Ինքնադատաստա՞ն

25/05/2008

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին՝ Բ. Բորուսեւիչը հույս է հայտնել, որ կվերացվեն հանրահավաքների, երթերի, ցույցերի սահմանափակումները, եւ այն կալանավորված անձինք, ովքեր ծանր հանցանք չեն գործել, ազատ կարձակվեն: Ի պատասխան, Տ. Թորոսյանը նշել է, թե պետք է միմյանցից տարանջատել նախագահական ընտրությունները եւ մարտի 1-2-ի իրադարձությունները: Ինչ վերաբերում է ձերբակալվածների խնդրին, նա վստահեցրել է, որ կպատժվեն նրանք, «ովքեր լուրջ հանցանքներ են գործել, ում գործողությունների հետեւանքով տասը մարդ է զոհվել եւ հարյուրավոր վիրավորներ կան, բայց որեւէ մեկը չի կարող պատժվել սոսկ իր քաղաքական հայացքների համար»: Նույն օրը Տիգրան Թորոսյանը հանդիպել է նաեւ Ագոյի խմբի նոր ղեկավար Ստելյան Ստոյանի հետ: Վերջինս կարեւորել է այն, որ 1609 բանաձեւի կիրարկման համար ստեղծված աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ նախագահը, քանի որ դա, ըստ նրա` «վկայում է Հայաստանի իշխանությունների լուրջ եւ շահագրգիռ վերաբերմունքը ԵԽ ԽՎ բանաձեւի կատարմանը»: