Երեկ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարզաբանել է, թե ինչու նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանում դուրս եկավ «Երկրապահ» կամավորականների միությունից: «Ես ԵԿՄ-ից դուրս չեմ եկել: Մենք ժամանակավոր դադարեցրել ենք մեր մասնակցությունը վարչությունում: Երեւի բանակում ծառայող սպայական կազմի, ղեկավար կազմի մեջ չկան ավելի շատ երկրապահների, մեր կռվող ազատամարտիկների մասին մտածող մարդիկ, քան այսօրվա ղեկավարությունն է: Մենք մեր մասնակցությունը դադարեցրել ենք, որովհետեւ այդ ժամանակ «Երկրապահի» շուրջը քաղաքական տարբեր քայլերի կատարման եւ այլ խոսակցություններ էին տարածվել, իսկ ԵԿՄ ղեկավարությունը համապատասխան որոշում չէր ընդունել»: Հարցին, թե դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԵԿՄ-ն Հայաստանի ղեկավարությանն այլեւս պետք չէ, Ս. Օհանյանը պատասխանել է. «Երկրապահ պետք է Հայաստանին: Ամբողջ հայ ժողովուրդը պետք է լինի ազատամարտիկ երկիրը պաշտպանելու համար»: