Հանրապետությունում ապրիլին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4.841 օտարման գործարքների 81.3%-ը կազմել են առուվաճառքները, 17%-ը` նվիրատվությունները, 1.7%-ը` փոխանակությունները: Ըստ «Արմենպրեսի»` անշարժ գույքի օտարման գործարքների թվի 33.9% արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 34.2%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն` ապրիլին մարտի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 16%-ով, իսկ 2007թ. ապրիլի համեմատ` 8.0%-ով: Ապրիլին Երեւանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 56.4%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, ինչը մարտի համեմատ աճել է 12.4%-ով, իսկ 2007թ. ապրիլի համեմատ նվազել 12.6%-ով: Մայրաքաղաքում 2008թ. ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջին գները մարտի համեմատ աճել են 2.8 %-ով: Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի ամենաբարձր գինն ապրիլին գրանցվել է Կենտրոն համայնքում` 471.300 դրամ` 2007-ի ապրիլի 439.700-ի եւ այս տարվա մարտի 466.000 դրամի դիմաց: Կենտրոնին հաջորդում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները` համապատասխանաբար, 409.900 եւ 306.800 դրամ: Ամենացածր գները գրանցվել են Նուբարաշենում` 1քմ-ն` 151.500 դրամ, եւ Մալաթիա-Սեբաստիայում` 260.300 դրամ: Երեւանում բազմաբնակարանների 1քմ-ի միջին արժեքը, բացի Նորք-Մարաշից, կազմել է 294.800 դրամ` 2007թ. ապրիլի 243.700-ի եւ այս տարվա մարտի 286.700 դրամի դիմաց: 2008թ. ապրիլին հանրապետության մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 477 բնակարաններ, որոնց թիվը մարտի համեմատ աճել է 6.2%-ով, իսկ 2007թ. ապրիլի համեմատ նվազել 9.3%-ով: Իսկ մյուս քաղաքներում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 168.800 դրամ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 162.500 դրամ եւ Ծաղկաձոր քաղաքում` 142.600 դրամ: Ամենացածր գները շարունակում են գրանցվել Լոռու մարզի Շամլուղ եւ Թումանյան քաղաքներում` 1քմ-ն` 3200-5.600 դրամ: 2008թ. ապրիլին ՀՀ մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջին գները մարտի համեմատ աճել են 2.5%-ով: Ապրիլին ՀՀ-ում արձանագրվել է անհատական բնակելի տների 542 առուվաճառքների գործարք, այդ թվում` Երեւանում՝ 137, մյուս մարզերում միասին վերցրած՝ 405: 2008թ. մարտի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակն ապրիլին աճել է 10.6%-ով, ընդ որում` Երեւանում` 47.3%-ով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 2%-ով: 2007թ. ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 3%-ով, ընդ որում, Երեւանում` 26.9%-ով, իսկ մյուս մարզերում նվազել` 3.1%-ով:
2008թ. ապրիլին Երեւանի համայնքներում շինության 250քմ եւ տնամերձի 400 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների 1քմ մակերեսի ամենաբարձր գինը (ներառյալ` տնամերձի միավորի գինը) գրանցվել է կրկին Կենտրոն համայնքում` 489.000 դրամ, հաջորդում են Արաբկիրը եւ Քանաքեռ-Զեյթունը` համապատասխանաբար 414.700 եւ 312.200 դրամ: Անհատական բնակելի տների 1քմ-ի միջին շուկայական արժեքը, բացի Նոր Նորքից, կազմել է 301.200 դրամ: Այսպիսով` Երեւանում 2008թ. ապրիլին անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները` ներառյալ տնամերձի միավորի գինը, 2008թ. մարտի համեմատ աճել են 1.1 %-ով: Այս տարվա ապրիլին, բացի Երեւանից, մյուս քաղաքներում շինության 200քմ եւ տնամերձի 1000քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների 1քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են կրկին Աբովյան քաղաքում` 172.700 դրամ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 164.800 եւ Ծաղկաձորում` 217.700 դրամ: Ամենացածր գները 1քմ-ի հաշվարկով կրկին Լոռու մարզի Շամլուղ եւ Թումանյան քաղաքներում են, համապատասխանաբար՝ 6.400 եւ 9.600 դրամ: Փաստորեն, 2008թ. ապրիլին հանրապետության մարզերում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները` ներառյալ տնամերձի միավորի գինը, 2008թ. մարտի համեմատ աճել են 2.3%-ով: