Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մինսկ` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ըստ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նիստում կքննարկվեն շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման, համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ոլորտում առաջարկությունների եւ ԱՊՀ երկրների պարենային անվտանգության բարձրացման համատեղ համալիր միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 22-ի նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, աշխատավոր-միգրանտների ու նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, մաքսային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության, ֆինանսական, կազմակերպչական հարցեր: