Երեկ մոտավորապես ժամը 15:00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի եւ Առաջադիմական կուսակցության նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանի միջեւ:
Վիճաբանության արդյունքում Միքայել Դանիելյանը հրազենային վնասվածք է ստացել: Չնայած դրան` վնասվածքը լուրջ չի եղել, եւ Միքայել Դանիելյանն ու Տիգրան Ուրիխանյանը տեղափոխվել են Կենտրոնի ոստիկանության բաժին:
Իսկ ի՞նչն է եղել պատճառը, որ նշված երկու անձինք վիճաբանություն են սկսել` բազմաթիվ մարդկանց աչքի առաջ, եւ նրանցից մեկն անգամ կրակել է մյուսին: Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ Միքայել Դանիելյանն ընկերների հետ տաքսի մեքենայից «իրենց անպարկեշտ էին պահում մեքենայի կողքից անցնող օրիորդների նկատմամբ», ինչը տեսնելով` ինքն ընդամենը ազդանշան է տվել: «Ինքը կանգնեցրեց իմ ծառայողական մեքենան, հարբած ու թմրադեղերի ազդեցության տակ մոտեցավ, չնայած դա թող էքսպերտիզան պարզաբանի: Սկսեց հայհոյել` բազմաթիվ վկաների ներկայությամբ: Նրա մոտենալուց հետո ես հանել եմ իմ օրինական զենքը ու «խոլոստոյ» գնդակով օդ եմ կրակել, ապա ոստիկանություն եմ կանչել»,- առանց ավելորդ համեստության՝ պատմում էր Տ. Ուրիխանյանը:
Վիճաբանության մյուս կողմը, սակայն, լրիվ հակառակն է պնդում: Մեզ չհաջողվեց անձամբ զրուցել Միքայել Դանիելյանի հետ: Սակայն մեր հարցերին պատասխանեց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության աշխատակից Արծրուն Բաբայանը, ով ներկա է եղել միջադեպին եւ Միքայել Դանիելյանի հետ գտնվել է միեւնույն ավտոմեքենայում: Հակառակ Տ. Ուրիխանյանի այն պնդմանը, թե Մ. Դանիելյանը եղել է հարբած վիճակում, անգամ` թմրադեղերի ազդեցության տակ, Արծրուն Բաբայանը նշեց, որ Մ. Դանիելյանը ոչ թե հարբած է եղել, այլ քիչ խմած, իսկ դրանք տարբեր բաներ են: «Հետո, ոչ ոք մարդուն չի արգելում իր իսկ ընդմիջման ժամին խմիչք օգտագործել: Եթե անգամ նա հարբած էլ լիներ, դա իրավունք չէր տալիս ուրիշներին հայհոյել, մեզ նման բաներ ասել կամ կրակել: Օրը ցերեկով մարդու վրա կրակում են, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա` նշելով, որ նախքան կրակելը Տիգրան Ուրիխանյանը, դիմելով իրենց, ասել է. «Հերիք ա, կյանքներս կերար, այ ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլների՞ն ես պաշտպանում»: Դրանից հետո, Ա. Բաբայանի հավաստմամբ, նա կրակել է Մ. Դանիելյանի կրծքավանդակին: Չնայած Տ. Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե մի անգամ օդ է կրակել, ապա` ոստիկանություն կանչել, Ա. Բաբայանը պնդում է, որ նա երկու անգամ է կրակել, նախ` Դանիելյանի կրծքավանդակին, ինչի արդյունքում վերջինս վնասվածք է ստացել, եւ երկրորդ անգամ` նոր միայն օդ է կրակել: «Ու եթե ինքը այդքան օրինապահ էր, թող դիմեր ոստիկանություն, ոչ թե նախ` հայհոյեր ու ինչ ասես չասեր, հետո էլ՝ կրակեր: Առաջինը հենց ես եմ զանգահարել ոստիկանություն ու շտապօգնություն»,- ասաց Ա. Բաբայանը` ներկայացնելով կատարվածի հետ կապված այլ մանրամասներ: «Մենք երեքով տաքսու մեջ էինք, նա մի քանի րոպե անդադար ազդանշան տվեց, հետո իջավ մեքենայից ու սկսեց հայհոյել, ասել, թե իբր հոմոսեքսուալիստների շահերն ենք պաշտպանում, ՑՌՈՒ-շնիկ ենք եւ այլն»: Իսկ ի պատասխան Տ. Ուրիխանյանի այն պնդմանը, թե Մ. Դանիելյանն ու իր ընկերներն իրենց անպարկեշտ էին պահում անցնող օրիորդների հանդեպ` «ձեռք էին գցում», Ա. Բաբայանը նշեց, որ նման բան տեղի չի ունեցել: «Ես չգիտեմ` ինքը որ երկրում է ապրում, բայց մենք ապրում ենք Հայաստանում, հարգում ենք բոլորին, եւ երբեք մեզ թույլ չէինք տա կողքից անցնող օրիորդներին վիրավորել: Եթե այդպես է` ինչո՞ւ չի գտնվել մի օրիորդ, որ ասի` իբր մենք նրանց վիրավորել ենք: Որովհետեւ նման բան չկա»,- ասաց նա: Ա. Բաբայանի հավաստմամբ` Միքայել Դանիելյանի առողջական վիճակը ներկայումս լավ է: Իսկ դեպքին, նրա խոսքերով, իրենք անպատճառ ընթացք տալու են: «Իհարկե, ընթացք տալու ենք, ինչո՞ւ չտանք: Մարդ օրը ցերեկով փողոցում իրեն թույլ է տալիս կրակել մարդու վրա, դեռ մենք չպիտի՞ ընթացք տանք, անպայման տալու ենք»,- հավաստիացրեց Ա. Բաբայանը:
Ի դեպ, միջադեպի առիթով Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին է այցելել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Քաղաքական եւ տնտեսական բաժնի աշխատակից Մարկո Վելիկոնյան: Նա հայտնել է, որ եկել է պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իրավապաշտպանի հետ, քանի որ իրենց ահազանգել են դեպքի կապակցությամբ: Պարոն Վելիկոնյան հրաժարվել է հարցերին պատասխանել, բացատրելով, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել, իսկ իր ներկայությունը բացատրել է ոչ թե Միքայել Դանիելյանի անձով, այլ այն փաստով, որ հարձակվել են իրավապաշտպանի վրա: Տեղի ունեցածի մասին Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունն ահազանգել է ՀՀ-ում բոլոր դեսպանություններին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: