Քրիստինե Ա.-ն 31 տարեկան էր, երկու անչափահաս երեխայի մայր: Երեխաներին միայնակ էր պահում, տարեց մոր օգնությամբ: Բայց միայն երեխաների հոգսը չէր, որ նրան մտամոլոր էր դարձրել այն պահին, երբ Երեւանում, Հանրապետության հրապարակում առաջին անգամ հանդիպեց Իրանի քաղաքացի Մասուդին: Վերջինս, ծանոթությունից կարճ ժամանակ անց զգալով, որ կինը նեղության մեջ է, պատրաստակամություն հայտնեց օգնության ձեռք մեկնելու նրան:
Առաջարկը գործարար բնույթ էր կրում: Քրիստինեն կարող էր մեկնել Թեհրան, Մասուդի ծանոթների միջոցով ապրանք ձեռք բերել, դրանք հասցնել Երեւան ու վաճառել: Այդպիսով՝ կպահեր իր ընտանիքը, նյութապես կապահովեր երեխաներին: Քրիստինեն ոգեւորվեց: Ինչո՞ւ՝ ոչ: Նա առեւտրից հասկացող կին էր, ժամանակին Լեհաստանում էլ էր եղել: Եվ վերջապես՝ ումի՞ց էր պակաս, քանի՜ կին է զբաղվում նման բիզնեսով: Նա չմերժեց Մասուդի գործարար առաջարկը: Սակայն հասկացրեց, որ մինչեւ անգամ Թեհրան գնալ-գալու միջոցներ չունի: Այ, եթե Մասուդը նաեւ այդ հարցում աջակցի… Մասուդը դեմ չէր, Քրիստինեին 280 դոլար տվեց: Վերջինս Թեհրան մեկնող ինքնաթիռի տոմս գնեց: Չմոռացավ եւ վերադարձի տոմսը. Մասուդն ասել էր, որ երեք օրը լիուլի բավական է վաճառելիք ապրանքը հայթայթելու համար:
Թեհրանում
Օրեր անց Քրիստինեն վայրէջք կատարեց Թեհրանում: Ամենահաս Մասուդն արդեն օդանավակայանում էր ու սրտառուչ կերպով դիմավորում էր նրան: Քրիստինեն կացարանի համար էլ կարող էր չանհանգստանալ. «բարերարը» նրան տարավ մի բնակարան, առաջարկեց ճամփից հանգստանալ, իրեն զգալ՝ ինչպես տանը: Քրիստինեի ուրախությանը չափ չկար:
Մասուդը մեծահոգաբար խոստացավ ներկայանալ հաջորդ առավոտյան: Ու ներկայացավ: Մենակ չէր: Մի հայ տղամարդ կար հետը: Երկու հայերը ծանոթացան: Տղամարդու անունը Ռաֆիկ էր: Վերջինս բացատրեց, որ իրենց առեւտրական համագործակցությունը կարող է միանգամայն շահավետ լինել եւ, որ կարեւորն է՝ ո՛չ միանվագ: Նա Քրիստինեին շատ վստահելի մարդ թվաց: Կինը դժվարանում էր հավատալ, որ բախտը կարող էր այդքան լայն ժպտալ իրեն, այն էլ՝ հայրենիքի սահմաններից հեռու:
Հաջորդ օրն առավոտյան Ռաֆիկը նորից եկավ: Անհանգիստ էր: Բացատրեց, որ տվյալ պահին, ցավոք, Հայաստան ուղարկելու համար համապատասխան ապրանք չկա: Այսինքն՝ կա, բայց՝ ո՛չ այն ապրանքը, որ Քրիստինեն է ակնկալում: Կա մի ապրանքատեսակ, որն օրինական ճանապարհով Հայաստան չի հասցվի, իսկ, այ, եթե, այնուամենայնիվ, ինչ-ինչ եղանակով տեղափոխվի, ավելի արագ եւ ավելի շոշափելի եկամուտ կբերի: Բոլորին:
Քրիստինեն երեխա չէր: Նրան անմիջապես ասացին, որ խոսքն ափիոնի մասին է: Տեղափոխման եղանակն էլ շատ մատչելի կերպով ներկայացրին. կինը կուլ է տալիս ռետինե թաղանթով փաթեթավորված թմրանյութի 40 գնդիկը, ստամոքսի մեջ «պահեստավորում» անօրինական, մաքսանենգ ապրանքը, բարեհաջող մեկնում Երեւան, անցնում մաքսակետը, իսկ տուն հասնելուն պես լուծողական խմում եւ «ազատվում» թանկարժեք փաթեթներից:
Ապրանքի ընդհանուր քաշը 155,3 գրամ էր: Երեւանում Քրիստինեին հանդիպելու էր գնորդը եւ յուրաքանչյուր գրամի համար վճարեր 15 դոլար: Ստացվելիք մոտ 2400 դոլարից 600 դոլարը Քրիստինեի բաժինն էր, մնացածը նա պարտավոր էր հանձնել Երեւան հասած Մասուդին:
Վերադարձ
Քրիստինեն հասկանո՞ւմ էր, թե ինչ կարող է լինել, եթե ռետինե թաղանթներից թեկուզ մեկը ստամոքսում պատռվի: Դժվար թե չիմանար, որ մահացու քայլի է դիմում: Նման ռիսկի համար խոստացված 600 դոլարը միգուցե ծիծաղելի գումար էր, բայց տվյալ պահին կինն այնքան նեղն էր, որ վերոնշյալ գումարը բաղձալի էր թվում: Բացի դրանից… Կար նաեւ մեկ ուրիշ հանգամանք, որն էլ, միգուցե, պատճառ էր դարձել, որ Երեւանի Հանրապետության հրապարակում, իբր՝ պատահաբար, հանդիպի Մասուդին: Մի հանգամանք, որը կարող էր ստիպել կնոջը՝ կյանքը վտանգելով, երեխաներին որբացնելու հնարավորությունն անտեսելով՝ համաձայնել Ռաֆիկի առաջարկին: Ինքը՝ Քրիստինեն էլ… թմրամոլ էր:
Ըստ դատանարկոլոգիական հանձնաժողովային փորձաքննության՝ նրա օրգանիզմում առկա էին թմրամոլությանը բնորոշ ախտանիշերը. «հոգեկան եւ ֆիզիկական կախյալությունը, տոլերանտությունը, զրկանքային համախտանիշը, հիվանդագին հակումը դեպի թմրանյութերը»:
Քրիստինեն հայտնվել էր տխուր փաստի առաջ. օտար երկրում էր, առանց փողի, հանցագործ, հնարավոր է նաեւ՝ հանգուցյալ դառնալու հեռանկարին հանդիման: Բայց հենց տվյալ պահին էլ Քրիստինեն թմրամիջոցի կարիք էր զգում, մարմինը ցավում էր կծկումից, իսկ բաղձալի չափաբաժինները շատ մոտ էին, շատ մատչելի. Ռաֆիկը մեկ չափաբաժին խոստանում էր նվեր տալ ինքնաթիռ նստելուց առաջ, որ կնոջ ստամոքսը չգործի, ու նա դիմանա մինչեւ Երեւան:
Երկար մտածելու ո՛չ ժամանակ կար, ո՛չ էլ՝ հնարավորություն: Քրիստինեն տվեց իր համաձայնությունը. մածունի հետ մեկ առ մեկ կուլ տվեց քառասուն ռետինե գնդիկները՝ մահացու պարունակությամբ: Վերջում՝ մի չափաբաժին էլ առանց ռետինե թաղանթի օգտագործեց: Ու ինքնաթիռ նստեց: Վերադառնում էր հայրենիք:
Մահվան եզրին
Երեւանում վայրէջք կատարեց համարյա անզգա վիճակում: Ինչպես անցավ մաքսակետը, ինչպես տաքսի նստեց ու տուն հասավ՝ մշուշոտ երազ էր թվում: Այնքան էր թմրել, որ ի վիճակի չէր անգամ անհրաժեշտ լուծողականը խմել՝ ռետինապատ «բեռից» ազատվելու համար: Այդպես էլ երեւի հրաժեշտ կտար կյանքին, եթե օպերատիվ տեղեկություններն իրացնող իրավապահները նրանց տուն չմտնեին:
Քրիստինեն ավելի վատացավ: Ոստիկանները նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժշկական անհապաղ ու զգույշ միջամտության շնորհիվ միայն հաջողվեց ստամոքսից դուրս կորզել ամբողջ սպանիչ «բեռը» ու մի կերպ փրկել նրա կյանքը:
Որպեսզի հանցավոր շղթայի հետեւյալ օղակը եւս ի հայտ գա, Քրիստինեն վերադարձվեց տուն: Հաջորդ օրը նրան զանգահարեց ոմն Վանուշ եւ ասաց, որ Ռաֆիկի ծանոթն է ու մի քիչ ապրանք պիտի գնի: Նա հանդիպեց Քրիստինեին: Ամբողջ ապրանքի գնորդը չէր, իր գումարի չափով էր գնում կատարելու: Ու հենց բանակցային փուլում էլ ոստիկանները նրանց բռնեցին:
Նրա «վաստակը»
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց եւ՛ Վանուշին, եւ՛ Քրիստինեին: Վերջինիս հանցավոր արարքները շատ ավելի ծանր էին. թմրանյութ իրացնելու, օգտագործելու եւ մաքսանենգության համար նա դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման ու 30.000 դրամ տուգանքի:
Քրիստինեն բողոքարկեց դատավճիռը՝ խնդրելով մեղմացնել պատիժը: Քանի որ առաջին ատյանի դատարանն արդեն իսկ նրան դատապարտել էր մեղսագրված հոդվածներով սահմանված՝ համարյա նվազագույն պատժի, Քրիստինեն խնդրում էր հաշվի առնել, որ առաջին անգամն է դատապարտվում, խնամքին երկու անչափահաս երեխա ու տարեց մայր ունի, անկեղծորեն զղջում է ու վատառողջ է. բոլոր այս հանգամանքների հիման վրա խնդրում էր նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել:
Քրեական վերաքննիչ դատարանը վերաքննեց գործը: Վերոնշյալ հանգամանքներն արդեն իսկ հաշվի էին առնված նախորդ դատական ատյանի կողմից: Կատարված ծանր հանցագործությունների համար օրենքը խիստ պատիժներ է նախատեսում: Քրիստինեի գործում ոչ մի այնպիսի բացառիկ հանգամանք չկար, որ հնարավորություն կտար նրա բողոքը բավարարելու: Սահմանված պատիժը՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումը, մնաց անփոփոխ:
Ամբաստանյալի տեղում նստած շիկահեր, բարետես, երիտասարդ կնոջ հայացքը միանգամից մարեց: Թմրանյութին գերի դարձած կինը համաձայն էր եղել մահացու չարիքը մահացու եղանակով Հայաստան հասցնելուն: Ինչքան էլ անկեղծորեն զղջար՝ կատարածի ծանրությունը չէր նվազում: Կալանավայրում Քրիստինեն հարկադիր կբուժվի թմրամոլությունից: