Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի նախագահները նախօրեին ընդունված հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին՝ հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին պետությունների ղեկավարները հայտարարել են Ռիգայում կայացած քառակողմ հանդիպումից հետո: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ իրենք «լիակատար աջակցություն են հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ՝ կոչ են անում Ռուսաստանին՝ հարգել միջազգային նորմերը եւ խուսափել այնպիսի քայլերից, որոնք ապակայունացնում են Վրաստանի եւ տարածաշրջանի իրադրությունը»: Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի նախագահները նաեւ նշել են, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ազատ էին ու ժողովրդավարական, եւ շնորհավորել են նրան ընտրությունների արդյունքների առթիվ: Նրանք ընդգծել են, որ այսուհետեւ էլ մտադիր են աջակցել Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ում նրանց ընդունվելու ճանապարհին: