Վլադիմիր Մալյավին

25/05/2008

Ռ.Ժ. Ինչ-որ տեքստում ինձ ահա այսպիսի նախադասություն պատահեց. Վլադիմիր Մալյավինը ռուս է, ով արեւմտյան ուսում է ստացել, պրոֆեսիոնալ կերպով հետազոտում է Արեւելքը, երբեմն այցելում է Ռուսաստան: Ինչպե՞ս է գոյում այդպիսի տարօրինակ խառնածինը:

Վ.Մալյավին. Գրող մարդու առջեւ ընդհանրապես երկու ուղի կա: Կան գրողներ, ովքեր սիրում են իրենց «ես»-ի պատյանը, եւ նրանց համար գիրը եւ, ընդհանրապես, ողջ կյանքն իրեն արդարացնելու եւ պաշտպանելու միջոց է: Այդպիսի գրողները միշտ առույգ են, սթափ եւ ինքնավստահ-հեգնական: Եվ կան գրողներ, ովքեր հետաքրքրվում են հակասություններով, զանազան անհամապատասխանություններով իրենց կյանքում եւ նույնիսկ, կարելի է ասել, խոցված են այդ հակասություններով, տառապում են դրանցով: Նրանց տարերքն անքնությունն ու անհանգստությունն են, որոնք ներշնչում են անհասանելի Ուրիշի գոյությունը` ինձ ավելի հոգեհարազատ է երկրորդ տարբերակը, դրանում կա եւ հոգեկան անկեղծությունը, եւ նույնիսկ խիզախումը: Նիցշեն լավ է ասել, որ գրողը մարդ է, ով անիրագործելի խոստումներ է տալիս: Այդ դեպքում իր խոստումները գրողը կարող է հատուցել միայն կյանքով: Եվ նա պիտի ցույց տա այն տեղը, ուր, ինչպես սիրում էր կրկնել Բլոկը՝ «մարդն այրվել է»: Օտար մշակույթը միշտ թույն է: Սակայն թույնը, ինչպես հայտնի է, կարող է ապաքինել եւ կարող է սպանել: Հումանիտար ոլորտի գիտնականի համար օտար մշակույթների թույնը փորձելը ոչ միայն գիտական պարտականություն է, այլ նաեւ, ավելի ընդգրկուն իմաստով` հումանիտար, մանավանդ «համամարդկայնության» վիրուսով վարակված ռուս գիտնականի համար:

Ռ.Ժ. Ձեր կարծիքով, ամբողջականությունը մարդու մեջ կասկա՞ծ է հարուցում:

Վ.Մալյավին. Եթե այն օրգանական է եւ ոչ թե մտացածին, ապա իմ մեջ ոչ միայն հարգանք է ծնում, այլ նույնիսկ հիացմունք: Այդպիսին են տարատեսակ «ժողովրդական իմաստունները», որոնք շատ են աշխարհով մեկ, բայց ամենից շատ են Ռուսաստանում եւ Չինաստանում: Սակայն խորհրդածելը եւ գրելը ենթադրում են, երեւի թե, ինչ-որ ներքին դատ ինքդ քո հանդեպ: Միշտ օգտակար է «ցավով մտածելը» (Մորիս Բլանշոյի խոսքերը) կամ նույնիսկ «ընդդեմ քեզ մտածելը» (Էմիլ Սիորան): Լուրջ միտքը ինքնաժխտում է պահանջում: Այլապես, ինչպե՞ս կարելի է հասկանալ այլ մարդուն եւ, առավել եւս, այլ մշակութային ավանդույթը: Մեր անցյալը կամ օտար մշակույթները լոկ այնժամ են ողջ մեզ համար, երբ նրանք մեզ «չեն թողնում ապրել»:

Ռ.Ժ. Որքան ես գիտեմ, ժամանակի մեծ մասը դուք անցկացնում եք Թայվանում: Ասացեք խնդրեմ, որքանո՞վ է ձեզ համար ակտուալ Թայվանի քաղաքական ու մշակութային իրավիճակը:

Վ.Մալյավին. Թայվանը գեղեցիկ կղզի է, եւ թայվանցիները` հաճելի մարդիկ: Մեր թերթերում Չինաստանի իշխանությունների հաղորդմամբ՝ Թայվանը կոչում են «խռովարար կղզի», բայց դա բացարձակապես անարդարացի է ոչ միայն իրավաբանորեն, այլեւ պատմականորեն: Որպես պատմամշակութային միավոր, Թայվանը, իմ կարծիքով, հետաքրքիր է նրանով, որ երբեք հեղափոխություն չի տեսել, եւ ոչ էլ ռեֆորմատորական շարժումներ, եւ դրա հետ մեկտեղ՝ հեշտությամբ ցատկ արեց ավանդական դարաշրջանից դեպի էլեկտրոնայինը: Շատ կարճ ժամանակահատվածում նա չինական եւ ճապոնական կայսրությունների խուլ ծայրամասից դարձավ առաջադեմ, ծաղկող, ողջ աշխարհի հանդիման բաց երկրներից մեկը: Իմ թայվանյան հասակակիցների մեջ ես տեսնում եմ շատ արագորեն հարստացող մարդկանց. մանուկ հասակում նրանք լճակում լվացք են արել, իսկ այժմ բանկային հաշիվներում միլիոններ ունեն եւ շրջում են աշխարհով մեկ: Եվ դրա հետ մեկտեղ՝ թայվանցիները շատ բան են պահպանել հինավուրց բարքերից` հանդիսակարգով, առաքինությամբ, եղածով բավարարվելու իրենց ունակությամբ: Նրանց լեզուն այսօր արխաիզմների եւ ամերիկանիզմների ծիծաղաշարժ խառնուրդ է: Ինչը որ այնտեղ երբեք չի եղել, դա ինտելիգենտական սենտիմենտալությունն է, որով մինչեւ ուղնուծուծը ներծծված է ռուսական մշակույթը: Ռուս ինտելիգենտը, երեւի թե, այնտեղի կյանքը «անհոգի» կհամարեր, իսկ ես այնտեղ շատ իմաստուն բաներ եմ գտնում: Մի խոսքով, Թայվանը Հեռավորարեւելյան քաղաքակրթության առանձնահատուկ ճյուղն է, եւ այն հարկ էր մտցնել համաշխարհային մշակույթի Կարմիր գրքի մեջ:

Ռ.Ժ. Տեղի միջավայրն ազդո՞ւմ է Ձեր ապրելակերպի եւ մտածելակերպի վրա:

Վ.Մալյավին. Թայվանում հարմար է, նույնիսկ բարեհարմար է ապրելը: Իսկ ռուս մարդը բնազդաբար վախենում է հարմարավետությունից: Ահա եւ ստիպված ես լինում արտաքին խնդիրների բացակայությունը փոխարինել ներքին բախումներով: Եվ դա արդեն գրելու առիթ է: Անկախ քեզանից սկսում ես մտածել հաղորդակցման խեղաթյուրումների եւ տխրահռչակ «մշակույթների երկխոսության» մասին: Ռուսաստանում ճշմարտությունը (ճշտի առումով) միշտ ներկայանում է որպես անջրպետ եւ միաժամանակ՝ շփման պայման: Ռուսները հաճախ են վիճում եւ հազվադեպ են բանավիճում ըստ էության, բայց արտասովոր ընկալունակ են եւ հասկացող:

Թայվանցիների համար իրենց շփումներում ոչ մի կեղծավորություն չկա, առավել եւս՝ անհոգիություն: Պարզապես հարաբերությունների ձեւերն այստեղ մարմնավորում են բնական դրական զգացմունքները, այնինչ ժխտական կարգի ապրումները հարկ է ճնշել ու վերացնել, չէ՞ որ դրանք քո մեջ պահելը եւ, առավել եւս, այլոց վրա բարդելը ոչ միայն տխմարություն է, այլեւ՝ վտանգավոր եւ անարդյունավետ: Հեռավոր Արեւելքի երկրների հաջողությունները բացատրվում են հենց նրանց բնակիչների ներքին միասնականությամբ` ծիսականացված սոցիումի տարածության մեջ:

Ռ.Ժ. Դա մարդկանց լրիվ այլ տեսակ է:

Վ.Մալյավին. Հենց տեսակ, որում կարեւոր է կենաց բնազդը, կենդանական ուժը: Մշակույթն Արեւելքում իր ողջ նրբինությամբ հանդերձ՝ իրականում արմատավորված է բնազդում եւ օրգանապես միակցվում է նրա հետ: Բարոյականության եւ բնականության համապատասխանությունը` ահա արեւելյան իմաստնության ճշմարիտ գաղտնիքը: Եվ այդ ամենն՝ այն պատճառով, որ սրտերի հաղորդակցումը ներկայանում է որպես ամենայն հաղորդակցության սահման եւ մնում է ընկալման համար անհասանելի: Սիրտը չի խոսում, բայց «պերճախոս մնջում է»: Արտաբերած բառերի մնջանքը մարդկանց ամեն տեսակի հռչակագրերից եւ համոզմունքներից առավել է: Կառուցեք մշակույթն այդ ոգեղեն մնջանքի ուժագծերով, չհարցնելով՝ ինչո՞ւ եւ ինչի՞ համար: Քանզի մենք այստեղ վերադառնում ենք փորձի անմիջականությանը, մաքուր առօրեականությանը: Ահա թե ինչու հաղորդակցման ձեւերն արեւելյան սոցիումում չեն հակասում անհատի ներքին վիճակին, բայց եւ չեն վերացնում նրա ինքնավարությունը: Իր տեսակի մեջ շատ հարմար եւ յուրաքանչյուրի համար արդյունավետ «ազնիվ խաղի» դիրքորոշում էգ

Ռ.Ժ. Ձեր աշխատություններից մեկում դուք գրում եք, որ այժմեականությունը` ինքն իր դեմ ուղղված հեղափոխություն է: Ինչպիսին են, ձեր կարծիքով, հետեւանքները մշակույթի համար այն հեղափոխական շրջադարձում, որն իրագործվում է մարդասիրական ռացիոնալիզմից դեպի տեխնոկրատական աշխարհի կարգավորումը:

Վ.Մալյավին. Հետեւանքները շատ են. Ես այստեղ տեսնում եմ մարդկության բացարձակապես նոր դրաման, եթե դասական մոդեռնը մարդասիրությունից անմարդասիրական աշխարհ ստեղծեց, ապա այժմ մենք կանգնած հետապոկալիպտիկ աշխարհի հումանիզացիայի խնդրի առջեւ` ապակենտրոնացված աշխարհի առջեւ, եւ ըստ երեւույթին` արժեզրկված, գոյության տարատեսակ հատվածների վերածված, որտեղ անձնականը խառնված է տիեզերականին, կյանքն իր մեջ է ներառել մահը: Այժմ ապակենտրոնացած սուբյեկտը պետք է ապրեցնի անառարկայացած աշխարհը: Մենք պետք է հասկանանք, որ դա իր տեսակի մեջ լիովին մարդկային իրավիճակ է, ավելի ճիշտ` համամարդկային, որը ցուցանում է մարդկային գոյության հենց սահմանները: Իմիջիայլոց, դա քաջ ծանոթ է արեւելյան ավանդույթներին: Մարդկության այդ վիճակը գերազանցում է հասարակության բոլոր դրսեւորված, օբյեկտիվացված ձեւերը, եւ ներշնչում է մաքուր հաղորդակցման դեռեւս անհայտ, անիմանալի սոցիումի գաղափարը: Սիրողների խմբակցությունը. քանզի սերը կապի միակ ձեւն է, որը պետք է լինի բացարձակապես մտերմիկ, թաքնված, անանվանելի: Այդ դեպքում մեզ տրված կլինի տեսնել կրոնի ակունքը հենց արդի մարդու Աստծուց թողլքվածության փաստում: Իսկ չինացիներն այսպես կասեին. «Վիշապը ձեռք է բերում իր հզորությունն այն բանից, որ չունի մշտական ձեւ եւ, ընդ որում, թաքնվում է ամպերում»: «Ինտերնացիոնալում» այնքան էլ ճիշտ չի երգվում` դառնալ ամենքը ունակ է հենց նա, ով կարող է լինել ոչ ոք:

Ռ.Ժ. Դուք ինչ-որ առանձնահատուկ դեր այս իրավիճակում հատկացնո՞ւմ եք Ռուսաստանին:

Վ.Մալյավին. Իննսունականների սկզբներին աչքիս ընկավ մի հոդված` «Քաղաքակրթության ճգնաժա՞մը»: Ես այն ժամանակ ակամա մտածեցի, որ Ռուսաստանը քաղաքակրթության ճգնաժամ չէ, այլ՝ ճգնաժամի քաղաքակրթություն: «Ռուսսկի ժուռնալը», հիշում եմ, անցյալ տարի նիստ էր գումարել «Երբ կվերջանա անորոշ ժամանակաշրջանը Ռուսաստանում» թեմայով: Եվ դարձյալ պատասխանը լեզվիս ծայրին էր` «Երբեք չի վերջանա»: Անորոշ ժամանակ Ռուսաստանում ընդունված է համարել հեղափոխության եւ ռեֆորմների տարիները: Սակայն մի՞թե կոնսերվատիվ տիրակալների եւ «կայսրության փայլի»` Նիկոլայ I-ի, Ալեքսանդր III-ի կամ Ստալինի ժամանակը` այդպիսի աղոտ ժամանակ չէր, ինչ-որ ներքին անկարգավորության ժամանակ: Ռուսաստանը անհաշտ ուժերի բախման դաշտ է, նրա կոչումն է՝ մակաբերել հենց հաղորդակցման էությունը, կյանքի «պերճախոս համրությունը», կամ այլ կերպ ասած` համամարդկայնության էությունը: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ տեսանելին իրական չէ, իսկ իրականը` անտեսանելի է: Մենք բոլորս դեռեւս ուզում ենք ընդունել, որ ռուս լինելն ազգություն չէ, նույնիսկ ռուսերեն խոսելու ընդունակությունը չէ, այլ ճակատագիր է, կոչում, էքզիստենցիալ ընտրություն: Մեզանում տարօրինակորեն չկա խոսակցություն այդ թեմայի շուրջ: Փոխարենը շատ է բարբաջանքը «ազգային գաղափարի» եւ ինչ-որ սմքեցրած «համամարդկային արժեքների» մասին:

Ռ.Ժ. Դուք հայտնի եք որպես չինական մշակույթի մասին բազում գրքերի հեղինակ, իսկ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մի քանի ստվար գրքեր եք լույս ընծայել դասական չինագիտության թեմաներով: Ի՞նչն է Ձեզ ստիպում այդչափ լարված աշխատել:

Վ.Մալյավին. Ես տպագրել եմ դաոսիզմի հիմնական կանոնների նոր թարգմանությունները, ինչպես նաեւ՝ Չինաստանի ռազմական եւ քաղաքական տրակտատների կանոնները, կան նաեւ փիլիսոփայական արձակի թարգմանություններ` աֆորիզմների ժողովածուներ, էսսեներ արվեստի եւ սիրո մասին, եւ այլն: Ես այդ անում եմ, կներեք, պաթոսի համար, պրոֆեսիոնալ պարտքի զգացողությունից, ուզում եմ ռուս ընթերցողին տալ չին դասականների արժանահավատ թարգմանություններ այն պայմաններում, երբ ռուսական ակադեմիական գիտությունն արդեն մերձիմահ է:

«Դաո դե ցզինի» նոր թարգմանությունը նկատի է առնում այդ հուշարձանի վերջերս հայտնաբերված նոր ձեռագրերը: Կարեւորն այն է, որ աշխատանքը հին տեքստերի թարգմանության վրա նոր ըմբռնում է ծնում: Ահա ամենավառ օրինակը, հնագետների գյուտերի շնորհիվ հենց նույն «Դաո դե ցզինն» այժմ գոյություն ունի մի քանի զուգահեռ ձեռագրերով, որոնց տարընթերցումները հաճախ բացատրվում են միանման հնչող նշանների օգտագործմամբ: Ո՞րն է այդ ձեռագրերից ամենաարժանահավատը: Ավելի ուշ շրջանի հուշարձաններում այդպիսի հնարքը գիտակցաբար էր գործածվում, որի պատճառով էլ տեքստը վերածվում էր յուրօրինակ գաղտնագրության, այլաբանության, մեկնարվեստի: Այսպիսով, ընթերցումն ու ընկալումը ձեռք են բերում տարբեր սեմանտիկ շարքերի գաղտնի, ինտուիտիվ գիտակցում: Դաոսական նահապետ Լաո Ցզին դա անվանում էր բառերի «նախահայր», որին «մարդիկ անգիտակ են»: Ժամանակակից ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզն այդ առնչությամբ խոսում է իմաստների «մթին նախորդների» կամ` «սուբյեկտների» մասին: Այդ դեպքում կանոնի ընթերցումը «ցրման» կամ հաղթահարման գործողություն է:

Ռ.Ժ. Ահա մենք վերադառնում ենք իմ առաջին հարցին: Ստացվում է, որ օտար մշակույթի թույնն օգտակար է:

Վ.Մալյավին. Օգուտն ու վնասն իրերի մեջ չեն, այլ՝ հենց մեր: Ամեն ինչ օգտակար է նրան, ով յուրացրել է խոնարհության առաքինությունը: Չէ՞ որ հոգեւոր կերպարանափոխությունը, կրոնական «մտքի շրջադարձը» ամենից առաջ ինքնասահմանափակում են: Մշակույթը` մերը կամ օտարը, մեզ հնարավորություն է ընձեռում ինքնիրականացման համար, սակայն յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է իրեն: Ասված է. «Իմ հոր տանը բազում են կացարանները»: Այսօր, ինչպես երբեք, ունակ ենք գնահատելու այս խոսքերի ճշմարտացիությունը:

Ռ.Ժ. Եվ վերջում` Ձեր գործերից որո՞նք եք դուք համարում ամենից արժեքավոր:

Վ.Մալյավին. Ըստ տրամադրության՝ 1985-ի Չժուան Ցզիի մասին գիրքը, իսկ կոնցեպտուալ առումով` «Դաոյի մթնշաղը», որտեղ դիտարկված են մշակույթի սիմվոլիզմի բնույթը եւ նրա քայքայման համակարգը պատմության մեջ: Ամեն դեպքում, պատմաբանի գլխավոր պարտականությունը` ցուցանելն է մարդկանց, թե ինչից են նրանք զրկվել անցյալում: