Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանում առկա ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու համար պետք է եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության ներկայացուցիչները ներողամիտ լինեն: Նրա գնահատմամբ` մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար մեղավոր են բոլորը: «Պետք է դադարել մեղադրել մեկը մյուսին, մարտի 1-ի դեպքերը ողբերգություն են, եւ կատարվածի համար մեղավորը բոլորս ենք, մենք թույլ տվեցինք, որ դա տեղի ունենա»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռ. Հովհաննիսյանը: Ըստ նրա` պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի եւ տնտեսական ճիշտ քաղաքականություն իրականացնի, մարդիկ էլ պետք է կենցաղային քիչ հոգսեր ունենան, որպեսզի կարողանան լիարժեք մասնակցել բոլոր տոներին: «Ես տեսնում եմ, որ տոնական օրերին շատ խանութներ բաց են, շատերն աշխատում են: Դա բխում է նրանց կենցաղային խնդիրներից, որովհետեւ մտածում են երեխային կերակրելու եւ այլ հարցերի մասին»,- ասել է Ռ. Հովհաննիսյանը: Պատմաբանի կարծիքով, ի տարբերություն 1991թ. ստեղծված պետության, 1918թ. ձեռք բերած Հայաստանի Առաջին Հանրապետությունն ավելի է հարգանքի արժանի, քանի որ «այն ժամանակ չկար ոչ մի պետական կառույց, պետական հիմք, որի վրա կարելի էր ստեղծել նորը»: Ըստ Ռ. Կիրակոսյանի, ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ պաշտոնյաները չէին չարաշահում իրենց դիրքերը: