Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որը սիրում է ներկայանալ որպես
կիրթ ու հավասարակշռված մարդ, մայիսի 7-ին (ժամը 12:00-ի սահմաններում)
Իջեւան քաղաքի կենտրոնում` հուշարձանների այգու մոտ, ծեծի է ենթարկել մի
երիտասարդ տղայի: Հարձակվելով նրա վրա` հայհոյանքներով սպառնալիքներ է
տեղացել` փորձելով նրան ներքաշել կռվի մեջ: Սակայն երիտասարդը, մեր
տեղեկություններով, չի արձագանքել, ինչն ավելի է զայրացրել Վ.
Ներսիսյանին: Բանն այն է, որ ապրիլի 30-ին ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանը` այցելելով Տավուշի մարզ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում
հանդիպել է իջեւանցիների հետ, եւ այդ երիտասարդը, որին քաղաքապետը ծեծի է
ենթարկել, հանդգնել էր Բաղդասարյանին հարցնել, թե` 2002թ. ՏԻՄ
ընտրությունների ժամանակ Իջեւանում փաստացի հաղթել է ՕԵԿ թեկնածու Գարիկ
Իսրայելյանը, ի՞նչ հանգամանքներից ելնելով 2005թ. ՕԵԿ-ը սատարեց գործող,
բայց «չընտրված» քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Ա. Բաղդասարյանը կարճ
պատասխանել է, թե, այո, 2002թ. եղել են թերություններ: Երիտասարդը ստիպված
է եղել Ա. Բաղդասարյանին հիշեցնել, թե ինչպես էր ինքն այն ժամանակ ԱԺ
ամբիոնից բղավելով բողոքում, որ այդ ընտրությունները եղել են խայտառակ
ընտրախախտումներով, եւ ինչու է հիմա այն որակում ընդամենը «թերություն»,
Ա. Բաղդասարյանը համաձայնել է` հայտարարելով. «Դուք միանգամայն իրավացի
եք»: Այս հարցուպատասխանը, պարզվում է, դուր չի եկել ՀՀԿ քաղաքապետ
Ներսիսյանին եւ այդ օրվանից անընդհատ հետապնդել է երիտասարդին ու փողոցում
պատահաբար նրան տեսնելով, իր զրուցակիցներին (ի դեպ, ասում են, որ նրա հետ
այդ պահին կանգնածները եղել են ԱԱԾ աշխատակիցներ) մի կողմ թողնելով՝
հարձակվել է նրա վրա ու բոլորի ներկայությամբ հայհոյանքներ տեղալով ծեծել:
Այժմ, ըստ մեր տեղեկությունների, այդ երիտասարդը` խուսափելով քաղաքապետի
հետագա գործողություններից, Իջեւանից փախել է:
Լ.Ս.