ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նախօրեին Մինսկ է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ նիստը Տ. Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ: Հանդիպման սկզբում Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Լադո Գուրգենիձեին` Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Զրույցի ընթացքում վարչապետները երկուստեք ընդգծել են կառավարությունների ղեկավարների մակարդակով գործող Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարեւորությունը` երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման ու համագործակցության զարգացման տեսանկյունից: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել գլխավորել հանձնաժողովի աշխատանքն ու մոտ ապագայում, մասնավորապես` հուլիսին, գումարել հանձնաժողովի նիստ, ինչը, վարչապետների համոզմամբ, նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար: Բացի այդ, Տ. Սարգսյանն իր գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմին մտահոգող որոշ խնդիրներ եւ նրա միջամտությունը խնդրել` դրանց լուծման հարցում: Նա, մասնավորապես, խոսել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող բարձր սակագների ու դրանց ձեւավորման տրամաբանությանը հայկական կողմին եւս իրազեկ դարձնելու կարեւորության մասին: Տ.Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական եւ աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա, որոնք լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության շրջանում: Նա հատկապես նշել է վերջերս Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելու եւ այդ դատապարտելի արարքով դեպի հեռուն գնացող մտադրությունները, որոնց մասին ապօրինությունն իրականացնողները նաեւ հրապարակավ հայտարարություններ են անում: