշխանությունների կողմից իրականում որեւէ քայլ չի կատարվում: ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանն էլ, անդրադառնալով բազմակարծության խնդրին, նշեց, որ բարոյական առումով մեր կուսակցություններն այնքան էլ իրավունք չունեն իշխանություններից պահանջել այն, ինչ իրենք չեն ապահովում իրենց ներսում, որտեղ գոյություն չունի ներքին բանավեճ: «Լավագույն դեպքում՝ լինում են ներքին հեղաշրջումներ, հայրական ապտակներ, անհասկանալի հեռացումներ: Պետության նման` կուսակցությունները կառուցված են հիերարխիկ ավտորիտար բուրգի նման, ու վերեւ բարձրացած մարդիկ որոշում են ողջ կուսակցության ճակատագիրը»,- ասաց նա: Ա. Սահակյանի գնահատմամբ` ԶԼՄ-ների դաշտն այս առումով ողբալի վիճակում է: Նա հայաստանյան լրատվամիջոցները բաժանեց երեք խմբի` պետական, անձնական-ընտանեկան ու կուսակցական: «Հատկապես ուրախալի է անձնական-ընտանեկանը, երբ ամեն օր հեռուստաէկրանին հայտնվող մարդը տան հողաթափերով է նստած քո առջեւ, ուղղակի սեղանի տակից չի երեւում: «Ա1+»-ն ու «Նոյան տապանը» հոշոտվեցին, զրկվեցին եթերից, իսկ խեղկատակները եթերում ազատ գործում են: Այս հաստատություններն արհամարհվում են այն երկրներում, որոնց շարքում է նաեւ Հայաստանը, որտեղ հասարակական կարծիքը ոչ մի արժեք չունի»,- ասաց Ա. Սահակյանը: Անդրադառնալով մարտի մեկի դեպքերին, նա նշեց, որ այդ իրադարձությունների «քառասունքն արդեն անցել է», եւ կարելի է այլեւս չողբալ, այլ զոհերի հիշատակը հարգելու համար պետք է բացահայտվեն մարդկանց վրա մարտական զենքով կրակելու որոշում ընդունած մարդիկ եւ պատասխանատվություն կրեն:

ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանի կարծիքով էլ` բազմակարծությունը ենթադրում է երկու կողմի առկայություն` ասելու հնարավորություն եւ ականջ, որը դա կլսի: Եվ եթե ասելու հնարավորություն լինում է, ապա երկրորդ կողմը` ականջը, գոյություն չունի, ինչը, Ռ. Խաչատրյանի գնահատմամբ` բերում է այլանդակ դրսեւորումների: Անդրադառնալով «Հանրահավաքների, երթերի, ցույցերի» մասին օրենքի փոփոխություններին, տիկին Խաչատրյանը նշեց. «Կոալիցիան ներկայացնող մեր ԱԺ պատգամավորները շատ հիացած իրենք իրենց փոփոխություններով՝ ասում են` կարող են վիճարկել դատարանում, ի՞նչ կա որ: Նրանց լսելիս նույնիսկ չես ուզում ասել` գնացեք գրողի ծոցը, քանի որ կարելի է ասել նրանց` գնացեք հայաստանյան դատարան, եւ եթե այնտեղ կկարողանաք ապացուցել, որ մածունը սպիտակ է, այն ժամանակ կխոսենք: Քանի մեր երկրում օրենքը չի գործում, իսկ այն չի գործում, քանի որ երկիրը ղեկավարում են օրենք բառը չհասկացող մարդիկ, մենք կմնանք այս վիճակում, բազմակարծությունը կբերի նրան, որ դրա համար մարդիկ կհայտնվեն ճաղավանդակների հետեւում»: