Ափսեների գունազարդ նվագախումբը

25/05/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Գեւորգյան» ցուցասրահում բացվել է հայ նկարիչների երեւակայությամբ ողողված ափսեների ցուցադրությունը։ Գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանը, ով հանդիսանում է այդ հավաքածուի սեփականատերը, մեծ ցանկություն ունի Հայաստանում վերականգնել ափսե նկարազարդելու արվեստը։

Նա նշում է, որ ափսեներ նկարազարդելու ավանդույթը կորսվել է Արեւմտյան Հայաստանի կորստի հետ։ Մինչդեռ դեկորատիվ եւ փիլիսոփայական ուղերձներ պարունակող ափսեները նկարազարդելու արվեստը հազարամյակների պատմություն ունի։ Տիցիանը, Ռեմբրանդտը, Ռաֆայելն ու Պիկասոն, ինչպես հիմա՝ հայ նկարիչները, փորձել են «սանձել» կլոր տարածությունը, կենցաղային այդ առարկան արվեստի գործ դարձնել։ «Ափսեն պարադոքսների գալակտիկա է, աշխարհների ու երկրների միաձուլում, ճաշակի ու ֆորմաների իմացության երջանկություն, լինելիության բաց մատյան եւ տարածություն, որը բանտված է»,- ասում է հավաքածուի սեփականատերը։

Ռ.Անգալադյանի հավաքածուն շատ ավելի մեծ ոճային ու աշխարհագրական ընդգրկում ունի, քան ցուցադրված նմուշներն են։ Հավաքածուի մաս են կազմում նաեւ ռուս, չինացի, ճապոնացի նկարիչների կողմից նկարազարդված ափսեները։ Սակայն այն 60 ափսեները, որոնք ցուցադրվում են «Գեւորգյան» ցուցասրահում, գեղագիտական հաճույքից բացի, դիտորդներին ճանաչել են տալիս հայ գեղանկարչության մի քանի շերտերը։ Դա կարծես կլոր տարածության վրա հավաքագրված հայկական գեղանկարչության վարպետների յուրահատուկ կատալոգ է։ Մի հարթության վրա դնելով ու նույն պայմաններն ընձեռելով նկարիչներին՝ հավաքածուի սեփականատերը տարբեր սերնդի ու ոճի հայ նկարիչներին դրդում է մեկ ընդհանուր մշակութային դաշտ ստեղծել։ Ընդ որում, իրենց գունային հետքն ափսեների վրա թողնում են ոչ միայն նկարիչներն ու գծանկարիչները, այլեւ՝ քանդակագործները եւ կերամիկայով զբաղվող մասնագետները, որոնք իրենց ծավալային աշխատանքները սուզում են ափսեի կլորի մեջ։

Կլոր տարածությունը նկարազարդելը պարզապես կտավ ստեղծելու նման չէ, հարկավոր է ենթարկել սեփական մտքերը կլորին, հարկավոր է իմաստավորել այդ տարածքը։ «Կենցաղային իրի՝ ափսեի մեջ գեղեցիկն ու անսպասելին կարող է տեսնել միայն իսկական նկարիչը»,- ասում է Ռ.Անգալադյանն ու ավելացնում. «Այս հավաքածուն սիրուց է ծնունդ առել»։ Հավաքածուն սկիզբ է առել մեկ ափսեից, որը մշակութաբանին նվիրել է Ռոբերտ Էլիբեկյանը։

Որոշ նկարիչներ՝ Ռ.Անգալադյանից դատարկ, սպիտակ ափսեները ստանալով՝ շփոթության մեջ են ընկել, եւ նրանցից ամիսներ ու տարիներ են պահանջվել՝ իրենց աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Իսկ ոմանք էլ` արագ ու հեշտությամբ են գտել բանտված տարածքն ազատագրելու բանալին։ Թե ո՞ր նկարիչը պիտի իր հավաքածուի մաս կազմի՝ որոշում է անձամբ Ռ.Անգալադյանը։ Ոմանց նա համոզում է ժամանակ գտնել ու նկարազարդել ափսեն, ոմանց էլ՝ մերժում է։ Այս պարագայում հավաքողը նույնանում է ստեղծագործողի հետ՝ դառնալով հեղինակ։ Բոլոր ժամանակներում էլ իր «տեսիլքներն» արվեստ դարձնող անհատների կողքին հայտնվում էին կոլեկցիոներները, որոնք արվեստի մեծ գիտակներ էին ու օժտված էին արվեստը կանխազգալու «հոտառությամբ»։ Նրանք էին ձեռք բերում, պահպանում ու ճանաչելի դարձնում արվեստի մարդկանց։ Եվ այս մոտեցումը, որով ուղղորդվում է Ռ. Անգալադյանը, շատ ավելի հստակ ու անկողմնակալ է, քանի որ կոմերցիայից զուրկ այդ ձեռնարկը միայն մշակութային կյանքում ուղենշային անուններ է հավաքագրում։

Հավաքածուի նմուշները ո՛չ գնվում են, ո՛չ էլ վաճառվում են, դրանք քրոնիկայի մաս են կազմում։ «Ներկայացված են երեք սերնդի նկարիչներ»,- ասում է Ռ.Անգալադյանը։ Յուրաքանչյուր նկարչի ոճն ու գույները միանգամից կռահվում են։ Նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանը պատկերում է գեղեցիկ ու ռոմանտիկ կապույտ ծաղիկ, Գաբոն իր հերթական հեքիաթային տեսարանն է ստեղծում, Թենի Վարդանյանը մարդանման էակների դիմանկարներ է անում, Կարեն Աղամյանը` ռոմանտիկ սիրային զույգ է պատկերում, Միրա Խոն` խխունջ է դնում շարժման մեջ, Վահան Ռումելյանը` մի քանի էմոցիոնալ գծով է լցնում տարածքը, կան նաեւ փոփ-արտի ու կոմիքսային ոճի արված պատկերավոր ափսեներ։ Պատկերների մասին պատմելն անշնորհակալ գործ է, այս ցուցադրությունն անպայման արժե դիտել, հարկավոր է դանդաղորեն քայլել պատերի վրա կախված տարբեր շառավիղ ունեցող նկար-ափսեների կողքով, անշտապ տեսնել, թե ինչպես է ափսեների նվագախումբը հնչում։ Եվ այդ նվագախումբն իր դիրիժորն ունի։ Նույնիսկ ափսեների տեղադրման մեջ զգացվում է Ռ. Անգալադյանի հեղինակային հայացքը։

Չինական լեգենդը պատմում է, որ ժամանակակից ափսեն ստեղծվել է մայրական ձեռքի ափի նմանությամբ, եւ այն սեր, ջերմություն ու համեղ ուտելիք է խորհրդանշում։ Խորհրդանշում է նաեւ Տիեզերքը, անհասկանալի ակունքներ ունեցող «թռչող ափսեներն» ու ընտանեկան հավաքույթները, նաեւ՝ նորաստեղծ օջախները։ Եվ այս ցուցադրությունը, որն օրիգինալ՝ «Ինչպես իմ ընկերները փորձեցին ուտել կլոր տարածությունը» անվանումն ունի, ցույց է տալիս, որ ափսեն պարզապես շատ գեղեցիկ մի առարկա է, որը լցվում է նկարչի էմոցիաներով ու երեւակայությամբ եւ փոքրիկ ու ջերմ տոն է խորհրդանշում։