Գործարք՝ Վենետիկի հանձնաժողովի հե՞տ

23/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւի պահանջներից ելնելով` մայիսի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմանը դեմ էր միայն «Ժառանգություն» խմբակցությունը:

Երեկ այս թեմայով մամուլի ասուլիս էին հրավիրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Վերջինի հավաստմամբ` իրենց ջանքերով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետեւելու է ԵԽ ԽՎ-ի կողմից առաջ քաշված բանաձեւի իրականացման ուղղությամբ իշխանությունների գործողություններին ու դրանց մասին իրազեկելու է հասարակությանը: Ա. Կոստանյանը կարեւորեց այն, թե ինչպես Հայաստանը կկատարի ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները, քանի որ դրանից ելնելով` վեհաժողովի հունիսյան նստաշրջանին է դրվելու Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը: «Հանրահավաքների, ցույցերի մասին օրենքն ընդունվեց առանց հասարակությանն իրազեկելու: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակն է՝ թույլ չտալ, որ հերթական իմիտացիան լինի այս բարեփոխումների վերաբերյալ: Անգամ միջազգային կառույցների կարծիքին կետ առ կետ անդրադառնալու ենք, քանի որ շատ անգամ եվրոպական փորձագետները վերլուծում են բարեփոխումները մեր երկրում զարգացած երկրների փորձի տեսանկյունից: Վենետիկի կարծիքը եւս թերություններ ունի, այն ենթադրում է մի բան, որ չի համապատասխանում Հայաստանի իրականությանը»,- ասաց նա` հավելելով, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրել է, թե Վենետիկի փորձագիտական հանձնաժողովը մայիսի 16-ին հրապարակած իր կարծիքում կողմ է օրենքում կատարված փոփոխություններին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ա. Կոստանյանն այստեղ երկու մտահոգիչ խնդիր է տեսնում` նախ ցույցերի համար քաղաքապետարան դիմելու եւ պատասխան ստանալու ժամկետը, որը դարձել է հինգ օր, եւ երկրորդը` հիմնավորված մերժումը: Նրա խոսքով` մեր իշխանությունները ցանկացած հանրային միջոցառում կապում են միայն ընդդիմության հետ, մինչդեռ միշտ չէ, որ դա այդպես է: Ինչ վերաբերում է ժամկետին, ապա Ա. Կոստանյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խումբը հույս է հայտնել, որ հանրահավաք անցկացնելու մասին դիմում ներկայացնողները, որոնց մերժել են, կարող են դիմել դատարան` բողոքարկելու որոշումը: Մինչդեռ նույն բանաձեւի 6.3 մասում հենց իրենք էլ գրում են, որ դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն: «Այսինքն, նրանք կարծում են, որ դատարանները, չլինելով անկախ, կարող են մեր օգտին որոշո՞ւմ կայացնել»,- հարցրեց Ա. Կոստանյանը:

Արթուր Սաքունցի խոսքերով էլ` ԵԽ ԽՎ ընդունած բոլոր որոշումները պետք է դիտարկել իբրեւ պահանջ ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ քաղաքացիների առջեւ: Եվ այս առումով մեկուսի որոշումներ ընդունելը, ըստ նրա, ժողովրդական սկզբունքների կոպիտ ոտնահարում է: Նրա կարծիքով` ինքնաբուխ հավաքների համար վեց ժամ ժամկետ սահմանելը ժողովրդավարության սկզբունքներից չի բխում: «Իմ կարծիքով` ժողովրդավարական հասարակության պայմաններում ազատության աստիճանը շատ ավելի մեծ պիտի լինի, քան սահմանափակումները»,- ասաց նա` հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից նման ոչ համարժեք մոտեցումը գործարք է ռեժիմի հետ եւ նպաստում է մարդու իրավունքների խախտմանը`արդեն իրավական մակարդակով: Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ արտակարգ դրության պայմաններում արտահերթ նիստով մարտի 17-ին ընդունված այս օրենքն ուներ ցույցերն արգելելու առաքելություն։ «Ինչպես ասում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` մենք կարող ենք յոթ րոպեի ընթացքում հրավիրել արտահերթ նիստ ու ընդունել ցանկացած օրենք: Նույն ռեժիմով ընդունվեց այս օրենքը, որը մարդու իրավունքները սահմանափակում էր. այն պիտի օրինական ուժ ստանար ընդունվելուց հետո մինչեւ 20 օրվա ընթացքում, մինդեռ ստացավ անմիջապես հրապարակումից հետո: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ փորձագետների կողմից փաստաթուղթ ընդունվեց, ոը սուր քննադատում էր այդ փոփոխությունները»,-ասաց նա` ավելացնելով, որ հանրահավաքների, ցույցերի մասին օրենքը պետք է քննարկվեր փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո միայն: Մինչդեռ ԱԺ-ն այն քննարկել է` առանց ունենալու փորձագետների կարծիքը: «Քննարկումից հետո մենք ստացել ենք մեկ փորձագետի կարծիք: ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԵԱՀԿ փորձագետների կարծիքներ են ստացվել, որոնք կդրվեն ԱԺ կայքում, բայց մինչ օրս դրանք չկան»,- ասաց նա: Պատգամավորի խոսքերով` ԵԽ ԽՎ բանաձեւում հստակ նշված է, որ օրենքը պետք է նախկին տեսքի բերվի: Մինչդեռ այս դեպքում օրենքի դրույթները, ըստ նրա, հանգեցնելու են չարաշահումների. «Այս օրենքով եւս մեկ անգամ հետաձգվում է հանրահավաքներ անցկացնելու մեր իրավունքը»,- ասաց նա` հավաստիացնելով, որ «Ժառանգությունն» անպայման օրենքը նախկին տեսքին բերելու պահանջ է ներկայացնելու: