Գիտությունը դասալքություն չէ

25/05/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Տարօրինակն այն է, որ մեր նորաստեղծ պետության գոյության սկզբից ի վեր, մինչ այսօր, շարունակվում է եւ հնարավոր է՝ դեռ շարունակվի ոչ մասնագիտական մոտեցումը մեր առջեւ
ծառացած խնդիրներին:

Մեկ՝ շատ ենք ուզում գիտություն ունենալ, մեկ՝ բանակ, մեկ՝ տնտեսություն, մեկ՝ մշակույթ, բայց չենք պատկերացնում՝ ինչպես, ինչպես համատեղել եւ ինչը՝ ինչի հաշվին անել, ինչպես ունենալ բոլորը կամ դրանցից մեկը, որն է ավելի կարեւոր։ Մենք չենք պարզել` ինչ պետություն ենք կառուցում, ինչ նպատակի պետք է ծառայի տնտեսությունը, ինչ՝ գիտությունը, բանակը, մշակույթը եւ այլն։ Հիմա նորաձեւ է հարցերը թեստավորել եւ այդպես պատասխանել դրանց։ Փորձենք դա անել մեր պատկերացրած պետության առնչությամբ։ Մենք ուզում ենք պետություն՝

ա) ռազմական,

բ) ոստիկանական,

գ) մշակութային,

դ) գիտատեխնիկական,

ե) տուրիստական,

զ) գյուղատնտեսական,

է) բանկային,

ը) առեւտրային եւ այլն։

Սրանցից որի՞ մեջ ենք տեսնում այն համակարգը, որին պետք է հենվի մեր պետությունը՝ որպես դեմք ունեցող պետություն կայանալու համար: Ի՞նչ պոտենցիալ ունենք մենք. արդյո՞ք պատրաստվում ենք զինվոր արտահանող երկիր դառնալ կամ անվերջ պատերազմներ մղել հարեւանների հետ: Չեմ կարծում, թե այս հարցին դրական պատասխան ունենք: Արդյո՞ք մեզ պետք է ուժեղ Ոստիկանություն` «ներքին թշնամիներին» հալածելու համար: Ունե՞նք ներազգային, ներհասարակական անվերջ բախումների խնդիրներ. կարծում եմ, սրան էլ դրական պատասխան չկա։ Այս առաջին երկու պետությունների տիպը միանգամից ժխտվում է, իսկ մնացած բոլոր կետերն անհրաժեշտ են՝ ունենալու համար մի պետություն, որ համահունչ է կյանքի պահանջներին, համահունչ է միջազգային հանրության կենսակերպին։

Հայ ժողովուրդը հոգեկերտվածքով խաղաղասեր, ստեղծագործ, մտավոր ներուժով ժողովուրդ է, եւ սա է այն խարիսխը, որի վրա պետք է հենվի մեր պետականությունը: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Մենք պետք է մեր երկիրը կառուցենք մտքի ուժով եւ արտահանենք միտք: Դա պետք է լինի ոչ տարերային, ոչ անհատական նախաձեռնությամբ, ոչ պատահականորեն, այլ պետք է լինի ծրագրված, նպատակաուղղված պետական քաղաքականություն։

Այն, որ մեր երիտասարդները բանակից փախչում են դեպի գիտություն՝

ա) հանցագործություն չէ,

բ) իրենց մեղքը չէ,

գ) գիտությունը ոչ պակաս ծառայություն է,

դ) պաշտպանությունը միայն բանակը չէ,

ե) կյանքը մահվան ճանապարհ չէ։

Մեր պետությունն իր կայացման հիմքը դրեց Արցախյան ազատամարտի ծանր ու դժվարին, զրկանքների տարիներին։ Երկիրը պատերազմի մեջ էր. բոլորի ձեռքին չէ, որ զենք կար, բոլորս էինք պատերազմի մեջ, բայց բոլորս չէ, որ մարտի դաշտում էինք: Ովքեր կռվել են, կհաստատեն, որ մարտի դաշտում ավելորդ մարդը պատուհաս է. այնտեղ պետք են, իրոք, կռվողներ, կամավոր զենք վերցնողներ: Երկնչողները թե՛ իրենք են առաջին զոհը, թե՛ կարող են իրենց ետեւից շատերին տանել: Բանակում կարեւորը քանակը չէ (ինչպես եւ ամենուր), այլ որակն ու ցանկությունը: Այդ իսկ պատճառով՝ ժամանակն է բանակին այլ հայացքով նայել: Բանակը պետք է լինի մարտունակ, ինչպես որ պատերազմի ժամանակ համալրվեց կամավոր ջոկատներով, հենց կամավոր (եւ սա էր մեր հաղթանակի գրավականը), եւ ոչ թե թշնամու նկատմամբ գերակշիռ թվաքանակով (ինչը երբեք չի եղել մեր պատմության մեջ)։ Այսօր մարդկանց ուժով բանակ քշելն առնվազն տարօրինակ է, որքան տարօրինակ կլինի որեւէ բանակայինի մտցնել քիմիայի լաբորատորիա ու ստիպել ծծմբաթթվով փորձ դնել (կարծում եմ, հետեւանքն ակնհայտ է)։ Ինչո՞վ ծառայություն չէ առնվազն 4-5 տարի ուսանողի նստարանին գամվելն ու տարին երկու անգամ տասնյակի հասնող առարկաներից քննություն ու ստուգարք հանձնելը։ Ինչո՞վ ծառայություն չէ գիտնականի աշխատանքը (մանավանդ, եթե հաշվի առնենք գիտնականի չնչին աշխատավարձը, ինչն ամոթ է հրապարակել): Մի՞թե կրթության պտուղները չեն ներդրվում պետության կայացման ու պաշտպանության կարիքներին։ Մեծ հայրենականի տարիներին աքսորյալ գիտնականներին ետ բերեցին աքսորից՝ գիտությամբ զբաղվելու, քանզի բանակը ոչ թե նրանց զենք բռնելու, այլ հենց գիտության կարիքն ուներ (հենց պատերազմի տարիներին, պատերազմի ընթացքում խորհրդային պետությունը ստեղծեց ու համալրեց զինտեխնիկան, եւ այդ տարիներին ստեղծված գիտությունն այնուհետեւ ծառայեց խաղաղ կյանքին)։

Եթե ուզում ենք բանակը համալրել որակյալ կադրերով, արդյո՞ք այլ բուհերի ուսանողներով պետք է համալրել այն եւ ոչ թե համապատասխան բուհի՝ Ռազմական ակադեմիայի, ու եթե բանակին պետք են արեւելագետներ, բժիշկներ, տնտեսագետներ եւ այլն, արդյո՞ք մեր ունեցած ողջ պոտենցիալը, ողջ զինանոցը պետք է արմատախիլ անել ու բերել բանակ, եւ արդյո՞ք բանակ մտնողը՝ կրթված թե անկիրթ, ի՛նքը չի ենթարկվում բանակի օրենքներին ու տրամաբանությանը, եւ ի՞նչ կապ ունի այստեղ գիտությունը. չափից դուրս չե՞նք վախենում բանակը կորցնելու վտանգից…

Այո, մենք պատերազմը հաղթեցինք զենքով, բայց մինչ օրս չենք կարողանում հաղթել գիտությամբ, չենք կարողանում մերը մեզանով անել խելքով, քանզի դրա կարեւորությունը չենք հասկանում։

Յուրաքանչյուր մասնագետ, որն իր տեղում է եւ տիրապետում է մասնագիտությանը, հայրենիքի զինվորն է, եւ պետք է հարգվի այդ զինվորի անհատականությունը։